Բաժիններ՝

Թող ճշտեն, թե որ ՀԱԿ-ի մասին է խոսքը. մամուլ

«Երկրում սոցիալական լարված վիճակ է, իսկ իշխող կուսակցության կարիերիստները երեկ ԱԺ հայտարարությունների ժամին ժողովրդին հուսադրող խոսք ասելու փոխարեն շարունակեցին լավագույն ավանդույթները և այլ կուսակցություններին խարազանող ելույթներ ունեցան:

«Ցավալի է, որ այս ամբիոնից բարոյականությունից են խոսում մարդիկ, որոնց քաղաքական կենսագրությունը մեր աչքի առաջ է և այլ բան է ասում»,-մասնավորապես հայտարարեց ՀՀԿ երիտթևի «ծերացող» պատգամավոր Կարեն Ավագյանը:

«ՀԱԿ-ի մասին խոսելիս պիտի խնդրեմ, որ ներկայացնեք, թե որ ՀԱԿ-ի մասին է խոսքը»,- պատգամավորներին դիմեց նա: Սրան ի պատասխան, ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը ցուցամատը ցուցադրաբար օդ տնկեց և դահլիճում իր միակ թիմակից Գագիկ Ջհանգիրյանի հետ ցուցադրաբար լքեց նիստերի դահլիճը»,- գրում է «Հրապարակ» օրաթերթն ու հավելում.

«Նիստից հետո Կարեն Ավագյանից փորձեցինք ճշտել, թե ում նկատի ուներ ԱԺ-ի «անբարոյականներ» ասելով՝ խնդրեցինք կոնկրետ անուններ տալ, սակայն պատգամավորի նախկին պաթոսն այլևս չկար, և նա խուսափեց պատասխանից՝ ասելով, որ արդեն հասկանալի է: «Ուղղակի, որ հայտարարություն են անում ՀԱԿ-ի անունից, թող ճշտեն՝ դա որ ՀԱԿ-ից է. ՀԱԿ-ի՞ց, թե՞ ՀԱԿԿ-ից»,- նկատեց Կարեն Ավագյանը: Իսկ Ձեզ ի՞նչ, կատակեցինք: «Ո՞նց, բա չիմանա՞նք, թե ովքեր են մեր ընդդիմախոսները»:

Կարծում եք այս հա՞րցն է այսօր մեր երկրում ամենակարևորը, ամենաօրհասականը: «Օրհասական հարց այս պահին մենք չունենք, մենք հիմա քննարկում ենք տարբեր ծրագրեր և տարբեր քաղաքականություններ, թե ինչ ենք տեսնելու մեր ապագայում»,- ինքնավստահ հայտարարեց սոցիալական և այլ խնդիրներ չունեցող պատգամավորը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս