Բաժիններ՝

Ո՞ր գործարարներն են պատրաստ օգնել կարկուտից տուժած արմավիրցիներին

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Արմավիրի մարզում ուժեղ կարկտահարությունից տուժած գյուղացիներին օժանդակություն հայթայթելու համար գյուղնախարար Սերգո Կարապետյանը նամակ-կոչով դիմել էր շուրջ 250 գործարարների: Նախարարի մամլո քարտուղար Անի Սմբատյանը 168.am-ին տեղեկացրեց, որ արդեն մի քանի գործարարներ փոխանցումներ կատարել են, սակայն հրաժարվեց նշել, թե կոնկրետ ովքեր են այդ բարերարները։ Նաև դժվարացավ հայտնել, թե որքան գումար է հավաքվել այս պահի դրությամբ:

Մենք փորձեցինք մի քանի գործարարներից պարզել, թե ինչպես են արձագանքել կամ արձագանքելու գյուղնախարարի կոչին:

«Grand holding»-ի նախագահ Հրանտ Վարդանյանը 168.am-ին հայտնեց, որ իրենք ՀՀ գյուղատնտեսության նախարարությունից նամակ-կոչ դեռ չեն ստացել, բայց պատրաստվում են օժանդակություն ցուցաբերել, իսկ օժանդակության չափը և ձևը առայժմ քննարկման փուլում է:

Կարեն Կարապետյանի գրասենյակի ղեկավար Արտակ Ճաղարյանը մեզ հայտնեց, որ հարցն իրենց կողմից դեռևս չի քննարկվել, երբ քննարկվի ու որոշում ընդունվի, պատշաճ կարգով կտեղեկացնեն այդ մասին:

Կարդացեք նաև

ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության հանրային կապերի պատասխանատու Վահե Իսահակյանը նշեց, որ իր գործունեության ընթացքում ՎիվաՍել-ՄՏՍ-ը մշտապես ֆինանսական աջակցություն է ցուցաբերել Հայաստանի գյուղատնտեսության ոլորտին ՝ այդ նպատակով նախապես սահմանված զգալի բյուջետային միջոցների շրջանակներում: Գյուղատնտեսության նախարարությունը պատասխանն ակնկալում է ստանալ սեղմ ժամկետներում և բացի այդ՝ ներկա դրությամբ ընկերությունը համապատասխան բյուջետային միջոցներ չունի: «Հարցը դեռևս քննարկման փուլում է», հավելեց նա:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր, «Արսօյլ» ՀՁ ՓԲԸ և «Հայագրոբանկ»-ի խորհուրդների նախագահ, Ագրոարդյունաբերական բանկերի միջպետական ասոցիացիայի փոխնախագահ Գուրգեն Արսենյանը 168.am-ին հայտարարեց, թե կոչն ուղղված է եղել գործարարներին և ոչ պատգամավորներին, իսկ ինքը պատգամավոր է:

ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը Արմավիրի մարզի համայնքներին նախապես 200 մլն դրամի ֆինանսավորում էր հատկացրել՝ հետագայում ստացվելիք բերքի դիմաց, և որպես կարկտահարությունից տուժածներին աջակցություն, նվիրաբերել է այդ գումարը:

ՀՀԿ-ական պատգամավոր, «Նուշիկյան ասոցիացիա»-ի հիմնադիր նախագահ Գարեգին Նուշիկյանը պատրաստակամություն հայտնեց իր 1 ամսվա աշխատավարձը հատկացնել որպես օժանդակություն, սակայն հավելեց, որ «Նուշիկյան ասոցիացիա»-ի անունից չի կարող պատասխանել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս