Արդյո՞ք սոցիալիստ հնչակյանները կփոխեն միլիոնատեր ատենապետին
ՍԴՀԿ Կենտրոնական վարչության անդամ Հակոբ Տիգրանյանն օրերս դիմել է «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցի տնօրինությանը, և սեպտեմբերին հյուրանոցում համահնչակյան հերթական համագումարն անցկացնելու համար դահլիճ պատվիրել: Համահնչակյան համագումարները տեղի են ունենում չորս տարին մեկ պարբերականությամբ:
Նախորդ` 2009 թվականին տեղի ունեցած համագումարի ժամանակ ՍԴՀԿ-ն որոշել էր շարունակել ընդդիմադիր կուրսը, պաշտպանել Լևոն Տեր-Պետրոսյանին և շարունակել լինել ՀԱԿ անդամ: Այդ համագումարին ներկա էր և ելույթ ունեցավ նաև ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը: Սակայն կուսակցության ատենապետ Սեդրակ Աճեմյանն անտեսելով համագումարի որոշումը, կտրուկ փոխեց կուսակցության քաղաքական դիրքորոշումը, հայտարարվեց ՀԱԿ-ից դուրս գալու մասին, և ՍԴՀԿ-ն գնաց իշխանության հետ սերտ համագործակցության ճանապարհով` 2013թ. նախագահական ընտրություններում արդեն սատարելով Սերժ Սարգսյանի թեկնածությունը:
Հնարավոր է, որ այս համագումարի ժամանակ նախորդից տարբերվող որոշում կայացվի. մասնավորապես աջակցել իշխանությանը և կառավարությանը` նախանշված ծրագրերի իրականացման գործում:
Հնարավոր է նաև, որ ամեն ինչ գլխիվայր շուռ գա: Որոշ հնչակյաններ համագումարն «Արմենիա-Մարիոթում» անցկացնելը խիստ խորհրդանշական են համարում: Հայտնի է, որ ՍԴՀԿ ԿՎ ատենապետ Սեդրակ Աճեմյանը Կոտայքի մարզում ունի սեփական հյուրանոցային համալիր` «Անի ռեզորթը», որտեղ կան համագումարներ գումարելու համար նախատեսված դահլիճներ: Մասնավորապես «Անի ռեզորթում» է անցկացվել հայաստանյան հնչակյանների համագումարը, եթե հավատալու լինենք այդ կուսակցության անդամների հավաստիացումներին:
Եթե կուսակցության ատենապետն ունի սեփական հյուրանոցային համալիր, ապա ինչո՞ւ է համագումարի համար այլ դահլիճ վարձվում: Մանավանդ որ, ըստ որոշ խոսակցությունների` «Արմենիա-Մարիոթի» հետևում կանգնած են մրցակից դաշնակցականները: Հնարավոր է, որ նման որոշումը պատճառաբանվի այն հանգամանքով, որ «Արմենիա- մարիոթը» գտնվում է Երևանի կենտրոնում, և ավելի ներկայացուցչական է, քան «Անի ռեզորթը»: Բայց հնարավոր է, որ նման որոշման համար կա այլ, ավելի հիմնավոր պատճառ:
ՍԴՀԿ-ում արդեն տևական ժամանակ առկա են հակաաճեմյանական տրամադրություններ, և հնչակյան շատ կառույցներ դժգոհ են Աճեմյանի գործունեությունից կամ անգործությունից: Դժգոհությունը հատկապես մեծ է Լիբանանի, Սիրիայի և Կիպրոսի հնչակյան շրջանակներում: Հենց այդ պատճառով չի բացառվում, որ Համահնչակյան համագումարների ժամանակ ընտրվի այնպիսի Կենտրոնական վարչություն, որը չցանկանա Աճեմյանին վերընտրել կուսակցության ատենապետ: Իսկ Աճեմյանին պաշտոնանկ անել սեփական հյուրանոցում, այսինքն` տանտիրոջը շնորհազրկել սեփական հարկի տակ, այնքան էլ համահունչ չէ ազգային արժեքներ դավանող կուսակցության արժեհամակարգին:
Այլ բան է, եթե դա տեղի է ունենա որևէ չեզոք միջավայրում, այս դեպքում` «Արմենիա Մարիոթում»:
Հնչակյան կուսակցությունը հայտնի է նրանով, որ ունի սոցիալ-դեմոկրատական գաղափարախոսություն, սակայն ակտիվորեն պաշտպանում է ազատական գաղափարախոսություն դավանող վարչապետ Տիգրան Սարգսյանին և նրա կառավարության քաղաքական կուրսը: Այս կուսակցությունը երբևէ հանդես չի եկել սոցիալական պահանջներով, երբեք չի քննադատել իշխանություններին` վարվող տնտեսական քաղաքականության, գների և եկամուտների անհամաչափ բարձրացման կամ աշխատանքի անհամաչափ շահագործման համար:
Մի խոսքով, իրեն երբևէ չի դրսևորել` որպես սոցիալական գաղափարախոսություն դավանող կուսակցություն, թեև կուսակցության հիմնադիրների մեջ քիչ չէին համոզված մարքսիստները: Ընդհակառակը` սոցիալ-դեմոկրատական կուսակցության ղեկավարն ամերիկահայ միլիոնատեր է, ով հանուն իր բիզնեսի` պաշտպանում է իշխանության և իշխանավորների շահերը: Ահա` թե ինչպիսին են հայաստանյան կուսակցությունները ոչ միայն Հայաստանում, այլ նաև` ի սփյուռս աշխարհի: