Բաժիններ՝

Ընդդեմ մամուլի հայցի գործը Վերաքննիչ քաղաքացիական դատարանում է

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը՝ դատավոր Գոհար Մատինյանի նախագահությամբ, հունիսի 6-ին կհրապարակի «Հայկական ժամանակ» և «Առավոտ» օրաթերթերի դեմ նախկին դատապարտյալ Ռազմիկ Աբրահամյանի հայցադիմումի գործով բողոքի վերաբերյալ դատական ակտը:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Ռուբեն Ափինյանի նախագահությամբ, մարտի 7-ի վճռով  ամբողջությամբ մերժել էր  նախկին դատապարտյալի հայցը, վճռով հայցվորը պարտավորեցվել  է  նաև վճարել 80 հազար դրամ՝ որպես չվճարված պետտուրքի գումար:

2004 թվականի մարտի 29-ի դատավճռով 9 տարվա ազատազրկման դատապարտված և անցյալ տարի ազատ արձակված Ռազմիկ Աբրահամյանը թերթերից պահանջում էր հատուցել իր պատվին ու արժանապատվությանը հասցված վնասը, որը նա գնահատում էր 4.000.000 ՀՀ դրամ՝ 2 մլն-ական դրամ յուրաքանչյուր լրատվամիջոցից: Մինչ դատարանի խորհրդակցական սենյակ հեռանալը՝ նա վերանայել էր հատուցման գումարի չափը՝ յուրաքանչյուր լրատվամիջոցից պահանջելով մեկական մլն. դրամ:

Զոհերի անպաշտպան վիճակից օգտվելով՝ անառակաբարո գործողություններ կատարելու համար դատապարտված Ռ.Աբրահամյանը կարծում էր, թե ինքը դատապարտվել է 2003թ. սեպտեմբերի 26-ին «Առավոտ» օրաթերթում Ռուզան Մինասյանի ստորագրությամբ լույս տեսած «Պեդոֆիլը կստանա երկու տարի՞» և 2003 թվականի սեպտեմբերի 5-ին «Հայկական ժամանակ» օրաթերթում Ա.Կարապետյանի ստորագրությամբ լույս տեսած «62-ամյա պետերաստը խոստովանել է իր մեղքը» հոդվածների հրապարակման պատճառով:

Լրատվամիջոցները, բնականաբար, համաձայն չէին այս «մեղադրանքի» հետ, քանի որ դրանք շատ մեղմ, զուտ տեղեկատվական բնույթի հոդվածներ են եղել՝ հղումների օգտագործմամբ: Ճիշտ է, լրատվամիջոցները համոզված էին իրենց հրապարակումների ճշմարտացիության մեջ, առավել ևս, երբ գործով առկա է օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճիռ, այդուհանդերձ, օրաթերթերը ներկայացնում էին հայցադիմումի մերժման այլ հիմքեր՝ հայցի վաղեմության ժամկետի լրանալը՝ հայցը վերաբերում էր շուրջ 10 տարի առաջ՝ 2003 թվականին հրապարակված հոդվածներին։
«Փաստինֆո»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս