Նորածնի դաժան սպանության գործը դատարանում է
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում վարույթ է ընդունվել ծննդաբերությունից հետո նորածնին ժամեր անց դաժանորեն սպանելու մեջ մեղադրվող մոր գործը:
Դեպքը տեղի է ունեցել 2013 թվականի մարտի 10-ին: Նարինեն (անունը փոխված է) 2012թ հունիս-հուլիս ամիսների ընթացքում սեռական հարաբերություն ունենալով ոմն Արտակի հետ հղիացել է, չնայած այն հանգամանքին, որ վերջինս ամուսնացած է եղել և ունեցել է 2 անչափահաս երեխա:
2013 թվականի մարտի 10-ին ժամը 22:25-ին Նարինեն «Աբովյանի ծննդատուն» ՓԲԸ-ում ծննդաբերել է արական սեռի երեխա, որից հետո 2 ժամ անց տեղափոխվել է թիվ 9 հիվանդասենյակ երեխայի հետ համատեղ կացության համար: Ըստ մեղադրանքի, քանի որ հղիացել էր արտաամուսնական հարաբերությունների արդյունքում և երեխան եղել է անցանկալի, ծննդաբերելուց հետո անմիջապես նրա մոտ մտադրություն է առաջացել սպանել նորածին երեխային: Անկողնու ծածկոցով փակել է նորածնի բերանը, այնուհետև ձեռքերով սեղմել նրա դեմքը, որից հետո ձեռքով անկողնու վրայից հրել է նորածնին և վերջինս գլուխը հարվածելով անմիջապես անկողնու կողքին դրված պահարանին` դեմքի մասով ընկել է հատակին, ինչի հետևանքով նորածին երեխան ստացել է մարմնական վնասվածքներ և մահացել:
Սեփական երեխային դաժանորեն սպանած մայրը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 106-րդ հոդվածով (Մոր կողմից նորածին երեխայի սպանությունը), նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: