Բաժիններ՝

Քննարկվում է սողանքների կառավարման ծրագիրը

Այսօր ՀՀ ԱԻ նախարարությունում, Հայաստանում սողանքների կառավարման պլանավորման ծրագրի շրջանակներում, տեղի ունեցավ Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) և շահագրգիռ ՀՀ պետական մարմինների առաջին խորհրդակցությունը:

Հանդիպմանը մասնակցում էին JICA-ի հետազոտական խմբի ղեկավար Յուկիհիկո Էջիրին, ճապոնացի այլ փորձագետներ, ՓԾ տնօրեն, գեներալ-մայոր Ս. Ազարյանը, ԱԻՆ տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ, ՀՀ տարբեր նախարարությունների ներկայացուցիչներ (ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեից, Երկրաբանական գիտությունների ինստիտուտից, ԵՊՀ երկրաբանական ֆակուլտետից և ՄԱԿ-ի երեխաների պաշտպանության հիմնադրամից):

Աշխատանքային խորհրդակցության նպատակն էր` ներկայացնել JICA-ի մանրամասն պլանավորման հետազոտության հիմնահարցերը, սողանքների կառավարման հիմնադրույթները և փոխանակել գաղափարներ, թե ինչպես զարգացնել սողանքների կառավարման կառուցվածքը Հայաստանում:

Բացման խոսքում Ս. Ազարյանը մասնավորապես ասաց.
– Այս խորհրդակցությամբ մեկնարկում է JICA-ի և ՀՀ ԱԻՆ համատեղ ծրագիրը: Սեյսմիկ ռիսկի կառավարման պլանավորման ծրագրի ժամանակ ճապոնական կողմը ներդրեց իր հսկա փորձը, ինչը մեծ դեր խաղաց Երևանի բնակիչների պաշտպանվածության մակարդակի բաձրացման, ինչպես նաև ԱԻՆ աշխատակիցների վերապատրաստման ու որակավորման բարձրացման գործում: Սողանքների կառավարման պլանավորման ծրագիրը նույնպես կնպաստի բնակչության պաշտպանվածության մակարդակի բարձրացմանը:

Խոսելով JICA-ի հետազոտական խմբի առաքելության մասին` Յուկիհիկո Էջիրին նշեց.
– Ճապոնիայի կառավարությունն ու JICA-ն որոշում են կայացրել սողանքների կառավարմանն ուղղված տեխնիկական աջակցություն ցույց տալ Հայաստանին: Մենք կուսումնասիրենք Հայաստանում իրականացված հակասողանքային միջոցառումներն ու դրա հիման վրա կմշակենք ծրագիր:

Հանդիպման ընթացքում Յուսուկե Ամանոն խոսեց սողանքային աղետի ռիսկի կառավարման ճապոնական փորձի մասին` ներկայացնելով, թե այդ գործում ինչ դեր պետք է ունենան կառավարությունը, ԱԻ նախարարությունն ու մարզային ղեկավարությունը:

ՓԾ բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչության պետ, գնդապետ Հ. Եմիշյանը ներկայացրեց ՀՀ սողանքային աղետի կառավարման հայեցակարգը` նշելով առանձին նախարարությունների գործառույթներն այդ հարցում:

Շահագրգիռ նախարարություններն ու այլ պետական մարմինների ներկայացուցիչները կարդացին զեկույցներ` սողանքային աղետի կառավարման ոլորտում իրենց մարմինների գործառույթների վերաբերյալ, ինչից հետո JICA-ի հետազոտական խումբը ներկայացրերց սողանքների կառավարման հիմնադրույթները:

Հանդիպման ավարտին կողմերը որոշեցին ծրագրի շրջանակներում հաջորդ աշխատանքային խորհրդակցություններն անցկացնել տարբեր շահագրգիռ նախարարություններում:

ԱԻՆ լրատվական ծառայություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս