Տղաս սպանվել է հանցագործ կլանի կողմից: Իմ որդուն սպանելով՝ վրեժ են լուծել Վարդան Ղուկասյանից
ԳԱԼԱ-ն տեղեկացնում է, որ այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվել է Կարեն Եսայանի սպանության գործի քննությունը: Դատարանն այսօր հարցաքննել է վկա, սպանված Կարեն Եսայանի հորը՝ Ռազմիկ Եսայանին, ով դատարանում ցուցմունք է տվել, պատմել դեպքի օրվա մանրամասներից, նաև հայտարարել, որ որդու սպանությունը պլանավորված է եղել, 2 շաբաթվա ընթացքում հետևել ու սպանել են որդուն:
Հիշեցնենք՝ Կարեն Եսայանին սպանեցին հենց նշանադրության օրը: Նա պատրաստվում էր նշանվել Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր հետ: Կարեն Եսայանի հայրը դատարանում պատմեց. «Այդ ընթացքում գերմանական համարներով արծաթագույն մեքենան պտտվում էր մեր տան և խանութի շուրջը: Այնքան պտտվեց, որ կասկածներ մտավ կնոջս մեջ, թե ով է այս մեքենայի տերը: Համարները տպավորվեց, որովհետև գերմանական են, նույնիսկ Կարենին էինք հարցնում, թե ով է սրա տերը, բենզին շա՞տ ունի, որ հա ֆռռում է, տղաս պատասխանում էր՝ չգիտեմ: Հետո հիշեցի, որ Երևան էինք գնում զարդերը գնելու, ճանապարհին՝ Ազատան-Մարալիկ հատվածում, էլի արծաթագույն «Մերսեդեսը» մեր դիմացը կտրեց և վթարային իրավիճակ ստեղծեց, ես կողքն էի, Անահիտը՝ կինս, հետևը: Ասի՝ էս ինչ ձևի է վարում: Դիմացը երկու հոգի էին, մեկ էլ հետևը ոճրագործը, իր հայացքը այդ ժամանակ տպավորվեց, ոնց որ ոճրագործը նայում է զոհին: Մեզ հետևում էին, մենք ելել-եկել էինք երեխա նշանելու, ո՞ւմ մտքով անցներ, որ հետևում էին»:
Հարցաքննության ժամանակ Ռազմիկ Եսայանը մի քանի անգամ կրկնեց «մարդասպան», «ոճրագործ» բառերը և մատնացույց արեց ամբաստանյալ Հարություն Սարգսյանին, ում հարազատները պնդում են, որ նա ընդհանրապես անմեղ է և ոչ մի կապ չունի Կարեն Եսայանի սպանության գործի հետ: Ամբաստանյալ Հարություն Սարգսյանը խնդրեց իրեն այլևս նման կերպ չորակել:
«Մյուս անգամ ինձ այդպես չդիմեք, հերիք եղավ, ես հարգում եմ Ձեր վիշտը, բայց ինչքա՞ն կարելի է, պարզեք՝ ով է Ձեր որդուն սպանել, այո՛, դաժանաբար են սպանել: Բայց ես չգիտեմ, պարզեք՝ ով է»,- դատարանում հայտարարեց Հարություն Սարգսյանը:
Ի պատասխան՝ Կարեն Եսայանի հայրը հայտարարեց. «Ոչ, դուք գիտեք, դու գիտես ով է եղել սպանողը և պիտի ասես, դու և հայրդ պիտի ասեք»:
Տուժող կողմը դարձյալ պնդեց, որ ամբաստանյալը միանշանակ խառնված է իրենց որդու սպանության գործին: Կարեն Եսայանի հոր պնդմամբ՝ Հարություն Սարգսյանը կատարող է եղել, իսկ կազմակերպիչների անունները միայն նա կարող է տալ: «Հանցագործությունը կատարվել է հանցագործ կլանի կողմից՝ վաղօրոք կազմակերպված և պլանավորված, մարդասպանին (դարձյալ մատնացույց է անում Հարություն Սարգսյանին) ի նկատի են ունեցել՝ որպես մարդասպան-կատարող, իսկ իրանք կազմակերպել և պլանավորել են»:
Ռազմիկ Եսայանը հայտարարեց նաև, որ իր որդուն սպանելով՝ վրեժ են լուծել Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանից. «Ինչի՞ համար, որովհետև մի երկու-երեք անգամ հայրը գնացել է Վ. Ղուկասյանից թույլտվություն վերցնելու, որպեսզի գնան իրենց տուն՝ աղջկա ձեռքը խնդրելու համար, բայց Վ. Ղուկասյանը արհամարհական կոպիտ պատասխան է տվել, մերժել է: Ինքն էլ մտածել է վրեժխնդիր լինի, բայց ոչ մեզնից, երևի Ղուկասյաններից, որովհետև մեզնից վրեժխնդիր լինելու բան չուներ: Հայտարարում եմ, որ ոչ մի կուսակցության մեջ չենք եղել և ոչ մի քաղաքական հայացքների էլ չենք հարել»:
Ըստ ԳԱԼԱ-ի՝ տուժող կողմը դժգոհ է նաև դատախազությունից և քննչական մարմիններից: Նրա խոսքերով՝ որդու սպանությունը ոչ միայն կանխամտածված և դիտավորյալ սպանություն է, այլ դաժան սպանություն: «Համաձայն չեմ քննչական մարմինների և դատախազության հետ, որ այն միայն դիտավորյալ և կանխամտածված հանցագործություն է: Սա առաձնակի դաժանությամբ կատարված սպանություն է, որովհետև հայ քրիստոնյա է սպանվել: Հասցրել են հոգեկան և ֆիզիկական բռնություն, որ ասեմ՝ գազանաբար սպանություն է սա, երևի գազաններին նեղացրած լինեմ: Գազաններն էլ այդպիսի բան չէին անի: Օձը, որ օձ է, ջրի վրա չի խայթում: Իսկ ոճրագործներն ի՞նչ մտածեցին, որ երեխայիս սպանեցին՝ այն էլ նշանադրության օրը»:
Նշենք, որ տուժող կողմի հետ միասին արդար դատաքննություն դատարանից ակնկալում են նաև ամբաստանյալի հարազատները, քանի որ նրանք համոզված են, որ Հարություն Սարգսյանը ընտրված թիրախ է և ոչ մի կապ չունի Կարեն Եսայանի սպանության հետ: