Բաժիններ՝

Կցակառույցի թույլտվություն՝ 70.000 դոլարո՞վ

Երեկ մեր թերթի խմբագրություն են դիմել Արաբկիր վարչական շրջանի Հ. Քոչար փողոցի թիվ 19 շենքի բնակիչները՝ ահազանգելով իրենց ազատ տեղաշարժվելու իրավունքի կոպիտ խախտման մասին:

Վերջիններս, հասկանալով, որ այլևս անզոր են Երևանի քաղաքապետ Տ. Մարգարյանի հովանավորությամբ նույն տարածքում կառուցապատում իրականացնող անձի գործողությունները «զսպել»` ստիպված փորձում են լրատվամիջոցների օգնությամբ իրավիճակը վերահսկողության տակ պահել: Շենքի բնակիչները հավաստիացնում են, որ հարցին լուծում չտալու դեպքում անկանխատեսելի հետևանքներն անխուսափելի են, ընդհուպ՝ ծեծկռտուքի կամ դժբախտ պատահարի ելքով: Բանն այն է, որ Քոչարի 19 շենքի առաջին հարկը ոչ թե բնակելի, այլ գրասենյակային տարածք է, որտեղ տարածք է զբաղեցնում նաև ատամնատեխնիկական գործունեություն իրականացնող կազմակերպության սեփականատեր Համազասպ Գրիգորյանը: Հարակից տարածքում տեղակայված «Արգո» անշարժ գույքի գործակալությունը նույնպես նրան է պատկանում: Հ. Գրիգորյանը դեռևս փետրվար ամսին արդեն ձեռք էր բերել բնակելի շենքի կից տարածքում կցակառույցի շինարարության թույլտվությունը, որն, ըստ բնակիչների` տրվել է ապօրինի ճանապարհով և առանց հաշվի առնելու բնակիչների տարրական իրավունքները: Մինչդեռ կառուցապատողը` հասկանալով, որ իր նախաձեռնած գործողությունները ոչ միայն կարժանանան բնակիչների ընդվզմանը, այլև` կհարվածեն Տ. Մարգարյանի հեղինակությանը, սպասել է մինչև Երևանի քաղաքապետի ընտրությունների ավարտը:

Մայիսի 6-ին՝ ընտրությունների հաջորդ օրը, Քոչարի 19 շենքի բնակիչներն առավոտյան արթնացել են ատամնատեխնիկական գրասենյակի ոչ բնակելի տարածքի սեփականատեր Հ. Գրիգորյանի կողմից նախաձեռնած քանդման աշխատանքների աղմուկից:

Բանն այն է, որ կառուցապատողն արդեն հասցրել է շենքի հիմքին կիպ տարածքում հսկայական փոս փորել, որը կարող է վտանգել նաև շենքի սեյսմիկ անվտանգությանը: Դրանից բացի, այդ գործողությունները մեկնարկելուց անմիջապես հետո ամբողջ թաղամասը հոսանքազրկվել է՝ կառուցապատողի անփութության հետևանքով: Քանդման աշխատանքների ընթացքում շինարարները վնասել են ամբողջ տարածքին սպասարկող էլեկտրաէներգիայի հիմնական մալուխը, որը մինչ օրս, պարզվում է՝ ոչ միայն չի վերանորոգվել, այլև՝ Հ. Գրիգորյանը չի էլ պատրաստվում գումարներ ծախսել այն վերականգնելու համար:

Մայիսի 6-ից մինչ օրս թաղամասի էլեկտրաէներգիան մատակարարվում է էլեկտրակայանի ռեզերվային էլեկտրաէներգիայով: «Նա փորձում է փակել մեր և հարակից շենքեր մուտք գործելու միակ ուղին՝ փողոցը, որի արդյունքում` նույնիսկ մեր երեխաներն են զրկվում իրենց բակ ելումուտ անելու հնարավորությունից: Էլ չենք ասում, որ ավտոմեքենաների տեղաշարժն ընդհանրապես սահմանափակվում է: Ախր սա ի՞նչ անօրինականություն է, փաստորեն, հարյուրից ավելի բնակիչներ զրկվում են տարրական իրավունքներից՝ հանուն մի սեփականատիրոջ, ով հայտարարում է, թե ետ չի կանգնելու, քանի որ միայն այդ թույլտվությունը ստանալու համար 70.000 դոլար է ծախսել»,- վրդովված հայտարարում են բնակիչները՝ հավելելով, որ քանդման գործողությունները ներկայումս կասեցվել են բնակիչների դժգոհության արդյունքում:

Մինչդեռ կառուցապատողի ներկայացուցիչներն անընդհատ փորձեր կատարում են դրանք շարունակելու համար, ավելին՝ վեճեր են հրահրում, բնակիչներին վիրավորում են, որպեսզի գրանցվի միջադեպ, և Ոստիկանության միջամտության արդյունքում` գործն արագ ավարտին հասցնեն: Շենքերի միջնամասում գտնվող 12 մետր տարածություն կազմող փողոցի 3 մետր կազմող մայթեզրերը նախատեսված են հետիոտնի համար, որի մի հատվածն արդեն գոյություն չունի: Բնակիչները վստահեցնում են, որ փողոցի մյուս հատվածի բնակելի շենքը վթարային վիճակում է, ինչն այսօր նաև իրենց շենքին է սպառնում: «Ամբողջ այս տարածքին մատակարարվող էլեկտրաէներգիայի, հեռախոսակապի մայր մալուխները պաշտպանող շինարարական ամուր շերտը քանդել ու դրա վրա ուզում է կապիտալ շինարարություն իրականացնել:

Աբսուրդ է, որևէ երկրում նման բան չեք տեսնի: Փաստորեն, նա ամբողջ մի տարածքի բնակիչների սպասարկող հոսանքի և հեռախոսակապի հետ ամեն վայրկյան կարող է անել` ինչ ցանկանում է: Ընդ որում, հեռախոսակապի լարերը նույնպես վնասում էին, մենք ենք վրա հասել, որ կանխվել է: Նա պատճառաբանում է, թե տեխնիկական պայմաններ ստանալուց հետո կտեղափոխի փողոց, բայց ո՞նց կարելի է այն տեղափոխել փողոցի մեջտեղ»,- ասում են բնակիչները, որոնց դիմումներին ի պատասխան՝ Արաբկիր վարչական շրջանի պատասխանատուները հայտարարում են, թե իրավունք չունեն վերադասի որոշումը վիճարկել:

shenq1

Ավելին՝ անգամ նպատակահարմար չեն գտնում կառուցապատողին պարտադրել հասցրած էլեկտրական մալուխների վնասը փոխհատուցել և վերականգնել: Ինչևէ, Հ. Գրիգորյանը՝ հասկանալով, որ ի զորու չէ բնակիչների կամքին հակառակ գործողությունները շարունակել, մայիսի 8-ին տարածք է մուտք գործել ոստիկանական խմբի ուղեկցությամբ: Սակայն երկարատև բանակցություններից հետո ոստիկանները նույնպես հեռացել են, հավանաբար՝ հասկանալով, որ բնակիչների պահանջն ազնիվ է: Չնայած դրան, Հ. Գրիգորյանն առայսօր շենքի հատկապես երիտասարդ բնակիչներին փորձում է սադրելու միջոցով ներքաշել վիճաբանության մեջ` «Սաղիդ կհավքեմ՝ կտանեմ» և այլ սպառնալիքներով, նա, այնուամենայնիվ, ցանկանում է գործն ավարտին հասցնել «քուչի ռազբորկայի» իրեն հոգեհարազատ մեթոդներով:

Քաղաքապետը քաղաքացիների ընդունելության օր չունի
Քոչարի 19 փողոցի բնակիչները միահամուռ, իրենց ստորագրությամբ դիմում-նամակներ են ուղարկել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին՝ պահանջելով շինարարությունը դադարեցնելու հանձնարարական իջեցնել և Երևանի քաղաքապետի ստորագրությամբ տրված թույլտվությունը համարել չեղյալ: Ինչ վերաբերում է Տ. Մարգարյանին ուղղած դիմումներին, ապա, ըստ բնակիչների՝ իրենց ընդունելության պահանջը մերժվում է՝ «Քաղաքապետն ընդհանրապես քաղաքացիների հետ ընդունելության օր չունի» պատճառաբանությամբ:

Բնակիչների դիմումին ի պատասխան՝ տրվել է հետևյալ գրությունը. «Ի պատասխան Երևանի քաղաքապետին հասցեագրված Ձեր 06.05.2013թ. հ. Կ-2021 դիմումի` տեղեկացնում եմ, որ Հ. Քոչարի փողոցի հ. 19 շենքի հ. 38 ոչ բնակելի տարածքին կից կցակառույցի կառուցման համար առկա է Երևանի քաղաքապետարանի հետ 25.02.2013թ. համաձայնեցված հ.18-05/1-660-118 ճարտարապետաշինարարական նախագիծը և կառուցապատող Հ. Գրիգորյանին տրված հ. 25.02.2013 01/18-Գ-661-133 շինարարության թույլտվությունը, միաժամանակ նշված նախագիծն անցել է համապատասխան փորձաքննություն, որի հիման վրա տրվել է մասնագիտական դրական եզրակացություն և հիշյալ հասցեում շինարարական աշխատանքներն իրականացվում են` համաձայն հաստատված քաղաքաշինական փաստաթղթերին»:

Հիշեցնենք, որ Հ. Գրիգորյանը հայտարարել է, թե կցակառույցի օրինական փաստաթղթերը ձեռք բերելու համար ինքը 70.000 դոլար է ծախսել: Տարածքին ծանոթանալուց և ինչպես` անվտանգության նորմերի, այնպես էլ` բնակիչների իրավունքների խախտման փաստերն ուսումնասիրելուց հետո պարզ է դառնում, թե կառուցապատողի վրա այդ փաստաթղթերն ինչու են այդքան թանկ արժեցել:

Տ. Մարգարյանի ստորագրությամբ տրված շինարարության թույլտվության մեջ արդեն բազում անօրինական կետեր կարելի է գտնել, որոնց մասին բնակիչները պատրաստ են անձամբ քաղաքապետին իրազեկել, եթե, իհարկե, նա «նեղություն կրի» և մարդկանց լսի: Հավելենք, որ այս խնդրին ծանոթացել է նաև Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը, սակայն բնակիչներին որևէ ողջամիտ առաջարկ դեռևս չի արվել որևէ կառույցի կողմից: Նրանք հավատացնում են, որ դիմելու են բոլոր քայլերին, մինչև անգամ Եվրոպական դատարանում, և վիճարկելու են այդ 70.000 դոլար արժողությամբ թույլտվության որոշման օրինականությունը:

«168 ԺԱՄ»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս