Բաժիններ՝

Գյուղացիությունն, ազատազրկվելու փոխարեն, որոշել է ազատագրվել… Հայաստանից

Իշխանությանը, թերևս, հաջողվեց հաղթանակ գրանցել հայ գյուղացիության նկատմամբ. Վաղը՝ մայիսի 28-ին, գյուղացիությունը չի փակի դեպի Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր տանող  ճանապարհը, գյուղացի կանայք և տղամարդիկ իրենց լացուկոծով ու երեխաների սոված լինելու մասին բողոքով չեն փչացնի Անկախության տոնը, որը վաղը տոնվելու է Սարդարապատում:

Հնարավոր է՝ առանձին գյուղացիներ փորձեն անհատապես մոտենալ նախագահ Սերժ Սարգսյանին, բայց նման դեպքերի համար կա ուժեղացված անվտանգության ծառայություն, որը վաղն ավելի զգոն կլինի:

Այն, ինչ իշխանությանը չհաջողվեց խոստումներով, քանի որ գյուղացիները չհավատացին դրանց, հաջողվեց Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, ով սպառնաց պատասխանատվության ենթարկել կարկտահարությունից տուժած գյուղացիությանը:
Գյուղացիությունը այնքան էլ միամիտ չէ, որ վտանգի իր ազատությունը: Եթե չեն ուզում մեզ օգնել, եթե ուզում են մեզ գաղութ ուղարկել՝ մեր բողոքից ազատվելու համար, մենք նրանց ընդհանրապես կազատենք մեր ներկայությունից և այլևս գլխացավ չենք դառնա հայրենի իշխանությունների համար:

Ընդհանուր առմամբ, այսպես է մտածում հայ գյուղացիությունը: Արմավիրի մարզի՝ կարկտահարությունից տուժած գյուղերում հիմա միակ խոսակցության թեման Հայաստանից շուտափույթ հեռանալն է: Հեռանալ որքան հնարավոր է՝ շուտ, քանի որ ժամանակն աշխատում է գյուղացիության դեմ: Այդ դեպքում նրանք կազատվեն և՛ հողի, և՛ ջրի վարձերից, և՛ վարկերից ու պարտքերից: Մի խոսքով, գյուղացիությունը կալանավորվելու փոխարեն՝ նախընտրում է ազատագրվելը:

Ի դեպ, արտագաղթը երկուստեք ընդունելի լուծում է. գյուղացիությունն ազատվում է սովամահ լինելու հեռանկարից, հայրենի իշխանությունը՝ գյուղացիության բողոքը լսելու գլխացավից: Համաձայնեք, որ հայ գյուղացուց հայ իշխանավորն այնքան էլ մեծ օգուտ չունի: Մի փոքր քիչ պարարտանյութ, դիզվառելիք ու թունաքիմիկատ կվաճառվի, բայց այդ եկամուտը չնչին է այն գլխացավի հետ համեմատած,  որ իշխանությունը ստիպված է ունենալ գյուղացիության պատճառով: Մեկ երաշտ է, մեկ կարկտահարություն, մեկ բերքը չի վաճառվում:

Բացի այդ, կավելանան երկիր մտնող տրանսֆերները, և Հայաստանը ծրագրավորված 5-7 տոկոս աճի փոխարեն՝ կունենա տարեկան 8-10 տոկոս և գուցե ավելի աճ: Ինչպես տեսնում եք, ամեն ինչ այնքան էլ վատ չէ, ինչպես կարելի էր պատկերացնել, պետք է միայն տեղի ունեցածին նայել այլ տեսանկյունից, ավելի լավատեսական հայացքով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս