Որքա՞ն է վճարելու բնակիչը գազի համար, և քանի՞ միլիարդ է կորցնելու բյուջեն (գծապատկերներ)
Ինչպես և սպասվում էր, հայրենի իշխանությունները սկսեցին փչել գազային փուչիկը: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հավաստիացրեց, որ մանրամասն քննարկելու են, թե «ՀայՌուսգազարդի» ներկայացրած 221 դրամ սակագինը որքանով է հիմնավոր: Վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ, առանց սպասելու, թե, ի վերջո, ի՞նչ սակագին է հաստատվելու, հայտարարեց. «Հանրապետության կառավարությունը 30 տոկոսով սուբսիդավորելու է գազի սակագինը»: Սա էլ դեռ ամենը չէ. վարչապետը նշել է, որ սոցիալապես անապահով ընտանիքները ստանալու են օժանդակություն, որպեսզի գազի թանկացումը նրանց ընտանեկան բյուջեի վրա բացասական ազդեցություն չթողնի: Հիմա այս լուրը կսկսեն պտտել հեռուստաալիքներով՝ փորձելով համոզել, թե որքան մարդասեր է կառավարությունը:
Իրականում, սակայն, ավելի անորոշ և անհասկանալի հայտարարություն դժվար է պատկերացնել: Հայտարարությունից չի հասկացվում՝ կառավարությունը 30%-ով ո՞ւմ է սուբսիդավորելու՝ բոլոր գազ սպառողների՞ն (այդ թվում՝ խոշոր սպառող հանդիսացող բիզնեսին), թե՞ միայն բնակչությանը: Չի երևում, թե որքան ժամանակ են պատրաստվում սուբսիդավորել, կամ որքան գումար է դրա վրա նախատեսվում բյուջեից ուղղել:
Այնպիսի տպավորություն է ստեղծվում, կարծես 30%-անոց սուբսիդավորման ծախսը Հայաստանի բյուջեի համար աննշան բեռ է: Սակայն իրականում խոսքը գնում է տասնյակ միլիարդ դրամների մասին: Բացի այդ, հարցեր կան, որոնց պատասխանը մարդուն կարող է տարակուսանքի մեջ գցել: Օրինակ, ի՞նչ կլինի, եթե Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշի, որ սակագինը, ներկայիս 132 դրամի փոխարեն, պետք է դառնա ոչ թե՝ 221, այլ՝ 170 դրամ (սահմանի վրա գազի թանկացմանը համարժեք): Եթե կառավարությունը սուբսիդավորի 170 դրամ սակագնի 30%-ը, ապա կստացվի, որ բնակիչը 1 խմ-ի համար վճարելու է 119 դրամ: Ավելի ցածր, քան այժմ: Իսկ նման բան դժվար է պատկերացնել: Սպառողի տեսանկյունից՝ լավագույն դեպքում գազի գինը մնալու է անփոփոխ:
Այսինքն, նվազագույն գինը, որը կհաստատի հանձնաժողովը, կլինի 188.5 դրամ՝ 1խմ-ի դիմաց (այդ գնի 30% սուբսիդավորման դեպքում սպառողը կվճարի այնքան, որքան հիմա):
Կարճ ասած՝ բնական գազի սակագինը բնակչության համար կհաստատվի 190-221 դրամի միջակայքում:
Ինչպես նշվեց, կառավարությունը սուբսիդավորելու է այդ գնի 30%-ը: Ըստ այդմ, 190 դրամ սակագնի պարագայում բնակչությունը 1 խմ-ի համար փաստացի վճարելու է 133 դրամ, վատագույն դեպքում (եթե սակագինը լինի 221 դրամ)՝ 155 դրամ: Սա վերնագրում նշված առաջին հարցի պատասխանն էր:
Ստորև ներկայացված գծապատկերում բերված են մի քանի տարբերակներ, թե որքան է արժենալու բնական գազը բնակչի համար (կապույտ սյունակ)։
Որքա՞ն է վճարելու սպառողը 1խմ գազի դիմաց (դրամ)
Օրինակ, եթե հաստատվի 190 դրամ սակագին, դրանից շուրջ 57 դրամը կսուբսիդավորի կառավարությունը, 133-ը՝ բնակիչը: 200 դրամ սակագնի հաստատման պարագայում՝ բնակիչը 1 խմ-ի դիմաց վճարելու է 143.5 դրամ, կառավարությունը՝ 61.5 դրամ։
Հիմա անդրադառնանք մյուս հարցին, որը պակաս կարևոր չէ.՝ որքա՞ն գումար է բյուջեից հատկացվելու սուբսիդավորման համար: Չէ՞ որ յուրաքանչյուր խորանարդ մետրի դիմաց 50-60 դրամ վճարելու համար լուրջ գումարներ են պետք: Փորձենք հաշվել՝ մոտավորապես ի՞նչ կարգի գումարի մասին է խոսքը: Ընդ որում, հաշվենք նվազագույն տարբերակով՝ ենթադրելով, որ կառավարությունը սուբսիդավորելու է միայն բնակչության սպառումը (այն բաժանորդների, ովքեր ամսական 10 000 խմ-ից պակաս գազ են սպառում)։
«ՀայՌուսգազարդի» տվյալներով՝ Հայաստանում կանխատեսվող ընդհանուր սպառումը տարվա կտրվածքով կազմել է 1.7 միլիարդ խմ: Դրանից 1.1 միլիարդը բաժին է ընկնում խոշոր սպառողներին, 600 միլիոնը՝ բնակչությանը: Այսինքն՝ կառավարությունը պետք է փոխհատուցի տարեկան 600 միլիոն խմ գազի գնի 30%-ը: Ինչպես նշեցինք, հանձնաժողովը սակագին է հաստատելու 190-221 դրամի միջակայքում:
Այս երկրորդ նկարում կարող եք տեսնել հնարավոր տարբերակները՝ որքա՞ն է հատկացվելու բյուջեից տարբեր սակագների դեպքում։
Պետբյուջեի տարեկան լրացուցիչ ծախսը՝ սուբսիդավորման դեպքում (մլրդ դրամ)
Օրինակ, եթե գազի սակագինը հաստատվի 200 դրամ, ապա սուբսիդավորման վրա պետբյուջեից կծախսվի տարեկան 36 միլիարդ դրամ (բնակչության ընդհանուր սպառումը կլինի 120 միլիարդ դրամ):
Այսինքն՝ վերը նշված հաշվարկի համաձայն, սուբսիդավորումը պետբյուջեի ծախսը տարեկան կավելացնի 34- 40 միլիարդ դրամով (82-96 միլիոն դոլար): Սա էլ երկրորդ հարցի պատասխանը: Իհարկե, հաշվարկը կատարյալ չէ, քանի որ հնարավոր է՝ բնակչությունը նվազեցնի գազի սպառման ծավալները: Սակայն այս թիվը թույլ է տալիս գոնե մոտավոր պատկերացում կազմել՝ սպառման ներկայիս ծավալների պայմաններում։
Ընդ որում, եթե կառավարությունը որոշի սուբսիդավորել բոլորին անխտիր (այդ թվում նաև՝ խոշոր սպառողներին), ապա բյուջեի լրացուցիչ ծախսը կանցնի 100 միլիարդ դրամից։
Իսկ որտեղի՞ց է կառավարությունը 30-40 միլիարդ հատկացնելու սուբսիդավորմանը:
Ա՛յ այս հարցը պետք է իրենց տան այն մարդիկ, ովքեր ոգևորվել են սուբսիդավորման գաղափարով: 30-40 միլիարդը տրամադրվելու է բյուջեից՝ մեր վճարած հարկերի հաշվին:
Ուրեմն՝ կամ կառավարությունը պետք է կրճատի որոշ ծախսեր (ավելի քիչ ծառայություններ մատուցի բնակչությանը), կամ պետք է ավելացնի հարկերը: Երկու դեպքում էլ կորցնողը հարկատուներն են՝ ՀՀ քաղաքացիները:
Այնպես որ, սուբսիդավորումը ո՛չ հերոսական քայլ է, ո՛չ էլ բարեգործություն: Ոչ էլ՝ կառավարությանը շնորհակալություն հայտնելու առիթ: Ինչպես փորձ է անում ներկայացնել իշխանական քարոզչությունը: