Հրանտ Բագրատյանը՝ ՀՀ կառավարությանը. Քաղաքացին իր գումարն ուզում է, որ մեկնի Հայաստանից

Այսօր ԱԺ-ում կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը հետաքրքրվեց, թե ի՞նչ քայլեր է ձեռնարկում Կառավարությունը փոքր սեփականատերերի խնդիրները լուծելու համար: «Բոլոր գործարանները երկրորդ նախագահի պաշտոնավարման տարիներին տրվել են առանձին մարդկանց: Տրվել՝ տրվել են: Ինձ է դիմել մի քաղաքացի` «Երազ» գործարանից` պահանջով, տալ իր 60.000 դրամ աշխատավարձը: Բայց այս մարդը չգիտի, որ իրավունք ունի մի քանի միլիոն պահանջելու ձեզնից: Ի դեպ, այս քաղաքացին գումարն ուզում է, որ մեկնի Հայաստանից: Հիմա ի՞նչ քայլեր է ձեռնարկելու Կառավարությունը նման դեռևս տասնյակ հազարավոր սեփականատերերի հարցով. նպատակ կա՞ հանձնաժողով ստեղծել, մարդկանց փողը տալ, պաշտպանել»:

Հրանտ Բագրատյանի հարցին պատասխանեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նա նշեց, թե այդ հարցը ինքը ևս կարևորում է: «Երբ այս օրերին մենք խոսում էինք համագործակցության մասին, ընդդիմադիրները նշում էին, թե տվեք մեզ լծակներ, որ կարողանանք վերահսկել: Մեր կողմից մենք պատրաստ ենք ձեզ լծակներ տրամադրել: Եթե գտնում եք նպատահարմար, կարող ենք հանձնաժողով ստեղծել, ձեզ հետ միասին քննարկել ու պաշտպանել փոքր սեփականատերերի հարցը: Բայց պրոբլեմը մի քիչ այլ դաշտում է գտնվում: Ժամանակին Գերագույն մարմնում քննարկվում էր այն հարցը, թե անհատույց բաժնետիրական իրավունքի հանձնումը կոլեկտիվներին կլինի՞ էֆեկտիվ, արդյոք նրանք ապագայում տեր կկանգնե՞ն գործարաններին: Սա էր քաղաքական հարցադրումն ու բանավեճը: Իսկ Ձեր կառավարությունը պնդում էր, որ դա ճիշտ ռազմավարություն է, բայց, ցավոք, դա տեղի չունեցավ: Մանր սեփականատերերն էժան գներով բաժնեմասերը վաճառեցին հիմնականում տնօրենին, որոնք էլ հիմնականում օբյեկտիվ պատճառներով, քանի որ ԽՍՀՄ փլուզումից հետո միասնական տնտեսական դաշտը չէր կարող գործել, ևս ծանր վիճակում հայտնվեց»,- ասաց Տիգրան Սարգսյանը:

Հրանտ Բագրատյանն էլ նշեց, որ եթե ինքը հարց է տալիս ՀՀ կառավարությանը, ելույթ է ունենում, նշանակում է՝ արդեն համագործակցում է, և հավելեց, որ հանձնաժողով ստեղծելու պարագայում ինքը կմիանա դրան:

Տեսանյութեր

Լրահոս