Բաժիններ՝

«Վերջին զանգին» ընդառաջ. Ոստիկանությունը ծնողներին կոչ է անում ձեռնպահ մնալ երեխաներին ավտոմեքենա վստահելուց

«Վերջին զանգի» հանդիսությունների ընթացքում ոստիկանությունը ողջ ծավալով իրականացնելու է հասարակական կարգի ապահովմանն ուղղված իր գործառույթները

Մայիսի 24-ին հանրապետության դպրոցներում կհնչի «Վերջին զանգը»:
Այս ավանդական, բայց եւ ամեն անգամ նոր ու անկրկնելի տոնը միայն դպրոցականներինը չէ, բոլորինս է, ուրեմն եւ բոլորով պետք է անենք առավելագույնը, որպեսզի որեւէ դիպված չմթագնի օրվա տոնականությունը:
Այս օրերին ոսոտիկանության ստորաբաժանումների անչափահասների գործերով տեսուչներն այցելում են դպրոցներ, զրուցում տնօրենների, մանկավարժների, նաեւ ծնողների հետ: Նպատակը մեկն է` համատեղ, համակարգված, միահամուռ ապահովել «Վերջին զանգի» հանդիսությունների անխափան ընթացքը, մասնակիցների անվտանգությունը, պատշաճ կարգուկանոնը դպրոցներում ու դպրոցամերձ տարածքներում, փողոցներում, հրապարակներում, զբոսայգիներում, ամենուր, որտեղ իրենց տոնը նշելու են երեխաները:
Համոզված ենք, որ այդ նպատակին ուղղված աշխատանքներն արդյունավետ կլինեն: Ոստիկանությունը մայիսի 24-ին ողջ ծավալով իրականացնելու է հասարակական կարգի ապահովմանն ուղղված իր գործառույթներն ու շատ խիստ է լինելու համակեցության կանոնների եւ օրինականության խախտման ցանկացած դրսեւորման հանդեպ: Այդ խստությունը ոմանց կարող է նույնիսկ անհարկի թվալ, բայց մենք այլ կարծիքի ենք. ավելի լավ է մեզ քննադատեն խստության համար, քան սթափվենք, երբ դժբախտությունն արդեն պատահած կլինի…
ՀՀ ոստիկանությունը մեկ անգամ ևս դիմում է հանրապետության տարածքում կազմակերպվելիք հանդիսությունների բոլոր մասնակիցներին՝ մեծահասակներին` մանկավարժներին ու հատկապես ծնողներին` ուշադի՛ր եղեք երեխաների հանդեպ, ձեռնպա՛հ մնացեք նրանց ավտոմեքենա վստահելուց, զե՛րծ պահեք ոգելից խմիչքների օգտագործումից, կանխե՛ք ցանկացած լարվածություն ու միջադեպ տաքարյուն անչափահասների միջև:
Մեր երեխաներն առաջին քայլն են անում ինքնուրույն կյանքի ճանապարհին. անե՛նք ամեն ինչ, որ այդ քայլը միշտ պայծառ հիշվի:

ՀՀ Ոստիկանություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս