Բաժիններ՝

Գովազդը պետք է համապատասխանի օրենսդրության և ոլորտը կարգավորող Երևանի ավագանու որոշումների պահանջներին .

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանն ու Լեզվի պետական տեսչության վարչական իրավախախտումների բաժնի պետ Լիլիթ Հարությունյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել են մայրաքաղաքում առկա և գովազդի ու լեզվի մասին օրենքների պահանջներին հակասող գովազդների շտկման ուղղությամբ ձեռնարկվելիք միջոցառումները:

Արտաքին ձեւավորման եւ գովազդի վարչության պետը տեղեկացրել է, տնտեսվարողների կողմից շենքերի ճակատային հատվածներում փակցված գովազդային պաստառները, ինչպես նաև գովազդային վահանակները, պետք է համապատասխանեն «Գովազդի մասին» ՀՀ օրենքին և Երևանի ավագանու ոլորտը կարգավորող որոշումներին: Այդ նպատակով քաղաքապետարանի կողմից մայրաքաղաքի բոլոր տնտեսվարողներին ուղարկվել են ծանուցումներ՝ օրենքը խախտող գովազդներն ապամոնտաժելու կամ օրենքին համապատասխանեցնելու պահանջով: Թերությունների վերացման վերջնաժամկետ սահմանվել է մայիսի 29-ը:

Այդ դեպքում տնտեսվարողները կխուսափեն վարչական պատասխանատվությունից: Արազ Բաղդասարյանն ընդգծել է, որ տնտեսվարողներին կտրվի  անվճար մասնագիտական խորհրդատվություն: Դիզայներական ծառայությունները ևս, ի դեպ, կմատուցվեն անվճար:

«Համատեղ այս աշխատանքի շնորհիվ մենք ոչ միայն քաղաքի ճարտարապետական տեսքի հետ կապված խնդիր ենք լուծում, այլև համապատասխանեցնում ենք տեղադրված գովազդները օրենքի պահանջներին: Շրջայցերի արդյունքում կգույքագրենք թերություններն, ու կկազմվեն համապատասխան վարչական արձանագրություններ: Ըստ օրենքի՝ գրվածքները ոչ միայն պետք լինեն հայերենով, այլև դրանք իրենց տառաչափով, դիրքով ևս պետք է չզիջեն օտարալեզվին»,- նշել է արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետը:

Անդրադառնալով հարցին՝ Լիլիթ Հարությունյանը նշել է, որ համագործակցության հիմնական նպատակը ՀՀ պետական լեզուն՝  հայերենը, կյանքի բոլոր ոլորտներում, այդ թվում՝ գովազդների դեպքում ևս կիրառելի դարձնելն է:

«Վստահ եմ, որ քաղաքապետարանի հետ համագործակցությունը կլինի արդյունավետ և տեսանելի: Համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում հնարավոր կլինի քայլ առ քայլ այս խնդրին վերջնական լուծում տալ»,- նշել է լեզվի պետական տեսչության վարչական իրավախախտումների բաժնի պետը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս