Թուրքիայում ատոմային էներգիայի զարգացումը սպառնում է Ռուսաստանի անվտանգությանը
Newsru.com-ի փոխանցմամբ՝ ռուս բնապահպանները հայտարարել են, որ Թուրքիայում ատոմային էներգիայի զարգացումը սպառնում է Ռուսաստանի անվտանգությանը:
Խոսքը գնում է Թուրքիայի երկրորդ ատոմակայանի կառուցման մասին, որը պետք է 2023 թվականին (Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 100-ամյակ) գործարկվի Սև ծովի ափին՝ Սոչիից 400 կիլոմետր հեռավորության վրա:
Ռուս բնապահպաններն ընգդծել են, որ Սինոպի ատոմակայանը, բացի երկրաշարժի ու արտակարգ իրավիճակների վտանգից, սպառնում է աղտոտել Ռուսաստանի եվրոպական հատվածը՝ ընդհուպ մինչև Մոսկվա:
Նրանց կարծիքով՝ Թուրքիայի սևծովյան շրջանը չափազանց բարձր սեյսմիկ վտանգ պարունակող գոտի է: 1999 թվականին Իզմիթում տեղի ունեցած երկրաշարժին զոհ գնացին տասնյակ հազարավոր մարդիկ, իսկ հասցված ընդհանուր վնասը կազմեց 20-40 միլիարդ դոլար:
Ռուս բնապահպաններին մտահոգում է այն հարցը, թե Թուրքիան ինչպես է պատրաստվում ձերբազատվել միջուկային մնացուկներից: Չի բացառվում, որ դրանք թուրքական առաջին Աքքույուի ատոմակայանի, որը կառուցելու է Ռուսաստանը, մնացուկների հետ ուղարկվեն Ռուսաստան: Դա կիրականացվի ծովային ճանապարհով և կհասցվի Կրասնոդարի երկրամաս կամ Ռոստովի մարզ:
Մինչդեռ Թուրքիան հայտարարում է այդ ատոմակայանի կառուցումից ստացվող քաղաքական բոնուսների մասին, որ Ֆրանսիան դրանով իսկ կվերանայի Հայոց ցեղասպանության հարցում իր դիրքորոշումը: