Բաժիններ՝

Աշոտ Մելիքյան. «Այս ընտրությունների ժամանակ լրագրողի և դիտորդի կարգավիճակը խառնված էր»

Երևանի ավագանու ընտրություններին լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության ոչ մի դեպք չի արձանագրվել, սակայն լրագրողների նկատմամբ  եղել են թե՛ ճնշումներ և թե՛ անպարկեշտ վերաբերմունք: «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Խոսքի ազատություն պաշտպանության» կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն ու հավելեց, որ լարված մթնոլորտ էր, սակայն ֆիզիկական բռնության դեպք չի արձանագրվել, ինչը շատ ուրախալի է:

«Խոսքի ազատություն պաշտպանության» կոմիտեն Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության օրը հետևել է ընթացքին և ստացել մեծ քանակով տեղեկություն, սակայն այս պահին ճշգրտվում են դրանք,  քանի որ Մելիքյանի խոսքով, իրականությանը չհամապատասխանող տեղեկությունների թիվը ևս մեծ է:

Ինչ վերաբերում է նրան, որ քվեարկության օրը տարբեր մարդկանց լրագրողի վկայականներ են բաժանվել,  ապա Աշոտ Մելիքյանն ընդգծեց, որ իրենք ևս արձանագրել են այնպիսի դեպքեր, երբ կուսակցության ակտիվիստներին լրագրողական վկայականներ են տրվել, ինչին վերջինս շատ վատ է վերաբերում:

Նմանատիպ դեպքեր նախկինում ևս արձանագրվել են, թե փետրվարին տեղի ունեցած նախագահի ընտրությունների, թե նախորդ խորհրդարանական ընտրությունների ժամանակ, սակայն, ըստ մեր զրուցակցի, այսպես համատարած բնույթ չեն կրել:

«Այս ընտրություններին մի քանի կուսակցություններ կիրառեցին այդ պրակտիկան, սա ազնիվ չէ լրագրողների նկատմամբ։ Բացի դա այս ընտրությունների ժամանակ լրագրողի և դիտորդի կարգավիճակը խառնված էր»,- նշեց  Աշոտ Մելիքյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս