Ռեկորդակիր կառավարություն
Տնտեսական կյանքի ամենահետաքրքիր թեման շարունակում է մնալ գազի սակագնի բարձրացումը: Նույնիսկ Հանրային խորհուրդը ներքաշվեց այս պատմության մեջ: Դեպքերն իսկապես հետաքրքիր են զարգանում: Սկզբում «ՀայՌուսգազարդը» պաշտոնական տեղեկատվություն տարածեց, որ դիմել է Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողով: Հանձնաժողովը դեռ չէր հասցրել ծպտուն հանել, ՀՀ կառավարությունը միանգամից հայտարարեց, որ համաձայն է այդ առաջարկի հետ:
Հայտարարեց ու ավելացրեց, որ կսուբսիդավորի սակագնի ավելացման 30 տոկոսի չափով: Թե՛ բնակչության, թե՛ տնտեսվարողների համար: Առավել աղքատ ընտանիքներին նույնիսկ ավելի մեծ խոստումներ տրվեցին: Հետո դեպքերն ավելի դեդեկտիվ բնույթ ստացան: Հասարակության ժամանակակից հատվածը` սոցցանցերում, իսկ ավանդապաշտ հատվածը` փողոցներում սակագնի վերանայման դեմ շարժում սկսեց:
Բայց անակնկալ Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովի անդամներից մեկը հայտարարեց, որ գազի իրենց հաստատելիք սակագինը շատ ավելի «համեստ» է լինելու: Ասաց ու նույնքան անակնկալ ավելացրեց, որ հանձնաժողովում նախատեսում են 8 դրամով ավելացնել էլեկտրաէներգիայի սակագինը: Չնայած, որ ՀԷՑ-ը դեռ նման դիմում չի ներկայացրել: Այս լրացումն ամեն ինչ իր տեղը գցեց:
Գազը սպասվածից էժան կլինի, իսկ էլեկտրաէներգիան անսպասելի շատ կթանկանա: Ասել, որ «Ինչո՞ւ կառավարությունը միանգամից համաձայնեց սակագների բարձրացմանը» հարցն անբացատրելի է՝ ակնհայտ չափազանցություն կլինի: Նախ` մեր ոչ մի կառավարություն երբեք դեմ չի եղել սակագների բարձրացմանը: Որովհետև սակագնային ցանկացած աճ դրախտային պայմաններ է ստեղծում կառավարության համար: 2012թ. համար կառավարությունը բյուջեի մասին օրենքով մոտ վեց տոկոսանոց աճ է խոստացել: Այդ աճն ապահովելու համար, հարկավ, լուրջ աշխատանք էր պետք կատարել: Մինչդեռ սակագների աճը մինչև տարեվերջ մակրոտնտեսական աճի շատ ավելի լուրջ թվեր կապահովի:
Կապահովի՝ առանց ջան ու ջանքի: Հիմա արդեն դժվար չէ պատկերացնել, թե մեր վարչապետն ինչ հաճույքով է տարեվերջին խոսելու ՀՆԱ-ի ու տնտեսական աննախադեպ աճի մասին: Բոլոր մակրոտնտեսական ցուցանիշներով 2013թ. կառավարությունը ռեկորդակիր կդառնա: Ահա թե ինչու էր կառավարությունն իր վրա վերցրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի գործառույթն ու ժամանակից շուտ համաձայնում սակագնի աճի հետ: Հավանաբար քչերն են վստահ, որ «դե յուրե» անկախ այդ հանձնաժողովը կկարողանա «դե ֆակտո» անկախ լինել ու ձախողել տնտեսական աճի մասին կառավարության «պլանները»:
Մինչդեռ իրականում Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովի իրական անկախությունն ահագին կբարդացներ կառավարության կյանքը: Գործող տնտեսական օրենսդրության պարագայում մեր կառավարությունը մշտապես շահագրգռված է ցանկացած սակագնի աճով: Յուրաքանչյուր տարի՝ աշնանը խորհրդարանում քննարկվում է հաջորդ տարվա բյուջեն: Հենց այս կամ այն ոլորտի ֆինանսավորման չափից դժգոհող պատգամավորներն առաջարկում են ավելացնել ֆինանսավորման չափը, կառավարության պատասխանը մեկն է:
Կառավարությունը միշտ պահանջում է նշել, թե որ ոլորտից կտրեն ու մատնանշվող ոլորտ ուղղեն առաջարկվող մեկ-երկու մլրդ դրամը: Որպես կանոն` պատգամավորներն ըմբռնումով են մոտենում այս «հնարքին»: Իսկապես բանական մարդու համար դժվար է պահանջել, որ կենսաթոշակների բարձրացման համար կրճատվեն առողջապահության կամ կրթության ծախսերը: «Որտեղի՞ց գտնել լրացուցիչ մուտքեր բյուջեի համար» հարցի պատասխանը վաղուց կառավարությունն ունի:
20 տոկոսանոց ԱԱՀ կոչվածը վաղուց ու լուրջ միջոցներ է ապահովում: Յուրատեսակ «անաշխատ» միջոցներ կառավարության համար: Կառավարությունն, օրինակ, Հարկային կամ Մաքսային վարչությունից չի կարող պահանջել նախատեսվածից մեկ-երկու մլրդ դրամ ավելի մուտք անել բյուջե:
Այդ դեպքում անհրաժեշտ կլինի լրջորեն ուսումնասիրել տնտեսությունը: Բացահայտել, թե որ ոլորտներն են, որ թերհարկվել են մինչ այդ: Փորձել հարկել դրանք, եթե, իհարկե, ստացվի (որովհետև բոլորը գիտեն, թե ում են պատկանում թերհարկվող ոլորտները), և այլ նման բաներ:
Իսկ 2013-ին միայն կես տարվա ընթացքում էլեկտրաէներգիայի սակագնի աճը բյուջեի համար մի քանի մլրդ դրամ «անաշխատ» եկամուտ կապահովի: 2012թ. ՀՀ-ում պաշտոնապես արտադրվել է 8 մլրդ կվտ/ժամ էլեկտրաէներգիա:
Բարդ չէ հաշվարկել, որ յուրաքանչյուր կվտ/ժամ հոսանքի համար ութ դրամ ավելացումն առնվազն միայն ԱԱՀ-ի տեսքով լրացուցիչ 2,5-3 մլրդ դրամ կապահովի պետբյուջե: Այսինքն` սակագնի ամեն բարձրացում հնարավորություն է տալիս առանց ջանք գործադրելու կատարել պետբյուջեն: Ոչ թե տնտեսվարման մեթոդների կատարելագործման և գործադիր իշխանությունների աշխատանքի արդյունավետության բարձրացման հաշվին, այլ տնտեսվարողների վրա լրացուցիչ հարկեր բարդելու և բնակչության աղքատացման հաշվին: Այդ դեպքում անհասկանալի են դառնում աղքատության դեմ պայքարի` կառավարության ծրագրային խոստումները: Դրան հին հույները «Սիզիփոսյան աշխատանք» էին անվանում: Բայց դե Սիզիփոսն էլ քար գլորելու գործով ամենահանրահայտ ռեկորդակիրն է:
«168 ԺԱՄ»