
Խոշոր ավտովթար՝ Գագիկ Ծառուկյանի թիկնազորի աշխատակցի մասնակցությա՞մբ (լուսանկարներ)

Մայիսի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 21:20-ի սահմաններում Նոր Գեղի-Եղվարդ ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում բախվել են Աբովյան քաղաքի բնակիչներ 44-ամյա Աշոտ Միքայելյանի վարած «BMW» մակնիշի՝ 22 ՏՍ 120 համարանիշի և Էդմոնդ Անտոնյանի վարած «Lexus»՝ մակնիշի՝ 21 LU 863 համարանիշի ավտոմեքենաները: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Lexus»-ի վարորդ Է. Անտոնյանն ու նրա ուղևորներ Գոհար Գրիգորյանը, 3 տարեկան Գոռ Անտոնյանը և 10 ամսական Ջոն Անտոնյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են տարբեր հիվանդանոցներ: Բախման հետևանքով «Lexus»-ը գլխիվայր շրջվել է:
Փաստի առթիվ Նաիրիի քննչական բաժանմունքի քննիչ Վարուժան Ալեքսանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Վթարի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին պատմել են, որ «Lexus»-ի վարորդը աշխատում է Ազգային Ժողովի պատգամավոր, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի թիկնազորում: Նշվում է, որ վթարի վայրում հավաքված են եղել մեծ թվով թիկնեղ ու սափրագլուխ տղամարդիկ, ովքեր, տեսնելով, որ լուսանկարվում են, հեռացել են տարածքից: