Ձեռագիր, ոճ և տեսակ. «Vahan Khachatryan. Atelier Haute Couture»-ը ներկայացրեց իր հագուստները (լուսանկարներ)
Առնո Բաբաջանյան համերգասրահում այսօր տեղի ունեցավ հագուստի դիզայներ-մոդելավորող, «Վահան Խաչատրյան բարձր նորաձևության կենտրոնի» («Vahan Khachatryan. Atelier Haute Couture») հիմնադիր Վահան Խաչատրյանի հագուստների ցուցադրությունը: Հիշեցնենք, որ Վ. Խաչատրյանը սովորել է Ֆլորենցիայի «Ակադեմիա Իտալիանո» մասնավոր նորաձևության դպրոցում, որն Իտալիայում մեծ հեղինակություն է վայելում և համարվում է լավագույն դպրոցներից մեկը:
Վ. Խաչատրյանը 2011թ. Ակադեմիան ավարտելուց անմիջապես հետո Միլանում աշխատել էր «Dolce & Gabbana» նորաձևության կենտրոնում: Աշխարհահռչակ նորաձևության կենտրոնում նա կարողացել էր իր ինքնատիպ ոճը հաստատել, և նրա ստեղծած հագուստներն այսօր ներկայացնում են հանրաճանաչ բրենդի վերջին շրջանի լավագույն նմուշները՝ ժանյակազարդ, նրբագործ և ծաղկավոր-նկարազարդ հավաքածուն: Կնքված մեկ տարվա պայմանագրային ժամկետը լրանալուց հետո «Dolce & Gabbana» նորաձևության կենտրոնը Վ. Խաչատրյանին առաջարկել էր ևս 5 տարվա աշխատանքային պայմանագիր կնքել, սակայն մոդելավորողն առաջարկը մերժել էր՝ որոշելով ինքնուրույն շարունակել և ներկայացնել իր նախագծերը:
Դիզայները ցուցադրությունը կազմակերպել էր հետաքրքիր ոճով. հագուստները ներկայացնում էին նաև Հայաստանի տարբեր տարիների «Միսս»-երը՝ Անգելինա Բաբաջանյանը, Գոհար Հարությունյանը, Իրինա Թովմասյանը, և բոլորը՝ իրենց երեխաների հետ: Ցուցադրության առաջին և վերջին՝ հարսանյաց զգեստը ներկայացրեց «Միսս Հայաստան-2003» և «Վիցե միսս Եվրոպա-2005» Լուսինե Թովմասյանը, ով Վ. Խաչատրյանի ստեղծած հիմնական հագուստները ներկայացնող մոդելն է:
Ներկայացված էին մի քանի տասնյակ աշխատանքներ՝ նրբագեղ և ձեռագործ, կանացի ողջ հմայքն արտահայտող հագուստներ: Այս ցուցադրության շնորհիվ նաև ընդգծվեց Վահան Խաչատրյանի ձեռագրի գերիշխող ներկայությունը «Dolce & Gabbana» նորաձևության կենտրոնի 2012-2013թթ. աշխատանքներում: Կարելի է ասել, որ Հայաստանում առաջին անգամն է որևէ դիզայներ, մոդելավորող ներկայանում նմանօրինակ շքեղ և աշխատատար հավաքածուով: Հավաքածու, որը վստահաբար կարող է ներկայանալ միջազգային որևէ հարթակում՝ թե՛ կատարողականությամբ, թե՛ գեղագիտական իր գաղափարներով:
Լուսանկարները՝ Սերժ Դավիդովի