Գազի միջպետական սակագինը
«Մեծ ընտրությունների» շրջանն ավարտվեց: Հիմա իշխանությունները մեր կարիքը չունեն: Բարդ չէ ենթադրելը, որ կսկսվի գնաճի անզուսպ շրջան, որ առնվազն երկու-երկուսուկես տարի կտևի: Հետընտրական առաջին թանկացումը կապված է գազի սակագնի հետ: «ՀայՌուսգազարդն» արդեն դիմել է: Դիմել է` ում որ հարկն է: Գազի հնարավոր 60-70 տոկոս թանկացումից բոլորն արդեն շոկի մեջ են: Թե՛ տնտեսվարողները, թե՛ խաղաղ բնակչությունը: Միակ մխիթարությունն այն է, որ «ՀայՌուսգազարդն» իրականում սակագնի ավելի համեստ գնաճի հավակնություններ ունի: Իսկ ներկայացրած բարձր գները պայմանավորվածության արդյունք են:
Այսինքն` մեր իշխանությունները ռուսական ընկերության հետ համաձայնություն ունեն, որ սեփական բնակչության աչքի առջև իրենց «տղամարդավարի» կպահեն: Չեն համաձայնի, կպայքարեն ու, ի վերջո, ավելի ցածր սակագնի շուրջ համաձայնության կգան: Հարազատ իշխանությունների ծանր աշխատանքը գնահատելով` հայ սպառողն անմռունչ կհամակերպվի նոր սակագնի հետ: Հերթական անգամ: Հայ-ռուսական տնտեսական հարաբերությունները երբեք անամպ չեն եղել:
Մի քանի տարի առաջ, երբ Ռուսաստանն առաջարկեց բարձրացնել Հայաստան ներմուծվող գազի գինը, մեր իշխանությունները դիմադրություն խաղալու պես մի բան արեցին ու համաձայնեցին: Սակայն, որպեսզի տնտեսությունն ու բնակչությունը «չզգան» նոր սակագնի բեռի ծանրությունը, ՀՀ կառավարությունը որոշեց սուբսիդավորել գազի գինը: Այս պատմության ավարտը մեր նորօրյա պատմության մեջ հայտնի «Գույք` պարտքի դիմաց» անունով երևույթի շարունակությունն էր: Ողբերգակոմիկական երևույթի: Որովհետև այդ գործարքների և՛ ռուսական կողմն է միշտ դժգոհ մնացել, և՛ մենք:
Ռուսական քաղաքական շրջանակներում բոլոր էտապներում շատերն էին այն կարծիքին, որ իրենց զիջված տնտեսական աշխատող ու չաշխատող ձեռնարկությունների գինն ուռճացված էր: Մեր հասարակական կարծիքը հակառակում էր համոզված: Բայց մեր հասարակական կարծիքի հետ նույնիսկ մեր իշխանավորները հաշվի չեն նստում: Ուստի դա ուրիշից պահանջելը պարապ գործ է:
«ՀայՌուսգազարդը» վաղուց էր փորձում բարձրացնել մատակարարվող գազի գինը: Դեռ 2011-ի աշնանից: Մերոնց մոտ երկուսուկես տարի հաջողվեց կանխել ռուսական ընկերության հավակնությունները: Սակայն առայժմ պարզ չէ, թե ինչ գնով: Մամուլն արդեն մեկուկես տարի գրում է, որ Պետական եկամուտների կոմիտեի տվյալներով` գազի սակագինը 180 դոլարի փոխարեն` 240 է դարձել: Իսկ կառավարությունը պաշտոնապես հերքում է:
Պոետի խոսքերով` հերքում է անհերքելին: Պարզ չէ` գնի տարբերությունը ռուսական ընկերությանը վճարվե՞լ է, թե՞ ոչ: Դատելով նոր` 270 դոլարանոց հավակնությունից, կարելի է ենթադրել, որ մեր կառավարությանը պարբերաբար խոստումներ տալով` հաջողվել է հետաձգել վճարումները: Բայց հիմա եկել է տնտեսական հարաբերությունները հստակեցնելու պահը: Միակ անհասկանալի երևույթն առայժմ ՀՀ նախագահի հայտարարությունն է, որ գազը կարող է թանկանալ, կամ` ոչ: Հայտնի բան է` գազը միջազգային գնանշում չունի, այսինքն` ապրանքահումքային բորսաներում չի վաճառվում: Գազի սակագինը լայն իմաստով որոշվում է միջպետական համաձայնագրերով: Դրանք սովորաբար հրապարակային համաձայնագրեր են:
Մեր պարագան այլ է: «Գույք` պարտքի դիմացը» և դրա շարունակությունները դրա ապացույցն են: Տարիներ առաջ հանրային գույքի ապապետականացմամբ կարողացանք փակել ռուսական պարտքը և իմանալ բանակցությունների իրական բովանդակությունը: Տնտեսագետների մի մասի կարծիքով` այդ ծրագրի «հայռուսգազային» էտապից իրականում ավելի շատ շահեցին գազ օգտագործող խոշոր օլիգարխները (օրինակ` ցեմենտ արտադրող), քան բնակչությունը: Մինչդեռ գործարքի ընթացքում ռուսական կողմին զիջվեց նաև երկրորդ` այլընտրանքային իրանական գազամուղը:
Հիմա արդեն անհրաժեշտ քանակությամբ հանրային գույք չի մնացել, որ կառավարությունը հերթական անգամ սուբսիդավորի գազի սպառումը` վասն օլիգարխաց, բայց բնակչության բարօրության անունով: Մեր կառավարությանը համարյա երկու տարի է չի հաջողվում կառավարության երկրորդ մասնաշենքը վաճառել:
Դժվար թե ռուսական կողմը համաձայնի նոր «Գույք` պարտքի դիմաց» ծրագրով կառավարության նույնիսկ հիմնական մասնաշենքը վերցնել: Ուրեմն հետևյալ պատկերն է ձևավորվել` ռուսական կողմն առաջարկում է էապես բարձրացնել գազի գինը, իսկ մենք զիջելու բավարար քանակի հանրային գույք արդեն չունենք: Բայց կա ՀՀ նախագահի խոստումը սակագնի չբարձրանալու հնարավորության մասին: Հավանաբար հայ-ռուսական բանակցությունների ներկա պահին կա մի բան, որը հայկական կողմը կարող է զիջել: Իսկ ռուսական կողմը կհամաձայնի դրան: Խոսքը, հնարավոր է` Եվրասիական միությանն անդամակցության մասին է:
Ոչ իշխող քաղաքական ուժը` ՀՀԿ-ն, ոչ կառավարող շրջանակները հասարակությանը բացահայտ չեն ներկայացրել իրենց տեսակետը քաղաքական այդ լրջագույն ձեռնարկի մասին: Քաղաքական շրջանակներում շատերն են այդ կազմակերպությանն անդամակցումը համարում անկախության իրական կորուստ: Երևի միշտ էլ երկիրը կարելի է հասցնել տնտեսական այնպիսի վիճակի, երբ հնարավոր կլինի համակերպվել ամենաանընդունելի լուծումների հետ: Գուցե մենք, ավելի ճիշտ` մեր իշխանություններն այս ճանապարհին են:
«168 ԺԱՄ»