Թե ինչպես հանձնաժողովը «ՀայՌուսգազարդին» զրկեց զարգանալու հնարավորությունից
Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության պետ Գարեգին Բաղրամյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ բնական գազի 1 խմ-ի սակագինը բնակչության համար (ամսական 10,000 խմ-ից պակաս սպառում ունեցող բաժանորդների համար) կկազմի 156 դրամ։
«Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը գազի սակագնի թանկացմանը տեղեկացել է մայիսի 14-ին: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ կառավարությունը սուբսիդավորելու է 30 տոկոսով և նաև այլ մի շարք հանգամանքներ, այս պահին հիմնավորված կարող եմ ասել որ գազի գինը կսահմանվի մեկ խորանարդի դիմաց՝ 156 դրամ»,- ասել էր Բաղրամյանը:
Սա զարմանալի թիվ է, քանի որ նշանակում է՝ հանձնաժողովը առնվազն 2.5 անգամ կրճատել է «ՀայՌուսգազարդի» զարգացման հնարավորությունները։ Դա ներքևում կհիմնավորենք։ Թիվն այնքան զարմանալի էր, որ ասուլիսից հետո կրկին կապվեցինք պրն Բաղրամյանի հետ՝ ճշտելու համար, այդ թիվն իր մեջ ներառո՞ւմ էր նաև ավելացված արժեքի հարկը։ Պարզվեց այո։
Իսկ ինչո՞ւ ենք ասում, որ հանձնաժողովը զրկեց «ՀայՌուսգազարդին» զարգանալու հնարավորությունից։ Պարզաբանենք։
Այս պահին, ինչպես հայտարարվում է, «ՀայՌուսգազարդը» 1000խմ գազը «Գազպրոմից» գնում է 180 դոլարով։ Բնակչին վաճառում է 318 դոլարով (132 000 դրամ՝ մեկ դոլարը 415 դրամ փոխարժեքով)։
Այսինքն՝ «ՀայՌուսգազարդը» գազը սահմանից սպառողին հասցնելու համար ստանում է 138 դոլար (318-180=138)։
Ներկայացված հայտով՝ «ՀայՌուսգազարդը» ցանկանում էր այդ 138-ի փոխարեն ստանալ 262.5 դոլար։ Այսինքն՝ 270 դոլարով գնել Ռուսաստանից, վրան ավելացնել 262.5 դոլար և վերջնական սպառողին հասցնել 532.5 դոլարով (221 000 դրամ)։
Ավելի պարզ ասենք՝ «ՀայՌուսգազարդը» ցանկանում էր իր «փայը» ավելացնել 124.5 դոլարով։
Հենց այս ավելացումը առավել թեժ քննարկման առակա դարձավ։ Հրանտ Բագրատյանը, Գագիկ Մակարյանը և մյուսները քննադատության էին ենթարկում «ՀայՌուսգազարդին»՝ նշելով, որ եթե «Գազպրոմի» կողմից 90 դոլար թանկացումը հասկանալի, ապա անհասկանալի է, թե ինչու է «ՀայՌուսգազարդը» ցանկանում դրան ավելացնել ևս 124.5 դոլար։
«ՀայՌուսգազարդը», բնականաբար, հայտարարում է, որ ինքը ներդրումներ է անելու, աշխատավարձեր է ավելացնելու, շահույթ պետք է ստանա և այլն։ Այսինքն՝ փորձում է համոզել, որ գազը սպառողին հասցնելու գինը 124.5 դոլարով թանկացնելը կենսական անհրաժեշտություն է՝ ընկերության համար։
Իսկ ի՞նչ է ստացվում հանձնաժողովի ներկայացուցչի այսօրվա հայտարարությունից։ Ստացվում է, որ հանձնաժողովը 2.5 անգամ կրճատում է «ՀայՌուսգազարդի» կենսական անհրաժեշտ «փայը»՝ 124.5 դոլարից դարձնելով 49 դոլար։
Այսպես, 156 դրամ սակագինը նշանակում է, որ սպառողին մատակարարվող 1000 խմ գազի գինը դառնում է 376 դոլար (156 000 դրամ), որից 189 դոլարը բաժին է Ռուսաստանից մատակարարվող գազին (մնացած 81-ը սուբսիդավորում է կառավարությունը), 187 դոլարը՝ «ՀայՌուսգազարդին»։
Այսինքն՝ սահմանի վրա գազի գինն ավելանում է 90 դրամով (որից 81 դոլարը սուբսիդավորում է կառավարությունը), իսկ «ՀայՌուսգազարդի» մասնաբաժինն ավելանում է 49 դոլարով։
Իսկ «ՀայՌուսգազարդը», հիշեցնենք, որ ցանկանում էր ավելացնել124.5-ով։
Ստացվում է, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 2.5 անգամ կրճատում է «ՀայՌուսգազարդի» ախորժակը։ Թե սրանից հետո այս ընկերությունը ինչպես է զարգանալու՝ դա արդեն հանձնաժողովի հայրենասեր մասնագետներին չի հետաքրքրում։
Իսկ եթե ավելի լուրջ, ապա գործում է դասական տարբերակը՝ պահանջիր ամբողջը, որ ստանաս կեսը։ Այսինքն, ընկերությունը, այնուամենայնիվ, ձեր սպառած յուրաքանչյուր մեկ խորանարդ մետրից լրացուցիչ ստանալու է 20 դրամ։ Եվ այդքանով հանդերձ՝ ներկայանալու է որպես տուժած կողմ։
Գծապատկերները՝ 168.am-ի