
Ավտովթար Իսակովի պողոտայում. Վթարից հետո փորձել են փոխել վարորդին ու փախցնել ավտոմեքենան (լուսանկարներ)

Այսօր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում, Reno Megan մակնիշի 33 ՍR 530 համարանիշի վարորդը, Իսակովի պողոտայում՝ SPS բենզալցակայանի դիմաց դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել է ծառին: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ուղևոր, 28 ամյա Ռուզաննա Սարգսյանը բուժօգնություն ստանալու նպատակով դիմել է Մալաթիա բժշկական կենտրոն:
Նշվում է, որ մինչ ճանապարհային ոստիկանության ժամանելը, վթարի վայրից ինչ-որ անձինք փորձել են քարշակի միջոցով ավտոմեքենան տեղափոխել ու մեքենայի վրայից հանել են համարանիշները:
Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի ահազանգով վթարի վայր է ժամանել ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Կարեն Գրիգորյանը, ում վթարի վայրում ինչ-որ անձինք ներկայացրել են մեկ քաղաքացու և հայտարարել են, թե իբր մեքենան վարել է նա:
Տեղում Գրիգորյանը պարզել է, որ ավտոմեքենան վարել է Անդրանիկ անունով մի երիտասարդ ում մարմնական վնասվածքներով տեղափոխել են էրեբունի բժշկական կենտրոն, սակայն հիվանդանոցում նա ստել է թե փոսն ընկնելու հետևանքով է վնասվածքներ ստացել և բժիշկներին հայտնել է, որ բուժումը ցանկանում է ստանալ տնային պայմաններում:
Պարզվել է, որ նա Արաբկիր վարչական շրջանի բնակիչ է, իսկ հիվանդանոցից ֆոտոլրագրողին հայտնել են, որ նա գտնվում էր ոչ սթափ վիճակում: Վթարի վայր ժամանած մի քանի անձինք քննիչին համոզել են, որպեսզի ավտոմեքենան չտեղափոխվի ՃՈ հատուկ պահպանվող տարածք և վթարն էլ չձևակերպվի:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի պատճառը եղել է վարորդի կողմից արագության գերազանցումն ու անվահեծանի կոտրվելը: