Բաժիններ՝

Ծառայողական քննություն՝ Արմեն Մարտիրոսյանի տեսանյութի հետ կապված

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը «Հետքին» տեղեկացրել է, որ համացանցում տարածված տեսանյութը, որում «Ժառանգություն» կուսակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը ոստիկանության ավտոմեքենայում խոսում է ոստիկանների հետ, տեղադրված չի եղել ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքէջում:

«Տեսանյութի հետ կապված՝ Երևան քաղաքի վարչության պետ Աշոտ Կարապետյանի կողմից նշանակվել է ծառայողական քննություն»,- ասել է Աշոտ Ահարոնյանը:

Վարչության պետը նշել է, որ նշված տեսանյութը ոստիկանությունը չի տրամադրել լրատվամիջոցներին, և ծառայողական քննության արդյունքում կպարզվի, թե ինչպես է այն տարածվել:

Հիշեցնենք, որ համացանցում հայտնվել է մի տեսանյութ՝ նկարահանված ոստիկանական մեքենայ մեջ, որտեղ Արմեն Մարտիրոսյանը, ինչպես հայտնի է, հայտնվեց մի խումբ ոստիկանների կողմից ծեծի ենթարկվելուց հետո: Արնաշաղախ Արմեն Մարտիրոսյանը, զայրացած դիմելով մեքենայում գտնվող ոստիկանին, ասում է. «Սպասե՛ք, որ հեսա մի տարի հետո… ո՞նց եք ապրելու 110.000 դրամով, ո՞նց եք տուն պահելու: Մեզ էին 100 000 դոլար կաշառք առաջարկել, Ձեր համար չենք վերցրել»:

Ինքը՝ Ա. Մարտիորսյանը, անդրադառնալով կաշառքի մասին իր խոսքերին, այսօր ասել է. «Հարյուր հազարավոր դոլարներով են մեզ փորձել կաշառել, սակայն իմ քաղաքական գործունեությունը թույլ է տալիս չհրապարակել անունը, բայց կարող եմ ասել, որ հենց քաղաքական դաշտից է եղել առաջարկը: Այդ ժամանակ ազնվորեն չգիտեի, որ նկարում են, հակառակ դեպքում` չէի հայհոյի»,-ասել է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս