«Կարճ ու կոնկրետ` ներկայացրել ենք վատ երգ, հիանալի կատարում և 0-ի հավասար շոու»
Երեկ տեղի ունեցավ «Եվրատեսիլ 2013» երգի մրցույթի եզրափակիչ փուլը: Մրցույթում Հայաստանը ներկայացնող «Դորիանս» ռոք խումբը հանդես եկավ 12-րդ համարի ներքո և գրավեց 18-րդ հորիզոնականը:
Արդյունքների ամփոփումից հետո` սոցիալական ցանցերում սկսվեցին բուռն քննարկումներ: Շատերը փորձում էին գտնել պատճառներ, թե ինչու Հայաստանն այս տարի զբաղեցրեց 18-րդ հորիզոնականը, մյուսներն էլ` առաջարկում էին, որ էլ երբեք Հայաստանը չմասնակցի այս երգի մրցութին:
«Դորիանս» խումբն իր ֆեյսբուքան պաշտոնական խմբում գրել էր. «Հայաստանի և ամբողջ աշխարհի սիրելի երկրպագուներ, շնորհակալ ենք մրցույթից առաջ և հետո ձեր աջակցության համար: Մենք շատ բարձր տրամադրություն ունենք, սա ընդամենը մեր կարիերայի մի էջն էր»:
«Արարատ» ամսագրի գլխավոր խմբագիր Ալեն Սիմոնյանն էլ գրել էր հետևյալ մեկնաբանությունը. «Բոլորս գիտենք պատճառները, թե ինչու մենք այսօր կրկին անգամ խայտառակ եղանք եվրատեսիլում! Ու դրա պատճառը Դորիանսը չի!!!
Դրա պատճառը այն մի քանիսն են ում թվում է, թե իրենք է, որ պետք է որոշում կայացնեն! Ում թվում է, թե իրենք այս ազգի էլիտան են ու ամեն ինչ գիտեն:
Սա հայ ազգի ու Դորիանսի պարտությունն ու 18 տեղը չի: Սա ձեր դատարկ ու ոչ կոմպետենտ լինելն է: Վայելեք»:
Երգիչ Վահագ Ռաշն էլ իր հերթին ներկայացրել էր 4 սուբյեկտիվ պատճառ, թե ինչու Հայաստանը Եվրատեսիլ 2013 մրցույթում գրավեց վերջից 9-րդ տեղը:
«Գոռի տաղանդի և նրա փայլուն կատարումի մասին ոչ ոք կասկած չունի և 2-րդ կարծիք այստեղ չի կարող լինել: Ինչքան էլ ինքս շատ եմ հավանում Գոռին որպես երգիչ` միշտ էլ նշել եմ Դորիանսի մասին, որ հայերեն երգերը շատ քիչ են նրանց երգացանկում ու շատ է նմանակումը արտասահմանյան մի քանի լեգենդար խմբերի` անուններ չնշեմ: Տղաները բոլորը շատ տաղանդավոր են, սակայն Հայաստանում շատ դժվար է այդ տաղանդը դրսևորել էֆֆեկտիվ ձևով` առանց մեծ գումարներ ծախսելու: Սա ուղղակի թեմայից դուրս հիմա անցնեմ պատճառներին:
1. Երգի սխալ, շատ սխալ ընտրություն (ինչքան էլ հեղինակը աշխարահռչակ մարդ է, ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ դա այստեղ ոչ մի կապ չունի):
2. Գոռը պետք է մասնակցեր առանձին` ոչ խմբով, քանի որ բացի վոկալից, ոչ մի գործիք կենդանի չկա այստեղ, իմաստ չուներ նման ձևով ներկայանալ:
3. Շոուի բացակայություն: Բացահայտում արած չեմ լինի, եթե ասեմ որ Գոռը նման չէ Եվրոպական քույրիկի տեսքով տղաներին` որոնց շատ են սիրում աղջիկները և ինչու չէ տղաները նույնպես (եթե կարելի է իրենց տղա անվանել): Ուստի այս բացը պետք է ծածկվեր շոուով:
4. Ընտրական փուլի բացակայություն: Եթե հույսերս դնում ենք սփյուռքի վրա ապա պետք է նաև մասնակից ուղղարկելուց առաջ հաշվի առնենք մեր հայրենակիցների կարծիքը և կատարենք նորմալ, արդար քվեարկությամբ ընտրություն` այսինքն քվեարկություն ոչ Հայաստանում, այլ սփյուռքում պլյուս անաչառ ու ժողովրդական ժյուրի:
Հիմա անեմ իմ եզրակացությունը. բոլորն ասում են, որ սա քաղաքականություն է, բայց այս դեպքում քաղաքական ոչինչ ես չեմ տեսնում կոնկրետ Հայաստանի հետ կապված: Ինձ համար արվեստի մեջ թշնամիներ չկան, եթե Ադրբեջանը կամ Թուրքիան լավ է երգում ու ներկայանում, ես երբեք չեմ կարող ասել, որ վատն են, ուղղակի չեմ քվեարկի նրանց օգտին և վերջ` հասկանալի պատճառներով:
Ուսումնասիրելով արտասահմանյան ֆորումներ շատ չնչին մի քանի կարծիք գտա Հայաստանի ու Հայաստանի մասնակցության մասին, այսինքն այստեղից հետևություն, որ երգը այնքան չհիշվող է եղել, որ նույնիսկ չի տպավորվել մարդկանց մոտ:
Կարճ ու կոնկրետ` ներկայացրել ենք վատ երգ, հիանալի կատարում և 0-ի հավասար շոու: Մնացած ենթադրությունները թողնում եմ ձեզ ու նորից կրկնում, որ սա իմ սուբյեկտիվ կարծիքն է:
Իսկ Ադրբեջանը թե ինչու շատ միավոր հավաքեց շատ պարզ պատասխան ունի, երգը բավական հաջող էր, իսկ Թուրքիան այս տարի չէր մասնակցում, այսինքն Թուրքիայի ամբողջ սփյուռքը ձայները տվել է Ադրբեջանին»: