Արմեն Մարտիրոսյանի պատասխանը՝ Գալուստ Սահակյանին. Բորենիներն են շատով հարձակվում որևէ կենդանու վրա
«Մեղվի թույնը կամ մյուս թույները օգտագործվում են որպես պաշտպանական ռեակցիա՝ ագրեսիայի դեմ»,- 168.am-ի հետ զրուցում ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ անդրադառնալով ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի ընդդիմության հասցեին հնչեցրած հայտարարությանը:
Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ում Գալուստ Սահակյանը հայտարարել էր. «Գոնե մաղձոտ մի եղեք: Եթե թույն եք օգտագործում՝ մեղվի թույն օգտագործեք»:
Արմեն Մարտիրոսյանը նաև հավելեց. «Մեր ժողովուրդը մեզնից չի փախնում՝ իրենցից է փախնում, իրանք շատ լավն են, հրաշալի են, արևի պես ճաճանչափայլ են, ջերմ են, դրա համար այդ արևից մեր մարդիկ թողնում փախնում են: Տնտեսական վիճակն էլ այսքան հրաշալի է, որովհետև իրենք հրաշալի տնտեսություն են կառուցել: Թող ջան ասեն, ջան լսեն՝ մենք էլ թող վատը լինենք»:
Անդրադառնալով Գ. Սահակյանի կոչին՝ թե ընդդիմությունը պետք է աշխատի, Արմեն Մարտիրոսյանը նկատեց. «Ընդդիմության աշխատանքը իրենց աշխատանքը քննադատելն է: Թող ընդդիմությունն ընդհանրապես չաշխատի, բայց իրենք մեկ տոկոս աշխատեն երկրի համար: Ընդդիմությունը կարող է առավելագույնը իշխանության բացերը ցույց տալ, բայց երբ իշխանությունն ընդհանրապես չի աշխատում՝ ահավոր է, որովհետև գործադիր բոլոր լծակները, օրենսդիր, դատական իրենց ձեռքում են՝ նույնիսկ թաղային խուժանները: Թող մեր չաշխատելու մասին մեր ավագ գործընկերը շատ չմտահոգվի: Թող Սահակյանը մտածի նրա մասին, որ իրենք չեն աշխատում, թե չէ մեր չաշխատածն այնքան վտանգավոր չէ, որքան իրենցը»:
Արմեն Մարտիրոսյանը նաև կոչ արեց, որ իշխանությունն իր վրայից պատասխանատվությունը չգցի:
Գալուստ Սահակյանն այսօր անդրադարձել էր նաև «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստաջյանին՝ ասելով. «Այդ առաքինի տիկնոջը պետք է սովորեցնել, որ ԱԺ-ն մայրուղի չէ, որ մեքենա կանգնեցնել, ու մեքենաները չկանգնեն, դրանից նեղանան»:
168.am-ի հետ զրույցում Արմեն Մարտիրոյանը՝ ի պատասխան, ասաց. «Ամեն մեկն իր պատկերացումններին ու խառնվածքին համապատասխան է գնահատական տալիս: Եթե նման գնահատական է խորհրդարանում հնչում, այն վերջին աստիճանն է, որ իշխանությունները կարող են իրենց թույլ տալ: Դա բացարձակ կոռեկտ չէ ու ընդհանրապես բորենիներն են, որ շատով հարձակվում են որևէ կենդանու վրա, երբեմն առյուծների ու լինելով շատ՝ երբեմն կարողանում են հաղթել մայնակ առյուծին:
Նման դրվագներ վավերագրական ֆիլմերում տեսած կլինեք: Իսկ ԱԺ-ն չեմ կարծում, թե այն վայրն է, որտեղ բորենիների համապատասխան գործունեություն պետք է ծավալել»:
Ա. Մարտիրոսյանը նշեց նաև, թե նման վարքագիծը «անպատժելիության արբեցումից է բխում»:
«Հայտնի խոսք կա՝ եթե փոքր հանցանքը չես պատժում, ավելի մեծ հանցանքի է բերում: Նույնը իշխանության մասին կարող ենք ասել՝ նրանք արբենում են անպատժելիությունից: Այս հայտարարությունը այդ անպատժելիության արդյունքն է»,- ասաց նա՝ ավելացնելով, որ այսքան ժամանակ Զարուհի Փոստանջյանը որևէ մեկին նման վիավորանք չի հասցրել:
«Եթե դա դատախազին հնչեցրած քննադատության պատասխանն էր, ապա Զ. Փոստանջյանը հստակ նշեց, որ դատախազն իրավաբան է ու կարող է իր շահերը պաշտպանել: Ցանկացած պարագայում նման վիրավորանք չպետք է հասցվեր: Ես ինքնս հինգ տարի պատգամավոր եմ եղել ու նման վիրավորանքներ մեր խմբակցությունը որևէ մեկին չի հասցրել»: