Ծրագիրը ծրագիր չէ
Կառավարության նոր ծրագիրը Հայ Յեղափոխական Դաշնակցություն խմբակցության գնահատմամբ ծրագիր չէ, այլ լավագույն դեպքում՝ հռչակագիր, որը պարունակում է մշուշոտ տեսլականներ: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: «Այս փաստաթղթով իշխանությունը նսեմացնում է նրա թե՛ Սահմանադրական, թե՛ իրավական նշանակությունը»,- նշեց նա: Ա. Մինասյանի խոսքով՝ նոր ծրագիրը «անորոշ» ձևակերպումներ ունի՝ առանց կոնկրետ ցուցանիշների, ինչը դառնում է անվերահսկելիության պատճառ: ՀՅԴ պատգամավորը շեշտեց, որ ինչպես նախորդ տարիներին, Կառավարության այս տարվա ծրագիրը շարունակում է այդ արատավոր երևույթները, ինչին մի օր, նրա պնդմամբ, պետք է վերջ տալ՝ թափանցիկ հաշվետետվության համար: Նա նշեց, որ իրենք դեմ են քվեարկել այն պատճառով նաև, որ մի շարք խնդիրներ ներկայացված չեն ՝ ինչպես նոր ատոմակայանի կառուցման, գազատրանսպորտային համակարգի, էներգետիկ անվտանգության, բալանսավորման, ազգային փոխադրողի հարցերը: Իսկ եթե այս ամենին էլ գումարենք գյուղատնտեսության ոլորտում ստեղծված ծանր վիճակն ու գազի գնի, էլեկտրաէնեգիայի թանկացումը, նրա խոսքով, ավելի պատկերավոր է դառնում, որ իշխանությունը ունակ չէ իրականացնելու լուրջ բարեփոխումներ:
Հարցին, թե վարչապետը նշեց, որ մտքի հեղափոխություն է տեղի ունեցել այս երկու օրերի ընթացքում, Ա. Մինասյանը նկատեց. «Չգիտեմ՝ ի՞նչ նկատի ուներ նա մտածողության հեղափոխություն ասելով: Եթե մտքի հեղափոխությունը դա է, որ որ ընդդիմությունը քննադատում է հիմնավորված, իշխանությունը պաշտպանվում է վիրավորելով, պիտակավորելով, մեզ նման հեղափոխությունը պետք չէ: Առաջին հերթին իշխանությունը վերից վար պետք է պատրաստ լինի, որ կարող է զրկվել իշխանությունից, բայց հիմա կարծրանում է անհանդուրժողականությունը, «ամեն ինչ հաղթողին» բանաձևը, անպատասխանատվությունը, իշխանության պատկերացումներն էլ ցինիզմի են նման: Մտքի հեղափոխություն արտահայտությունը օգտագործվում է՝ քողարկելու համար իրենց գործունեությունը և ինձ իշեցնում է Րաֆֆու ստեղծագործության հերոսին՝ արտաքնապես սրբազան, բարեկիրթ, պատրաստակամ, բայց խորքում՝ հանցավոր գործողությունների պատրաստ»: