«Դա մի արարողություն էր, որը կարծես խորհրդանիշն էր կապիտալի բռնապետության»

«Կուսակցական և քաղաքական կյանքը Հայաստանում կարծես առասպելացման է ենթարկվում, ամեն մեկը մտնում է ինչ-որ կերպարի մեջ: Մենք դա փայլուն կերպով տեսանք երեկ` Ծառուկյանի եկեղեցու բացման արարողությանը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Մանվել Սարգսյանը` խոսելով Հայաստանի ներկայիս հասարակական-քաղաքական իրավիճակի մասին:

«Ի՞նչ էր դա. ինչ-որ կերպարի ձևակերպում էր, անհասկանալի մի բանի` եկեղեցի-կազինո միացում, ինչ-որ գաղափարական հենք, հակագաղափար: Այս երևույթը քաղաքագիտության մեջ կոչվում են խիմերա, երբ չես հասկանում` ինչ խմբավորում է սա, ինչպես է սա առնչվում օրինական քաղաքական գործունեության հետ: Այս երևույթներն աճող ու խորացող են, այդ պատճառով շատ դժվար է գնահատել հասարակության վերաբերմունքը: Պարզապես կարող ենք նշել, տեղի է ունեցել տոտալիտար խիմերայի էքսպանսիա` հասարակության նկատմամբ, որի տակ այդ մարդիկ, ում հավաքել էին այդ եկեղեցու մոտ, ուղղակի հոգեբանորեն ջարդվել են, երբ մարդկանց իջեցնում են մինչև ճիճուների մակարդակի` ցույց տալով` ով ենք մենք և ով են իրենք»,- շարունակեց Մանվել Սարգսյանը:

ekexeci-joxovurd

Քաղաքագետը որպես հայ հասարակության առջև ծառացած կարևորագույն խնդիր առանձնացրեց խորացող կլանային մտածողությունը, ինչն, ըստ նրա, առաջին հերթին տարածվել է  կուսակցությունների շրջանում: Ըստ նրա` Հայաստանի քաղաքական դաշտում տեղի է ունեցել գաղափարական այլասերում, որի պատճառը նույն կուսակցությունների կողմից իրենց ինչ-որ առանձնահատուկ դեր շնորհելն է: «Տեսեք, Ծառուկյանը, անընդհատ ուզում է ինչ-որ կերպարի մեջ մտնել: Սա ի՞նչ է, ի՞նչ է «Բարգավաճ Հայաստանի» այդ «այլընտրանք» կոչեցյալը, իրենք անընդհատ պնդում են, որ դա երևույթ է, առանձնահատուկ կուսակցություն է,- նշեց քաղաքագետը,- Սրա հետևանքն այն է, որ տեղի է ունենում քաղաքական կյանքի այլասերում, այսինքն` կուսակցությունները մասնակցում են քաղաքական գործընթացներին ոչ թե որպես սահմանադրական, քաղաքական ինստիտուտներ, այլ որպես ինչ-որ կերպարներ: Իրենք ասում են, թե կարող են ոչ մի ձայն չստանալ, բայց դա ոչինչ չի նշանակում, քանի որ, իրենց կարծիքով, իրենք հզորագույնն են, իրենք առաքյալ են»:

Կարդացեք նաև

Կատարելով ավելի լայն վերլուծություն` Մ.Սարգսյանը խոսեց Հայաստանում «կապիտալի բռնապետության» մասին, որից ազատվելը, իր խոսքով, պետք է լինի նոր ձևավորվող կամ ներկա իրականությունը մերժող քաղաքական ուժերի գլխավոր խնդիրը:

«Ինչո՞ւ եմ խոսում կուսակցությունների կլանային մտածողության մասին, որովհետև դրա արդյունքն այն է, որ նրանք սկսում են ենթարկվել այս վիճակին, ճանաչում են այդ էքսպանսիան և մտնում են դրա մեջ: Ինչո՞ւ են իրար խժռում, որպեսզի բոլորը չօգտվեն դրանից, իրար են ուտում` այդ համակարգ մտնելու համար: Այդ նույն կուսակցությունները չէի՞ն գնացել Ծառուկյանի մոտ` եկեղեցու բացմանը: Այ դա մի արարողություն էր, որը կարծես խորհրդանիշն էր կապիտալի բռնապետության»,- ասաց Մանվել Սարգսյանը:

Մանվել Սարգսյանի հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք «168 Ժամ» թերթի վաղվա տպագիր համարում:

Տեսանյութեր

Լրահոս