
Վատ է նույնիսկ պաշտոնապես. մամուլ

«Երեկ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է այս տարվա առաջին 4 ամիսներին Հայաստանում արձանագրված մակրոտնտեսական հիմնական նախնական ցուցանիշները:
Ըստ այդմ, այս տարվա ապրիլին տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) անցած տարվա նույն ամսվա համեմատ աճել է ընդամենը 3.9 տոկոսով: Սա ամենացածր ցուցանիշն է այս տարվա նախորդ ամիսների համեմատ:
Ընդ որում, ՏԱՑ-ի աճի տեմպը 2-2.5 անգամ ավելի ցածր է, քան հունվար, մարտ, փետրվար ամիսներին: Ու ընդհանրապես, որքան էլ անվստահելի ու ուռճացված լինեն մեր պաշտոնական վիճակագրական ցուցանիշները, երեկ հրապարակվածներից ակնհայտ է դառնում, որ վիճակը լավ չէ:
Ըստ այդմ, օրինակ միջին աշխատավարձը ապրիլին մարտի համեմատ Հայաստանում նվազել է 600 դրամով կամ 0.4 տոկոսով: Նախորդ տարիներին ընդհակառակը՝ ապրիլին աշխատավարձերը սովորաբար զգալի ավելանում էին:
Ամենաուշագրավն այն է, որ չնայած անցած տարվա ապրիլի համեմատ աշխատավարձերը աճել են 2.5 տոկոսով, սպառողական գները, ըստ պաշտոնական վիճակագրության, բարձրացել են 3.9 տոկոսով: Այլ կերպ ասած, նույնիսկ պաշտոնական վիճակագրության համաձայն՝ աշխատավարձ ստացող ՀՀ բնակչության գնողունակությունը նվազել է մոտ 1.5 տոկոսով:
Տխուր արձանագրում կա արդյունաբերությունը որպես տնտեսության գերակա ճյուղ հայտարարած երկրի համար: Այս տարվա ապրիլին անցած տարվա ապրիլի համեմատ արդյունաբերական ապրանքների արտադրության ծավալն աճել է ընդամենը 3.6 տոկոսով այն դեպքում, երբ մարտին այդ ցուցանիշը 15.4 տոկոս էր, փետրվարին՝ 13.3, հունվարին՝ 18.8 տոկոս»,- գրում է«Հայկական ժամանակ» օրաթերթը: