ԲՀԿ մամուլի խոսնակը` Սերգեյ Լավրովի արտահայտության և ԼՂ հակամարտության կարգավորման մասին
Այս շաբաթ բավական ակտիվացան քննարկումները` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցի շուրջ, ինչը պայմանավորված է նաև հունիսի 12-ին Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպման և այդ հանդիպմանը հիմնահարցի լուծման վերաբերյալ նոր փաստաթղթի առաջ քաշման հնարավորությամբ: Հայաստանում հատկապես բուռն արձագանք ստացավ հիմնահարցի շուրջ մայիսի 21-ին Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովի արտահայտությունը: Հիշեցնենք, որ ՌԴ արտգործնախարարը հանդիպել էր ադրբեջանցի իր գործընկերոջ` Էլմար Մամեդյարովի հետ, իսկ հանդիպումից հետո երկու երկրների արտգործնախարարները հանդես եկան մամուլի ասուլիսով, որում Սերգեյ Լավրովը մասնավորապես խոսեց ղարաբաղյան հարցի ստատուս-քվոյի փոփոխման անհրաժեշտության մասին` նշելով ինչ-որ «ադրբեջանական տարածքների» վերադարձի մասին:
«Միանշանակ է, որ ստատուս-քվոն անընդունելի է, ընդ որում՝ բոլորի համար, նախևառաջ Ադրբեջանի, Հայաստանի և նրանց համար, ովքեր ապրում են Լեռնային Ղարաբաղում, ես դրանում խորապես համոզված եմ: Ստատուս-քվո նշանակում ոչ միայն ադրբեջանական տարածքների վերադարձի հարցի լուծված չլինելը, այլև Հայաստանի տնտեսական շրջափակումը, այդ իսկ պատճառով անհրաժեշտություն էլ չկա որևէ մեկին համոզելու այդ կարգավիճակի պահպանման անընդունելիության մասին»,- հայտարարեց Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
Ի՞նչ կարծիք ունեն այս մասին Հայաստանի քաղաքական ուժերը, ինչո՞ւ Ռուսաստանն անսպասելիորեն սկսեց խոսել այս հարցի մասին:
«Ի սեր Աստծո, ես չեմ պատրաստվում Ռուսաստանի դիրքերից խոսելու, պետք է բնականաբար խոսեմ երկրիս դիրքերից, պետությանս ու ժողովրդիս շահերի տեսանկյունից: Ստատուս-քվոյի պահպանումը կարող է տևել ճիշտ այնքան ժամանակ, ինչքան որ դրան որպես այլընտրանք չկա մեզ համար առավել բարենպաստ լուծում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը: Վերջինս կարծում է, որ երրորդ տարբերակ չի կարող լինել` հիշեցնելով, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, ի թիվս խորհրդային 15 Հանրապետությունների, դարձավ 16-րդը, որը, որպես սուվերեն միավոր ձեռք բերեց անկախություն, իսկ ԼՂ ժողովուրդը ստիպված եղավ դիմել ինքնապաշտպանության և պաշտպանել օրինական ճանապարհով ձեռք բերված իր անկախությունը:
««Բարգավաճ Հայաստան» կուսակցության դիրքորոշումը հետևյալն է` ԼՂՀ անկախությանը, այսինքն՝ ժողովրդի ինքնորոշմանն այլընտրանք չկա, որևէ տարբերակ չի կարող քննարկվել, առավել ևս ԼՂՀ-ն որևէ պարագայում (բացառում եմ ցանկացած «եթե»), չի կարող մաս կազմել Ադրբեջանի նման երկրին: Հերթական ապացույց մենք ունեցանք իր մեջ ցեղասպանության տարր պարունակող, բոլորիս հայտնի բուդապեշտյան երևույթը: Հիմա թե Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության ղեկավարն ինչ մարտավարություն և ռազմավարություն է իրականացնում իր հարաբերություններում ադրբեջանական, թե հայկական կամ մյուս կողմերի հետ, դա իրենց խնդիրն է»:
Ի պատասխան մեր դիտարկմանը, որ ամբողջ խնդիրն այն է, որ ԼՂՀ-ն չի մասնակցում ղարաբաղյան կարգավորման բանակցություններին, Տ.Ուրիխանյանն ասաց, թե անկնարկը շատ ճիշտ էր: «Երկար ժամանակ է` ես էլ, որպես միջպետական միջազգային ձևաչափերում հայաստանյան պատվիրակ, անընդմեջ խոսում եմ դրա մասին: Օրերս հանդիպել եմ Եվրոխորհրդի պատվիրակության ղեկավարի հետ և նույն զրույցը տարել եմ նրա հետ: Ինձ հարց տվեցին. «իսկ ի՞նչ եք դուք մտածում Լեռնային Ղարաբաղի խնդրի վերաբերյալ», ես ասացի`«կարծում եմ, որ շատ ավելի կոռեկտ կլինի այդ հարցը ոչ թե տալ, այլ նորից տալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտոնական ներկայացուցիչներին, հետո նոր ՀՀ պետական օրենսդիր մարմնի ներկայացուցիչներին»: Այսինքն` ձեր հարցը հռետորական էր, այո´, ես կիսում եմ այդ մոտեցումը»:
Իսկ պատասխանելով մեկ այլ հարցի, թե արդյոք սպասելի՞ էր, որ գերտերությունները, մասնավորապես այս դեպքում Ռուսաստանը վաղ, թե ուշ դնելու են Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի փոփոխության հարցը, ԲՀԿ մամուլի խոսնակը կարծիք հայտնեց, թե Ռուսաստանը շատ ավելի գործուն մասնակցություն ունի ԼՂ բանակցային գործընթացում, այսինքն` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից մեկն է, և «դրա կոնկրետ գործողությունները ցույց են տալիս Ռուսաստանի կիրառական և պրակտիկ քայլերը»:
Մենք նկատեցինք, որ այնուամենայնիվ Ռուսաստանի «պրակտիկ քայլերի» կիրառումը կարող է բերել հայկական տարածքների կորստին:
«Դրա համար եմ ասում` Մինսկի խմբի ռուսաստանյան համանախագահն իր գործողությունները ցուցադրում: Թե արտգործնախարարը հանդիպումների ժամանակ ինչ արտահայտություններ է անում, դրանցից բխող հետևանքները միշտ չեն լինի այնպիսին, ինչպիսին… լավ եկեք կոնկրետացնենք, եթե ուզում եք ինձնից կորզել այդ բառը, խնդրեմ, ստացեք. միշտ չեն լինի այնպիսին, ինչպես տվյալ դեպքում Մամեդյարովն էր ակնկալում»,- ի պատասխան ասաց Տիգրան Ուրիխանյանը: