Զարուհի Փոստանջյան. Պարոն քաղաքապետը պետք է քրեական պատասխանատվության կանչվի
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ՀՀ կառավարությանը հարց ուղղեց Փակ շուկայի շինարարարության վերաբերյալ: «Անկրկնելի կառավարություն, փակ շուկայում ապօրինի շինարարությունը շարունակվում է, չնայած նրան, որ երկու անգամ վարչական պատասխանատվության է կանչվել ապօրինի շինարարություն կատարողը, ինչից հետո, սակայն, շինարարարության շարունակության դեպքում պետք է քրեական գործ հարուցվեր նրանց նկատմամբ, ովքեր թույլ են տալիս: Բայց ինչպես տեսնում ենք՝ գործը հարուցված չէ: Իսկ չհարուցելու դեպքում պետք է պարոն քաղաքապետը քրեական պատասխանատվության կանչվի: Եթե դուք անզոր եք այս հարցում, կա նախատեսված պատիժ, մինչև հինգ տարի: Փակ շուկան հանդիսանում է պատմամշակութային ժառանգություն, որը հասարակական կարգի ու բարոյականության դեմ ուղղված քայլ է: Եթե կառավարությունը, դատախազությունը, քաղաքապետը չեն կարողանում լուծում տալ այս հարցին, ինչպե՞ս եք պատկերացում, որ կիրականանա ձեր ներկայացրած կառավարության նոր ծրագիրը»,- հարցրեց Զ. Փոստանջյանը:
Ի պատասխան` քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանն ասաց., թե Փակ շուկայի տարածքում շինարարական աշխատանքները այս պահի դրությամբ դադարեցված են: Անդրադառնալով պատգամավորի այն դիտարկմանը, թե իր տեղեկություններով Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը դիմել է քաղաքապետարան` դադարեցնելու պահանջով Փակ շուկայի շինարարությունը, նախարարը հայտնեց, որ նախարարության կողմից էսքիզային նախագիծը և առաջարկները քննարկվել են և ներկայացվել քաղաքապետարան: