
Գալուստ Սահակյանը՝ Վահան Հովհաննիսյանին. Բա դուք ի՞նչ կլինեիք, եթե ՀՀ նախագահը չլիներ

Մենք գիտեինք, որ ընդդիմությունը դեմ է քվեարկելու Կառավարության նոր ծրագրին: Այս մասին այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը` հայտարարելով, թե անկախ դրանից իրենք հաստատակամ են մնալու:
Գ. Սահակյանը միաժամանակ նշեց, թե իր համար պարզ չէ` ինչի՞ն է դեմ քվեարկելու ընդդիմությունը` կոռուպցիայի վերացմա՞նը, աշխատավարձերի բարձրացմա՞նը. «Դեմ քվեարկեք: Գոնե մաղձոտ մի եղեք: Եթե թույն եք օգտագործում՝ մեղվի թույն օգտագործեք: Ի՞նչ է նշանակում՝ կառավարության անդամներին վանկարկելով ուզում եք ժողովրդին ցույց տալ. որ դուխդ այնքան մեծ է, որ կարող ես այս կամ այն ասե՞լ: Ես գոհ եմ Վահան Հովհաննիսյանից, որ մեծարեց ՀՀ նախագահին` ասելով` հլը դուք ի՞նչ կլինեիք, եթե ինքը չլիներ: Բա դուք ի՞նչ կլինեիք, եթե ինքը չլիներ: Իմ շուլուխը Վահանի հանճարին վնաս չէ»:
Գալուստ Սահակյանը նշեց, թե իշխանությունը իրենցը չէ` ժողովրդինն է. «Աստված անի մեզնից հետո դուք գաք»,- ասաց նա` ավելացնելով, որ այդ դեպքում իրենք անգամ էլի կլինեն, որովհետև իշխանությունը, նրա խոսքով, միջոց է նպատակին հասնելու համար:
ՀՀԿ խմբակցության ղեկավարը ընդդիմության կոչ արեց աշխատել: «Մեզ մի ասեք` հետո էլ ասում եք՝ եկեք միասին աշխատենք: Մենք ձեր կարիքը չունեք, ասում ենք պատրա՞ստ ենք համագործակցել: Այդ դուք մեր կարիքը ունեք»,- ասաց նա: