«Իշխանությունը պետք է գիտակցի, որ ընդդիմությունն իսկական գանձ է իր համար»

Նկարիչ Գարիկ Կարապետյանը համարում է, որ արվեստագետը չպետք է ո՛չ իշխանություն, ո՛չ էլ ընդդիմություն լինի, քանի որ նա պետք է ընդդիմությանը պաշտպանի իշխանությունից, իսկ իշխանությանը` ընդդիմությունից: Ըստ նրա` քաղաքականության մեջ ոչինչ կայուն չէ, փոփոխական է, և, եթե այսօր մի բան արդյունավետ է, ապա վաղն արդյունավետ կարող է չլինել: Նրա կարծիքով` արվեստագետը պետք է պաշտպանի այն ընկածին, որին բոլորը փորձում են հոշոտել: Այսինքն` պետք է լինի պետության այն ֆունդամենտը, որի վրա ինչ-որ բան կկառուցվի: «Սրա-նրա գովքն են անում, բայց ինչո՞ւ, չէ՛՞ որ իրենց ավելի լավ կարգավիճակ է տրված: Արվեստագետը պետք է ճշմարտությունն ասի, իմաստունի նման»,- ասում է Գ. Կարապետյանը:

– Մեր երկրում մարդիկ տխուր ու հուսախաբ են, ինչը ձեռնտու չէ թե՛ իշխանությանը, թե՛ ընդդիմությանը: Րաֆֆի Հովհաննիսյանի շարժումն ավելի հանդուրժողական էր, որն ինչ-որ առումով փոխեց քաղաքական իրականությունը: Եթե իշխանությունն իսկապես երկիրը փոխելու, տնտեսապես զարգացած Հայաստան տեսնելու կամք ունի, ապա Ր. Հովհաննիսյանը կամ ընդդիմությունն իսկական գանձ է իր համար, որովհետև ընդդիմությունը զարգացման ամենակարևոր հեռանկարն է. պատրաստի ինֆորմացիա է տալիս, թե ինչ է կատարվում երկրում: Լինելով հանդուրժողական շարժում` այդ քաղաքական ուժը պատրաստ էր ինֆորմացիա փոխանցելու, չարակամ չէր տրամադրված: Իշխանությունը` իրավիճակը սթափ վերլուծելով, պետք է իր մարտավարությունը, քայլերը փոփոխության ենթարկի, որովհետև նույն Ր. Հովհաննիսյանի շարժումն իրեն շանս է տալիս ինչ-որ բան փոխելու: Հետևաբար, եթե իշխանությունը չօգտագործի այս շանսը` կգնա ինքնասպանության:

– Կարծում եք` իշխանության և հասարակության միջև եղած անջրպետն այնքան խորն է, որ իբրև ինֆորմացիայի փոխանակման գործիք` պետք է օգտագործե՞ն ընդդիմությանը:

– Իշխանությունը փակ համակարգ է, և լավ չեն կարողանում զգալ երկիրը: Նման դեպքում ընդդիմությունն ամենակարևորն է դառնում իշխանության համար, որովհետև ընդդիմության դերը մեր իրականության մեջ ավելի կարևոր է: Ուժեղ ընդդիմություն ունեցող երկրները մշտապես առաջընթաց են ապրում, դրա համար պետք չէ վախենալ ընդդիմությունից: Եթե իշխանություն-ընդդիմություն համագործակցությունն այնպիսի որակ ձեռք բերի, որ պետության, ազգի շահը բարձր դասվի ամեն ինչից, ապա երկիրը ոտքի կկանգնի: Կարող է` սա ռոմանտիկ է հնչում: Ոչ մի հայ չի ցանկանում հեղափոխություն կամ քաղաքացիական պատերազմ, բայց դրան զուգահեռ` պետք է չափազանց լրջացնենք մեր խնդիրները, խիստ լինենք: Իսկապես մեր երկրում վատ վիճակ է:

– Խիստ ենք, բայց իշխանությունը պատ է, որին ոչ մի գաղափարախոսությամբ առաջ շարժվող ընդդիմությանը չի հաջողվում ջարդել-անցնել:

– Չեմ կարծում` մյուս կողմում պատ է, չի կարող պատ լինել, որովհետև մյուս կողմում թշնամիներ չեն` նույն ժողովուրդն է: Պարզապես իշխանությունը ողջ ռեսուրսները կենտրոնացրել է, և, փաստորեն, ընդդիմադիր դաշտը որևէ ռեսուրս չունի: Դա շատ անարդար երևույթ է: Իշխանությունն այսքան բևեռացված լինելով` մի օր քանդվելու է: Իրենք պիտի գիտակցեն ընդդիմության արժեքը, որի միջոցով կարող են ձևավորել երկրի նկատմամբ թարմ, ամբողջական պատկերացում: Տեսե՛ք` մեզ մոտ ինչպես էգ Եթե իշխանավորը կորցնում է իշխանությունը, ուրեմն` վտանգված է: Իշխանությունը պաշտպանիչ ուժ է դարձել:

Այդ վախը պետք է կոտրվի, որովհետև իշխանության եկած մարդն ամենավատ մարդը չէ: Իրեն պետք է ինչ-որ բան անելու հնարավորություն տալ: Նախագահի պաշտոնը պետք է լիներ ամենաբարդ, անցանկալի պաշտոնը: Մարդիկ պետք է գիտակցեին, որ այն ամենածանր գործն է, այսինքն` դու քո վրա մի մեծ բեռ ես վերցնում, որի տակից դուրս գալը շատ բարդ պիտի լիներ: Նախագահի պաշտոնը չպիտի լիներ մի բան, որին բոլորը ձգտեին, ու ով էլ ձգտում է` պիտի գիտակցեր այդ պաշտոնի ծանրությունը: Նախագահին պետք չէ սիրել, նրան պետք է քարկոծել, բայց պետք է հարգանք ունենալ, որպեսզի նախագահի պաշտոնը զբաղեցրած անձը գիտակցի ժողովրդի արձագանքի արդյունավետությունը:

– Հայաստանում նախագահի թե՛ պաշտոնը, թե՛ անձն արդեն թշնամանքով է ընկալվում: Այդ պաշտոնը զբաղեցրած անձի՞նք են վարկաբեկել այդ պաշտոնը կամ նախագահի ինստիտուտը: Ի վերջո, մեզ մոտ նախագահին ոչ միայն չեն սիրում, այլև, քարկոծելուց բացի, ատելության դրսևորումներն են շատ:

– Նախագահի ինստիտուտը 20 տարվա ընթացքում պետք է կայանար: Մեզ մոտ պրոցեսներն են դանդաղ կամ ընդհանրապես պրոցես չի լինում: Այդ ընթացքում ունեցանք ընդդիմություն, որը շատ անարդյունավետ աշխատեց, այսինքն` իրենք շատ վատ պահի սկսեցին համագործակցել իշխանության հետ. այն ժամանակ, երբ ուրիշ շանս չունեին: Ընդդիմությունը միշտ պետք է իշխանության հետ համագործակցության դաշտ ստեղծի` հանուն պետության:

– Րաֆֆի Հովհաննիսյանին շատերը մեղադրեցին` այդ թեժ պահին Ոստիկանապետին ձեռք մեկնելու, իշխանության հետ համագործակցելու մեջ:

– Ոստիկանապետը թշնամի՞ Էր: Մենք պետք է հասկանանք, որ ժողովրդին դիմադրող ուժային կառույցները նույնպես փոփոխություն են ուզում: Բոլոր կողմերը փոփոխություն են ուզում, մինչև անգամ` իշխանության համակարգի ներկայացուցիչները: Իշխանության մեջ մի ինքնապաշտպանվելու, վերարտադրվելու գաղափար է դրված, ու իրենք կարծում են` դա է իշխանությունը պահելու արդյունավետ մոդելը: Փակվում են` մտածելով, որ մի տեղ բացվելուն պես խոցելի են դառնում: Իրենք իրենց պաշտպանության մասին են մտածում, բայց ժողովուրդն արդեն հարցերը կտրուկ է դնում: Եթե իշխանությունն իր ներսում բարեփոխում կատարելու վճիռ չկայացնի, իրեն կմղի քաղաքական ինքնասպանության: Անընդհատ ընդդիմությանը քայքայելով, քանդելով` իշխանությունն իրեն ոչնչացնում է: Իշխանությունը պետք է ընդդիմությանը հնարավորություն տա, հակառակ դեպքում` իր համար ապագա չկա: Նորից կունենանք նույն տխուր իշխանությունն ու տխուր ընդդիմությունը:

Տեսանյութեր

Լրահոս