«Բարձր արվեստ» կենտրոնը՝ կրկին Մոնակոյում
Ապրիլի 25-28-ը Մոնակոյում կայացավ «Art Monaco-Expo» համաշխարհային ցուցահանդես-տոնավաճառը, որին Հայաստանից կրկին մասնակցեց «Բարձր արվեստ» կենտրոնը:
Ցուցահանդեսին մասնակցել են աշխարհի տարբեր երկրներից մեկնած 100-ից ավելի գալերեաներ՝ ներկայացված ընդհանուր առմամբ՝ մոտ 4000 նկարներով:
Հիշեցնենք, որ 2012թ. «Art Monaco-Expo»-ում «Արվեստի լավագույն ստեղծագործություն» մրցանակին արժանացել էր «Բարձր արվեստ» կենտրոնի ներկայացրած Երվանդ Քոչարի 1927թ. հազվագյուտ տարածական ստեղծագործությունը: Կենտրոնի` Մոնակոյում արձանագրած հաջողություններից էր նաև բավականին հեղինակավոր գալերեաների կողմից համագործակցության առաջարկները:
Օրեր առաջ կայացած ցուցահանդես-տոնավաճառին «Բարձր արվեստ» կենտրոնը կրկին ներկայացել է լայնամասշտաբ տաղավարներով և բավականին արժեքավոր գործերով: Ի դեպ, նշենք նաև, որ ցուցահանդեսը խորհրդանշող պաստառները, տեղեկատվական գրքույկները պատկերված են հայ քանդակագործ Օհան Պետրոսյանի քանդակների շարքով: «Գրիմալդի» ֆորումի, այսպես ասած, «զարդը» եղել է Օ. Պետրոսյանի քանդակների խորհրդանիշը: Ապրիլի 25-ին «Քրիսթիս» խոշոր աճուրդային կենտրոնի տեղեկատվական կատալոգի շապիկը նույնպես հայտնի քանդակագործի ստեղծագործությամբ է պատկերված:
«Art Monaco-Expo» ցուցահանդես-տոնավաճառի կազմակերպիչների հրավերով, որպես պատվավոր հյուր, միջոցառմանը ներկա էր գտնվում նաև Հայաստանի խոշոր կոլեկցիոներներից մեկը՝ Սարգիս Գրիգորյանը, ում հետ ապրիլի 27-ին հեռախոսազրույցի ընթացքում փորձեցինք որոշակի տեղեկատվություն ստանալ: «Այս տարվա ցուցահանդեսն ավելի ներկայացուցչական էր: Տասնյակ-հազարավոր մարդիկ են այցելում ցուցահանդես, մարդկային հոսքն անսպասելի մեծ է: Ինձ համար ամենատպավորիչն այն էր, որ մարդկային զանգվածների հերթեր էր գոյացել Հայաստանից «Բարձր արվեստ» կենտրոնի տաղավարի մոտ՝ Ժանսեմի նկարները նայելու համար: Առավել զարմանալի էր, որ հենց ֆրանսիացիների համար էր Ժանսեմի նկարները բացահայտում: Կարելի է ասել՝ ֆրանսահայ Ժանսեմը կրկին նվաճեց Ֆրանսիան: Ընտրված գործերից երեքն էլ գլուխգործոցներ էին: Երկու անգամ «Բարձր արվեստ» կենտրոնի տաղավար այցելեց Պարսկաստանի շահի կինը, թագուհին, ով, ի զարմանս ինձ` աուկցիոնից հետո մոտեցավ, հայերեն խոսելով` շնորհակալություն հայտնեց ներկայացված նկարչության համար»,- ասաց կոլեկցիոներ Ս. Գրիգորյանը:
Ի դեպ, մեր տեղեկություններով՝ Պարսկաստանի շահի կինն ունի աշխարհում 19-րդ դարի լավագույն կոլեկցիաներից մեկը: Ս. Գրիգորյանը նաև նշեց, որ ցուցահանդեսին մասնակցում են Պետերբուրգից, Բեյրութից, Գերմանիայից ժամանած հայեր, սակայն, ցավոք, Ֆրանսիայի բավականին մեծ հայ համայնքի ներկայացուցիչ այցելուներ գրեթե չկան:
Կենտրոնը Մայամիի, Մոսկվայի, Ֆրանսիայի ցուցահանդեսներին մասնակցելու հրավերքներ է ստացել: «Բարձր արվեստ» կենտրոնի տաղավարում, ի թիվս այլ հեղինակների, ներկայացվել են Ժանսեմի երեք արժեքավոր ստեղծագործություններ, որոնք գրավել են ինչպես` ցուցահանդեսի մասնակիցների, այնպես էլ՝ հյուրերի ուշադրությունը: Մասնավորապես՝ ռուսները մեծ հետաքրքրությամբ փորձել են տեղեկատվություն ստանալ Ժանսեմի նկարչության մասին՝ հայտնելով իրենց հիացմունքը:
Դրանից բացի՝ ներկայացվել են Հայաստանի 12 նկարիչների ստեղծագործություններ, որոնցից, մասնավորապես` Դեղձ Աշոտի գործն է մեծ ուշադրության արժանացել, իսկ գրաֆիկական աշխատանքներից՝ Մինասի ստեղծագործությամբ են շատ հետաքրքրվել: Նշենք նաև, որ Դեղձ Աշոտի և Մինասի ստեղծագործություններից գնել են մեր հայրենակիցներ, կոլեկցիոներներ Էդի և Դիանա Ամիրխանյանները, ովքեր տարին մեկ անգամ Մոնակոյում ցուցահանդես են կազմակերպում և ստացված ողջ հասույթը տրամադրում են տարբեր ֆոնդերի: Վերջիններս տարբեր նախագծեր են իրականացնում հայ արվեստի պրոպագանդման ուղղությամբ: «Բարձր արվեստ» կենտրոնի տաղավարի ներկայացրած հեղինակներից ամենաշատ արձագանքը եղել է Գագիկ Գևորգյանի, Ճավայի, Ֆելիքս Եղիազարյանի և Վարուժան Վարդանյանի ստեղծագործությունների շուրջ: Ցուցահանդեսի ընթացքում «Բարձր արվեստ» կենտրոնն արդեն համագործակցության առաջարկներ և այլ երկրների ցուցահանդեսներին մասնակցելու հրավերներ է ստացել:
Մասնավորապես՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել Մայամիում խոշոր մի ցուցահանդեսի մասնակցելու, ինչպես նաև իտալացիների հետ մի քանի նախագծեր իրականացնելու ուղղությամբ: Արդեն նախնական պայմանավորվածություն կա հունիսի 25-30-ը Մոսկվայի Նկարիչների տանն իրականացվող փառատոնին կենտրոնի մասնակցության համար: Նշենք նաև, որ ամեն տարի իրականացվող այդ փառատոնին թեև մասնակցում են աշխարհի տարբեր երկրներ, այդուհանդերձ, Հայաստանը` ի դեմս «Բարձր արվեստ» կենտրոնի, առաջին անգամ է ներկայանալու: Այնուհետև կենտրոնն արդեն կնախապատրաստվի հոկտեմբեր ամսին կայանալիք Ֆրանսիայի ամենամեծ` «Ֆիակ» ցուցահանդեսին:
Յուրաքանչյուր տարի «Art Monaco-Expo» ցուցահանդեսի օրակարգում ընդգրկվում է նաև «Քրիսթիս» աճուրդային կենտրոնի կողմից հայտարարվող դասական աճուրդը: Մոնակոյում ցուցահանդեսի պատվավոր հյուր, կոլեկցիոներ Ս. Գրիգորյանը մեզ փոխանցեց, որ ապրիլի 25-ին իրականացված աճուրդում, ի թիվս այլ ստեղծագործությունների` վաճառվել են նաև «Բարձր արվեստ» կենտրոնի ներկայացրած 5500 եվրո գնահատված` Այվազ Ավոյանի, ինչպես նաև` 28.000 եվրո գնահատված` Մեգալի ստեղծագործությունները:
«168 ԺԱՄ»