
Ջոն Հեֆերն. Կարծում եմ՝ «Կարֆուրը» Հայաստանում բացվելու է. մամուլ

«Հայկական Ժամանակ» օրաթերթը գրում է. «Երեկ մեր թղթակիցը Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնին հարցրել է, թե ինչով է պայմանավորված նրա այն մտահոգությունը, որ «Կարֆուրը» Հայաստանում կարող է չբացվել:
«Կարծում եմ՝ «Կարֆուրը» Հայաստանում բացվելու է: Ես այդ հարցում ներգրավված չեմ, ինձ հասած տեղեկություններով՝ տարեվերջին այն կբացվի Հայաստանում: Ֆրանսիայի դեսպանին հարցրեք այդ մասին»,- ասել է դեսպան Հեֆերնը:
Մեր թղթակցի այն հարցին էլ, թե՝ մեր երկրի և Արևմուտքի փոխհարաբերությունների վրա ի՞նչ հետևանք կունենա Հայաստանի անդամակցությունը Եվրազեսին, դուք այդ տարբերակը քննարկե՞լ եք, ԱՄՆ դեսպանը պատասխանել է. «Հայաստանը ԵՄ-ի հետ լավ աշխատում է, մենք օժանդակում ենք այդ աշխատանքներին: Հայաստանն ինքը պետք է իր որոշումները կայացնի, պետք է կարողանա հավասարակշռել այդ հարաբերությունները»»: