Լյուդմիլա Սարգսյան. Սա շուլերություն, թղթաախաղ չէ, որ խորամանկես ու վերջում շահես
168.am-ի հետ զրույցում ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը` պատասխանելով հարցին, թե համամի՞տ եք հնչող տեսակետներին, թե գազի սակագնի թանկացումը «շանտաժ է»՝ Եվրասիական միությանը Հայաստանի հնարավոր անդամագրվելու հեռանկարից խուսափելու համար, ասաց. «Չեմ բացառում: Բայց մեղքը Ռուսաստանինը չէ: Պետք չէ տալ խոստումներ, որոնք կատարել չես կարող: Նախ պետք էր կարաղանալ գործընկերային հարաբերություններ ստեղծել, ապա ակնկալել, որ որպես գործընկեր կարող ես երկրի խնդիրները ներկայացնել, չտալ խոստումներ, որոնք իրագործելի չեն: Սա շուլերություն, թղթաախաղ չէ, որ խորամանկես ու վերջում շահես: Սրանք աշխարհաքաղաքական լուրջ հարաբերություններ են, և եթե խոստանում ես մի բան, որն անել չես կարող` արդյունքը սա է, տուժում է երկիրը»:
Լ. Սարգսյանը միաժամանակ նշեց, թե ինքը հակված չէ մտածելու, որ խաղալ պետք չէ` պարզապես, ըստ նրա՝ Հայաստանը պետք է ազնիվ խաղա: Նրա դիտարկմամբ՝ խնդիրների հիմքը իշխանության օրինականությունն է, որի բացակայության պարագայում «ոչ ոք քեզ հետ հաշվի չի նստի»: Նրա կարծիքով, երբ Հայաստանն ունենա ժողովրդի քվեով ընտրված իշխանություն, գերտերությունները հաշվի կնստեն Հայաստանի հետ, որովհետև թիկունքում մեր պետությունը կունենա ժողովրդի ազնիվ աջակցությունը: