«Արվեստը մեզանում որպես անհրաժեշտ հոգևոր սնունդ չի ընկալվում» (լուսանկարներ)
«Երբեք նկարչությանը չեմ դավաճանել: Իմ մեջ կուտակված հոգեվիճակներն արվեստի միջոցով միշտ իրականացնելու ձև գտել եմ, որովհետև գիտակցել եմ, որ կհիվանդանամ, եթե չնկարեմ: Հասկացել եմ, որ եթե Աստված քեզ նկարելու առաքելություն է տվել, ապա դա չիրականացնելը հոգեկան խնդիրներ կարող է առաջ բերել»,- 168.am-ի հետ զրույցում ասում է նկարչուհի Հասմիկ Ավետիսյանը և ավելացնում,- Ամեն մարդ, ավարտելով գրագիտության, ուսանելու շրջանը, սկսում է ընտրել իր ոճը:
Կարող եմ ասել, որ ես շատ երջանիկ եմ այն առումով, որ ծնվել եմ այնպիսի ընտանիքում, որ բոլոր պայմաններն ինձ համար բնականորեն ստեղծվել են: Ես դրա համար չեմ պայքարել, այլ եփվելով` աճել եմ: Ինձ մոտ ոճի ընտրությունը շատ բնականորեն է ստացվել: Ինչ-որ շրջանում ես հասկացա, որ չեմ ուզում ռեալիզմի մեջ լինել, ինձ պետք էր նաև իմ հոգու միջով անցկացնելով՝ իրականությունը գիտակցել:
Ռեալիզմն ինձ համար ավելի շատ ձեռքի վարպետություն է: Իհարկե, դու նաև հոգի, էմոցիա ես դնում, բայց ինձ դա այդքան էլ չի բավարարում: Ինչպես իմ ուսուցիչներից մեկն էր ասում՝ աբստրակցիան հոգու ռեալիզմն է: Այսինքն` այն, ինչ զգում ես, ռեալիստորեն պատկերում ես: Հնարավոր է` ուրիշը դա չհասկանա, բայց դա ռեալիզմ է, ուղղակի չերևացող»:
– Հասմիկ, որքանով ծանոթ եմ Ձեր աշխատանքներին, նկատել եմ, որ վառ գույները Ձեզ հոգեհարազատ են…
– Գունային վառ ներկապնակն ինձ շատ բնորոշ է և հարազատ: Հաճախ նկարիչը գույների տերը չէ: Այն, ինչ կատարվում է նկարչի ներսում, գալիս է դրան համահունչ գույնը: Մի շրջան եղավ, երբ իմ նկարչությունը մաքուր գույների վրա էր հիմնված. դա ինձ չափազանց բավարարում էր: Ես միշտ ոգեշնչվել եմ հայկական մանրանկարչությունից: Բայց եկավ մի շրջան էլ, երբ ես ամբողջովին սև ու սպիտակի մեջ փակվեցի և նրանց մեջ փորձում էի արտահայտել ամբողջ գունային ներկապնակը: Հետո այդ շրջանին փոխարինեց գունային խելահեղ փոթորիկը: Եվ, ինչպես միշտ փոթորիկին հաջորդում է հանդարտությունը, իմ դեպքում ևս՝ հիմա մտքի և գույնի հավասարակշռության շրջան է սկսվել:
– Ձեր կտավներում նաև մարդկանց կերպարներ եմ տեսնում: Ընդհանրապես Ձեզ մարդ էակը հետաքրքրո՞ւմ է, փորձո՞ւմ եք նրան բացահայտել:
– Ես նկարում եմ փոքր տարիքից: Քանի որ մայրս նկարչուհի էր, միշտ նրա կողքին լինելով և տեսնելով ռեալիստական դպրոցի շատ ներկայացուցիչների և նաև նկարելով բնություն ու մարդկանց՝ հասկացա, որ մարդկային էությունն ամենալավն արտահայտվում է դեմքի, աչքերի մեջ: Դա ինձ համար կարևոր է մինչ օրս, որովհետև ես չեմ հոգնում նկարել մարդկային դեմքեր, հատկապես հիմա, երբ սկսել եմ դիմանկարների մի նոր շարք, որոնք շատ ռեալիստական են: Մեծ չափսերի դեմքեր են, որոնք հնարավորություն են տալիս սուզվել նրանց էության մեջ:
– Մարդկանց կերպարները մտացածի՞ն են, թե՞ մեր իրականությունից են վերցված:
– Ես շատ եմ սիրում ուսումնասիրելով մարդկանց` ստեղծել հավաքական կերպարներ: Արվեստն ավելի բարձրանում և հետաքրքրանում է, երբ ստեղծված կերպարը հավաքական է: Դու տեսնում ես տարբեր մարդկանց, նրանց ընդհանրացնող ու անջատող գծերը, և գլխիդ մեջ կամաց-կամաց սկսում են մարդկային տեսակների խմբեր առաջանալ: Իմ էությամբ այնպիսին եմ, որ սիրում եմ ուսումնասիրել, հետևել, նայել, զգալ, հետո հանրագումարի բերել, եզրակացություն անել: Ես իմ ապրած շրջաններն անընդհատ վերանայում եմ, վերագնահատում և վերցնելով կարևոր սերմը` գնում եմ առաջ: Նկարչության դեպքում ես ևս այդպես եմ վարվում:
– Հիմա ի՞նչ եք նկարում, ի՞նչն է Ձեզ հոգեհարազատ դարձել:
– Երկար ժամանակ ամբողջովին չէի կարողանում նկարչությանը նվիրվել, քանի որ նկարիչ լինելուց բացի՝ ես նաև կին եմ, մայր: Հիմա ընտանեկան պարտականություններս այնպիսին են, որ կարող եմ ինձ թույլ տալ և լրիվ տրվել իմ սիրած գործին: Այդ ազատությունը նաև իմ ամուսնու շնորհիվ է, ով մեծ արվեստասեր է և օգնելով ինձ` հնարավորություն է տալիս նվիրվել նկարչությանը:
Ինչպես վերը նշեցի` սկսել եմ մի նոր շարք, որը կոչվում է՝ «Անտեսված գեղեցկություն»: Վերջին տարիներին ինձ շատ է սկսել հետաքրքրել և զարմացնել մեր աշխարհի բազմազանությունը, տեսակները և մարդկանց վերաբերմունքն այդ տեսակների նկատմամբ: Ուրիշ տեսակն ընդունելը հասարակության համար մեծ խնդիր է, հատկապես, եթե դրանք «սպիտակ ագռավներ» են: Այս շարքը նվիրված է ալբինոսներին: Դրանք մարդիկ են, որոնց մաշկը չունի մելանին կոչվող մաշկը գունավորող պիգմենտը, և ֆիզիկապես էլ նրանք հասարակության կողմից ընկալվում են՝ որպես «սպիտակ ագռավներ»: Շարքում օտար տեսակին ընդունելու առաքելություն կա: Ալբինոսների «տարօրինակության» մեջ ես տեսա և՛ էսթետիկական, և՛ հոգեկան՝ այս պահին ինձ բավարարող ընդվզումներ: Նրանց ասում են՝ Լուսնի երեխաներ: Սկսեցի նրանց մասին կարդալ, հասկացա, որ հետաքրքիր թեմա է, նկարչության մեջ՝ չշոշափված և մեծ պոտենցիալ տեսա այդ թեմայի մեջ: Շարունակելով նկարել այս դիմանկարները` ես ավելի եմ համոզվում, որ սա իմ թեման է:
– Կերպարներ ստեղծելիս խոսո՞ւմ եք նրանց հետ:
– Խոսակցությունն անընդհատ է տեղի ունենում, հետո վերածվում է էմոցիաների, հետո էլ` նկարների…
– Կա՞ն նկարներ, որոնցից դժվար եք բաժանվում:
– Իհարկե, կան այդպիսի նկարներ: Մի շրջան կար, երբ ընդհանրապես չէի կարողանում բաժանվել: Քանի որ շատ քիչ էի այդ ժամանակ աշխատում, նկարներս պահում էի՝ որպես իդեաներ, որոնց հիման վրա հետո կարող էի շարքեր անել: Հիմա, կարելի է ասել, նկարներիցս հաճույքով եմ բաժանվում, բայց կան նկարներ, որոնցից ընդհանրապես պատրաստ չեմ բաժանվել:
– Հայաստանում ցուցահանդես կազմակերպելն իր իմաստը չի՞ կորցրել:
– Ցուցահանդեսներ կազմակերպվում են ավելի շատ ինքնակայացման համար: Ցուցահանդես կազմակերպելը բավականին թանկ հաճույք է, բացի դրանից էլ՝ գումարային առումով քեզ ոչ մի օգուտ չի տալիս: Մենք` նկարիչներս, ցուցահանդես ենք կազմակերպում, գալիս են մեր ընկերները, նայում, ուրախանում, բայց ուրիշ ոչ մեկը գրեթե չի հետաքրքրվում, իսկ գնորդի մասին խոսելն ավելորդ է: Բոլոր երկրներում էլ մարդիկ դժվար են ապրում, բայց արվեստի նկատմամբ լրիվ այլ վերաբերմունք ունեն: Կարծում եմ` դա մշակույթի նկատմամբ դաստիարակության հետևանքով առաջացած վերաբերմունք է: Արվեստը հոգևոր սնունդ է, որը պահպանում է քո տեսակը, հոգևոր դաշտը, դաստիարակում քո ամենագեղեցիկ հատկանիշները: Եկեք հանենք այս ամենը, ի՞նչ կմնա կյանքում… ֆիզիկական գոյություն, որը երբեք չի կարող բավարարել երկար ժամանակ:
– Ի՞նչ եք կարծում՝ պետությունը չի գիտակցում արվեստի ուժը:
– Արվեստի նկատմամբ վերաբերմունք չկա, ավելի ճիշտ՝ ոչ թե չկա, այլ շատ վատ վերաբերմունք կա: Արվեստի դաստիարակող ուժը հիմա օգտագործվում է ի վնաս հասարակության, հատկապես՝ նոր սերնդի: Լինելով ավելի շատ սովետական շրջանի գիտակցության կրող, որը հոգևոր դաշտի շնորհիվ զարգացնում էր հրաշալի իդեալներ, հիմա տեսնում եմ մշակույթի միջոցով այդ իդեալների վերջնական ոչնչացման գործընթաց: Շատ հեշտ է ղեկավարել հոգևոր առումով դատարկ մարդկանց, որոնք ապրում են միայն ֆիզիկական դաշտում: Հոգևոր մարդը սկզբունքային է, իսկ սկզբունքային մարդուն ղեկավարելը հեշտ չէ:
Իսկ ինչ վերաբերում է արվեստին, որը շատ շնորհակալ մի դաշտ է, եթե որոշակի ներդրումներ այստեղ լինեն, արվեստը տասնապատիկը կվերադարձնի… Ցանկություն է առաջանում այցելել այն երկրներ, որոնք իրենց յուրահատուկ տեսակով հետաքրքիր են և գրավիչ: Երբ տեսնում ես՝ գիտակից եվրոպական երկրներում ինչ գումարներ են աշխատում արվեստի շնորհիվ` ուղղակի անելով որոշակի ներդրումներ, ցավ ես ապրում մեր երկրի՝ արվեստի նկատմամբ ունեցած անհեռատես քաղաքականության համար:
Այս վերաբերմունքին պետք է վերջ դնել, քանի որ մեր ազգը վերջիվերջո պահպանվել է մեր արվեստի և լեզվի շնորհիվ: Արվեստը մեզանում որպես անհրաժեշտ հոգևոր սնունդ չի ընկալվում: Առօրյա ֆիզիկական դաշտում անիմաստ գումարներ վատնելու փոխարեն՝ գոնե մեկ-մեկ կարելի է հիշել արվեստի մասին, որը մնայուն արժեք է: Անտարբերությունն, իսկապես, շատ կործանիչ երևույթ է: