Բաժիններ՝

Դերենիկ Դումանյա՞նն է որոշում, թե որտեղ պետք է ծննդաբերեն կանայք

Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի հրամանով մայիսի 1-ից ծննդօգնության հավաստագրերը տեղայնացվել են: Դա նշանակում է, որ յուրաքանչյուր կին անվճար կարող է ծննդաբերել միայն այնտեղ, որտեղ ինքը բնակվում է: Այլ վայրում ծննդաբերելու դեպքում՝ նա պետք է 107.000 դրամ վճարի: ՀՀ առողջապահության նախարարության մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանի խոսքով՝  որոշման հիմնական նպատակը մարզերի ծննդօգնության հիմնարկներին ուղարկվող ֆինանսական միջոցների ապահովումն է. «Նպատակներից է կանանց բավարարվածության բարձրացումը, բուժպօգնության ֆիզիկական մատչելիության բարձրացումն է և բուժօգնության շարունակականության ապահովումը:

Սա նշանակում է, որ հղի կանայք վերցվում են նախածննդյան հսկողության՝ ըստ բնակության վայրի: Եթե կինը 9 ամիս շարունակ հսկվել է տեղամասային մանկաբարձ-գինեկոլոգի կողմից, այսինքն՝ տարածքային սկզբունքով, և հրաշալի գիտեն այդ կնոջ բոլոր խնդիրները, և այդ կինն ունի նորմալ հղիության ընթացք, առողջական որևէ պրոբլեմ չունի, գործ ունենք ցածր ռիսկի առողջ հղիների հետ, հետևաբար՝ այդ հղին մեծ հաջողությամբ կարող է ծննդաբերել ըստ բնակության վայրի: Ընդ որում, ըստ բնակության վայրի մարզային բուժհաստատություններում պետք ծննդաբերեն այն կանայք, որոնց հղիությունը և ծննդաբերությունը չի պահանջում մասնագիտական հատուկ հետազոտում և բուժում: Այդ կանայք կարիք ունեն միմիայն հսկողության, աջակցության և բժշկական օգնության»:

Ըստ Գայանե Ավագյանի՝ Առողջապահության կողմից ընդունված այս որոշմամբ կանանց իրավունքները չեն խախտվում, չեն սահմանափակվում: Բարձր ռիսկի խնդիրներով հղիները ուղեգրվում են Երևանի բուժհաստատություններ: Գայանե Ավագյանն ասաց նաև, որ Երևանի ծննդաբերությունների 30 տոկոսը բաժին էր ընկնում 4 սահմանամերձ մարզերի՝ Արարատ, Արմավիր, Կոտայք, Արագածոտն. «Հեռավոր մարզերից  ոչ մի հղի Երևան չէր դիմում: Նրանք բավարարվում էին իրենց տեղում ծննդաբերելով»: Մայիսի 1-ից, ըստ նրա, մարզերից եկող կանանց թիվը 30 տոկոսից դարձել է 20 տոկոս:

ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը նշեց, որ նախարարությունը՝ ծննդօգնությունը տեղայնացնելով խնդիրը չի լուծում. «Պարտք կանեն, կգան Երևանում կունենան»,- ասաց նա:

Կարդացեք նաև

Պատգամավորը Գայանե Ավագյանին կոչ արեց այդ որոշման մշակման փոխարեն ուսումնասիրել, թե ի՞նչն է պատճառը, որ մայրերը չեն ցանկանում ծննդաբերել մարզերում և գալիս են Երևան: «Մենք պետք է կարողանանք այնպես անել, որ մարզային հիվանդանոցները դառնան մրցունակ և պայքարեն այդ մրցունակության համար»,- ասաց նա:

ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանն էլ ասաց, թե վերոնշյալ որոշումն ազատ ընտրության հնարավորության սահմանափակում է: Նրա կարծիքով՝ ազատ ընտրությունն ամենայն հավանականությամբ լավագույն տարբերակն է. «Մեր ժողովուրդը չի հավատում, ուրեմն՝ մենք պետք է աշխատենք ժողովրդի հավատի վրա: Նպատակը շատ հասկանալի և ընդունելի է՝ ուզում ենք, որ հավասար զարգացում լինի մարզերում և այդ անհավասարությունը մեղմենք գոնե այս բնագավառում: Իրականացման հետ ես այնքան էլ համաձայն չեմ: Իմ տեսակետից երևի թե պետք է սկզբում ներդրում անել և բարձրացնել մակարդակը, հավատը և այլն, հետո արդեն մարդիկ իրենք կուզենան այնտեղ մնալ և ոչ թե դա անեն ստիպողաբար»:

«Կանանց ռեսուրսային կենտրոն» հ/կ-ի իրավաբան Մարիամ Մկրտչյանի խոսքով՝ ծննդօգության հավաստագրերի տեղայնացումը առաջացնում է հետևյալ մտահոգությունները՝ ծնելիության մակարդակի իջեցում, կոռուպցիոն ռիսկեր, մոր և մանկան մահացության կամ ծննդաբերության արդյունքում առաջացած խնդիրների դեպքերի աճ՝ մարզային մակարդակի անհամապատասխանության հետևանքով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս