Վարդան Օսկանյանը կհեռանա՞ ԲՀԿ-ից

Երևանի ավագանու ընտրություններից առաջ ոչ իշխանական ուժերի ամենահիմնական, ամենահնչեղ խոստումը հետընտրական միավորման մասին խոստումն էր: Հատկապես Հայ ազգային կոնգրեսը, ՀՅԴ-ն, վերջին օրերին՝ նաև ԲՀԿ-ն, այնպես էին խոսում հետընտրական միավորման մասին, որ դա ներկայացվում էր՝ որպես երկրի փրկության միակ ճանապարհ: Հաշվի առնելով այդ խոստումների «գլոբալությունը», պետք է ենթադրել, որ հետընտրական միավորման մասին բարձրաձայնող ու դրա ձևաչափը չկոնկրետացնող ուժերը նկատի չունեին միավորումը Երևանի ավագանիի կազմում:

Խոսքը, բնականաբար, վերաբերում էր քաղաքական մեծ կոնսոլիդացիային, որը, լայն իմաստով, կարող էր կայանալ միայն փողոցում, այսինքն՝ դառնալ հակաիշխանական կոալիցիա: Ընտրություններն արդեն ավարտվել են, և որքան բարձր էին ընդամենը երկու օր առաջ հետընտրական միավորման մասին խոսում նշված ուժերը, նույնքան լուռ են ընտրություններից հետո: Չնայած, եթե անգամ ՀԱԿ-ն ու ՀՅԴ-ն շարունակեն միավորման մասին իրենց կոչերը, դա ոչինչ չի փոխի: Ամեն ինչ կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը Գագիկ Ծառուկյանն է:

Այսինքն՝ եթե ԲՀԿ-ն այնքան ինքնուրույնություն ու վճռականություն ունենա, որ չճանաչի մայիսի 5-ի ընտրությունների արդյունքները և ՀԱԿ-ի ու ՀՅԴ-ի հետ դուրս գա փողոց, ապա իրավիճակը կարող է կտրուկ փոխվել: Եթե դրան միանա նաև «Ժառանգությունը», ապա իշխանության վիճակը, մեղմ ասած, աննախանձելի կդառնա: Քաղաքականության մեջ, իհարկե, «եթե»-ներով հաշվարկներ չեն անում: Բայց իրավիճակի նրբությունն այն է, որ հատկապես ԲՀԿ-ի հետ կապված «եթե»-ները հնարավորություն են տալիս կանխատեսել վերջինիս վարքը: Ավելի պարզ ասած, եթե ինչ-որ բան կախված է ԲՀԿ-ից, ապա, ինչպես դա անելը, այնպես էլ չանելը շատ որոշակի գին ունի: Փողոց դուրս գալու դեպքում ԲՀԿ-ն կդառնա ոչ իշխանական բևեռի առանցքը՝ հնարավոր իշխանափոխության դեպքում դրանից բխող բոլոր հետևանքներով:

Բայց այս տարբերակը ԲՀԿ-ի համար ավելի շատ վտանգներ, քան սպասելիքներ է պարունակում: Նախ՝ անմիջապես ԲՀԿ-ից կհեռանա նրա հիմնական հենարանը հանդիսացող գործարար թևը, չհեռացողներին էլ իշխանությունը կստիպի հեռանալ: Ընդ որում, բացառված չէ, որ հեռացողների թվում լինի անգամ Գագիկ Ծառուկյանը՝ հրապարակում թողնելով ԲՀԿ-ի, այսպես կոչված, քաղաքական թևին: Մնալով այդ թևի հետ՝ Ծառուկյանը պետք է պատրաստ լինի կորցնել ամեն ինչ, ինչպես ժամանակին հաճախ էր սիրում կրկնել: Բայց իրադարձությունները, հատկապես՝ նախագահական ընտրություններին ԲՀԿ-ի չմասնակցությունը, ցույց տվեցին, որ իրականում Ծառուկյանի համար շատ ավելի գերադասելի է բիզնես կայունությունը, քան քաղաքական անորոշ հեռանկարը:

Մյուս տարբերակը, որն առավել քան հավանական է, ԲՀԿ-ի կողմից ընտրությունների արդյունքներն ընդունելն է, ինչը նշանակում է նաև՝ իշխանության հետ խաղաղ գոյակցելու հնարավորություն: Այսինքն՝ ԲՀԿ-ն, որ ընդհուպ մինչև ընտրությունների օրը հայտարարում էր ոչ իշխանական ուժերի հետ հաջողված համագործակցության մասին, հիմա ամենաշահագրգիռն է, որ այդ համագործակցությունը չկայանա: Ինչպես, ի դեպ, դա արեց Երևանի ավագանու ընտրություններում միասնաբար բանակցելու քննարկումների ժամանակ՝ ուղղակիորեն հայտարարելով, որ դա կարող է տեղի ունենալ միայն ԲՀԿ-ի առանցքի շուրջ:

Ակնհայտ է, որ իշխանությունը ևս շահագրգիռ է  այս՝ երկրորդ տարբերակով, հետևաբար, ըստ ամենայնի, պատրաստ է նաև «վճարել» դրա համար: Վճարը, բնականաբար, կարող է արտահայտվել նոր կառավարությունում ԲՀԿ-ին պորտֆելներ տալու ձևով: Բացառված չէ, որ դա տեղի ունենա ոչ թե վաղը ձևավորվելիք կառավարությունում, այլ, ասենք, սեպտեմբերին: Մինչ այդ ԲՀԿ-ն ժամանակ կունենա «հավասարակշռելու» իր հռետորաբանությունը, որը նախընտրական վերջին օրերին մոտենում էր ընդհուպ ընդդիմադիր հռետորաբանությանը: Բացի դա, այդ ժամանակահատվածում ԲՀԿ-ում նաև «ներքին ջրերը կպարզվեն»:

Սեպտեմբերը խորհրդանշական է այն իմաստով, որ ԲՀԿ քաղաքական թևի առաջամարտիկ Վարդան Օսկանյանը հենց սեպտեմբերին էր առաջարկում դառնալ ընդդիմադիր: Հիմա նրան և այդ տեսակետի կողմնակիցներին հնարավորություն կտրվի ընտրել՝ մնալ ԲՀԿ-ում այլընտրանքի կամ կոալիցիոն ուժի ներկայացուցչի կարգավիճակով, կամ սլանալ դեպի ընդդիմադիր հորիզոններ:
Ի դեպ, ԲՀԿ-ի ստացած ձայները մայիսի 5-ի ընտրություններում երկակի նշանակություն ունեն այդ կուսակցության տարբեր թևերի համար: ԲՀԿ-ի գործարար հատվածի համար, անշուշտ, դա հաղթանակ է, քաղաքական թևի համար՝ պարտություն:

Այդ պարտությունը հաղթանակ կարող է դառնալ միայն այն դեպքում, եթե քաղաքական շարունակություն ունենա, և ԲՀԿ-ն Երևանի ավագանու փոխարեն՝ գնա Ազատության հրապարակ: Բայց քանի որ դրա հավանականությունը զրոյական է, Վարդան Օսկանյանն ու նրա կողմնակիցները գուցե արդեն իսկ մտածում են ԲՀԿ-ից հեռանալու մասին: Մյուս կողմից՝ եթե Օսկանյանի համար ԲՀԿ-ից հեռանալը կարող է շահեկան լինել՝ քաղաքական դիվիդենտներ ստանալու, վարկանիշը բարձրացնելու առումով, ապա կարող է վտանգավոր լինել իրավական տեսանկյունից: Քանի որ «Սիվիլիթասի» գործը տակավին սառեցված կամ կարճված չէ, իսկ նրա՝ ընդդիմադիր դառնալու դեպքում կարող է շատ արագ «տաքանալ»:

Այսինքն՝ Օսկանյանին կարող է առաջարկվել դադարեցնել քրեական հետապնդումը և վերադարձնել պատգամավորական անձեռնմխելիությունը՝ ԲՀԿ-ում մնալու պայմանով, կամ հակառակը՝ դառնալ ընդդիմադիր՝ դրանից բխող քրեական հետևանքներով:

Տեսանյութեր

Լրահոս