Գագիկ Ծառուկյանը ելույթ ունեցավ Սերժ Սարգսյանի համար
Քիչ առաջ Ազատության հրապարակում ավարտվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հանրահավաքը, որը Երևանի ավագանու ընտրություններում այս քաղաքական ուժի վերջին՝ ամենաազդեցիկ ակորդն էր: Հանրահավաքին հաջորդեց երթը: Հանրահավաքն այնքան ազդեցիկ էր, որ դրան մասնակցում էր անգամ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջինս իր ներկայությամբ պատվում է եզակի թվով միջոցառումներ, պետք է ընդունել, որ այսօրվա հանրահավաքը Հայաստանի համար չափազանց կարևոր նշանակություն ուներ: Համենայնդեպս՝ ըստ Գագիկ Ծառուկյանի:
ԲՀԿ-ի հանրահավաքը միայն արտաքուստ ու ժամկետների առումով է կապված Երևանի ավագանու ընտրությունների հետ: Իրականում այն ավելի մեծ չափով պետք է դիտարկել ու տեղավորել ներկայումս ընթացող ներքաղաքական գործընթացների համատեքստում: Հակիրճ ձևակերպմամբ՝ այդ գործընթացները կարելի է բնորոշել որպես պայքար ընդդիմադիր կամ ոչ իշխանական դաշտում՝ առաջին տեղի համար: Փետրվարի 18-ի նախագահական ընտրություններից հետո այդ կարգավիճակում հայտնվեց «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Ակնհայտորեն՝ դա չէր կարող դուր գալ և դուր չեկավ առաջին հերթին՝ ՀԱԿ-ին ու Լևոն Տեր-Պետրոսյանին:
Ու վերջինիս քաղաքագիտական ղեկավարության ներքո սկսվեց ոչ բացահայտ պայքարը Րաֆֆի Հովհաննիսյանի դեմ՝ նրա տեղն ազատելու և… Գագիկ Ծառուկյանին այդ կարգավիճակը «շնորհելու» համար: Կրկին ոչ բացահայտ այդ պայքարին միացավ նաև ՀՅԴ-ն՝ ՀԱԿ-ի հետ միասին սպասարկելով «ԲՀԿ-ի առանցքի շուրջ» սցենարը, որի հիմնական արարներից մեկն էլ այսօրվա հանրահավաքն էր: Բանն այն է, որ այն հաջորդեց ՀԱԿ-ի ու «Ժառանգության» հանրահավաքներին: Ակնհայտորեն, ԲՀԿ-ի հանրահավաքն ավելի բազմամարդ էր, գուցե նույնիսկ ավելի՝ քան ՀԱԿ-ինն ու «Ժառանգությանը»՝ միասին վերցրած:
Եվ, քանի որ նաև ընդդիմադիր ուժերի անառողջ մրցակցության արդյունքում, ինչպես նաև՝ իշխանության «շախ տալու» հետևանքով ուժեղ ընդդիմադիր լինելու հիմնական չափանիշը դարձել է հանրահավաքների բազմամարդությունը, ԲՀԿ-ն այսօր ցույց տվեց, որ ինքն է «փողոցի տերը»: Միաժամանակ, արժե նկատել, որ ԲՀԿ-ի այսօրվա հանրահավաքը նկատելիորեն ավելի քիչ մասնակիցներ ուներ, քան, ասենք, 2008 թվականի նախագահական ընտրություններից առաջ նրա կազմակերպած ցուցադրական հանրահավաքը Մատենադարանում, կամ 2012 թվականի խորհրդարանական ընտրություններին նախորդած հանրահավաքները: Այսինքն՝ այսօր առավել ցայտուն երևաց, որ ԲՀԿ-ի հզորությունը զգալիորեն պայմանավորված էր նրա՝ իշխանության մաս լինելով:
Բայց Ազատության հրապարակ լցնելը դեռևս չի նշանակում՝ վերցնել հրապարակը՝ բառի ընդգրկուն և հայաստանյան չափանիշներին համապատասխան լինելու իմաստով:
Խոսքը հանրահավաքի ընթացքում հնչած տեքստերի, դրանց բովանդակության մասին է, որոնք, մեղմ ասած, հեռու են իսկական ընդդիմությանը բնորոշ հռետորաբանությունից ու սրությունից: Իհա՛րկե, որոշ ԲՀԿ-ականներ անխնա կերպով քննադատեցին իշխանություններին, կառավարությանը, իշխող համակարգին, բայց բոլոր այդ քննադատությունները հնչում էին ընդհանրական անվանումներով, առանց որևէ հասցեականության:
Ավելի կոնկրետ՝ նախագահ Սերժ Սարգսյանի անունն այդպես էլ չհնչեց ԲՀԿ-ական հռետորների շուրթերից. անգամ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով ԲՀԿ-ականների ելույթների վերջին շրջանի գլխավոր պերսոնաժն էր, գրեթե «բացակայում էր Ազատության հրապարակից»:
Պատկերն ավելի ամբողջական դարձրեց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, ով ելույթ ունեցավ իրեն բնորոշ՝ «ժովուրդ ջան» ոճով, մի քանի ընդհանուր բառ ասաց վատ երևույթների մասին, կոչ արեց քվեարկել ԲՀԿ-ի համար, սակայն այդպես էլ որևէ կոնկրետ հայտարարություն, կոնկրետ անուն չհնչեցրեց Հայաստանում իշխող համակարգի, նրա ղեկավարների վերաբերյալ: Այսինքն՝ քաղաքական շրջանակներում ու մամուլում տևական ժամանակ քննարկվող թեզը, որ Գագիկ Ծառուկյանը չի կարող ընդդիմադիր լինել, վերջինս հիմնավորեց նաև այսօրվա իր ելույթով՝ լայն իմաստով Սերժ Սարգսյանին ներկայացնելով երաշխիքներ առ այն, որ ԲՀԿ-ից իշխանությանը վտանգ չի սպառնում:
Այնպես որ, ԲՀԿ-ն այսօր իրականացրեց երկու գործառույթ՝ լցրեց Ազատության հրապարակը՝ ցույց տալով, որ ամենաշատ մարդ հավաքող ուժն է, երկրորդը՝ ցույց տվեց, որ կարելի է լցնել հրապարակը և իշխանությունների համար լինել ավելի անվտանգ, քան անգամ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Գուցե որոշ ընդդիմադիր ուժերի համար այսօր տոնական օր էր այն առումով, որ իրականացավ ԲՀԿ-ն՝ որպես ոչ իշխանական ուժերի առանցք, նրանց երազանքը: Բայց դրանով հերթական անգամ, գուցե վերջնականապես հաստատվեց, որ այսօր Հայաստանում ինչպես՝ իշխանության մեջ, այնպես էլ՝ ընդդիմադիր դաշտում կա մի որոշիչ գործոն՝ փողը: Եթե դա լավ է, ուրեմն ոմանք կարող են արձանագրել, որ ԲՀԿ-ն կարևոր քայլ արեց բուրժուադեմոկրատական հեղափոխության գործում: