Սիլիկոնե Երևան. կամ Վոլոչկովայի կուրծքը՝ ընտրությունների կողմնորոշիչ գործոն
Ռուսական բալետի պարուհի Անաստասիա Վոլոչկովան երևի չէր էլ պատկերացնի, որ Հայաստանի մայրաքաղաք Երևանի քաղաքապետի ընտրություններում ինքը և, մասնավորապես, իր կուրծքը կարող են դառնալ առանցքային քննարկման թեմաներից մեկը: Այնքան, որ ծրագրային հարցերի մասին որոշ քաղաքական ուժեր և դրանց համակիրներ ավելի քիչ են խոսելու, քան իր մասին:
Իրականում ինչպե՞ս էր տեղի ունեցել Երևանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի և Վոլոչկովայի «ճակատագրական» հանդիպումը: Վոլոչկովայի համերգը Երևանում կազմակերպել էր «FORPOSTART» ընկերությունը: Շփացած ռուսազգի պարուհին սովոր է, երբ այն բոլոր քաղաքներում, որտեղ հանդես է գալիս՝ հանդիպում է տեղի ղեկավարության հետ և անձամբ հրավիրում իր համերգին: Երևան հասնելուն պես՝ նա խնդրում է իրեն փոխանցել Երևանի քաղաքապետի հեռախոսահամարները և անձամբ հանդիպում է խնդրում Տարոն Մարգարյանի հետ: Դե, ի՞նչ աներ Տարոն Մարգարյանը, հո չէ՞ր մերժի կնոջը:
Սկանդալային պարուհու համբավ ունեցող Վոլոչկովան, որ ժամանակ առ ժամանակ երկրպագուներին ուրախացնում է իր մարմնի բաց լուսանկարներով, Twitter-ում լուսանկարներ է տեղադրում իր և Տարոն Մարգարյանի հանդիպումից: Նկարին կից գրության մեջ պարուհին քաղաքապետին պարզապես «Տարոն» է ներկայացնում: Ռուսական НТВ հեռուստաընկերության կայքն անմիջապես անդրադառնում է այդ հանդիպմանը՝ գրելով, որ այս անգամ Վոլոչկովայի «զոհն» է դարձել պարկեշտ և հարգելի մարդ՝ Հայաստանի մայրաքաղաքի քաղաքապետը:
Runet-ը և հատկապես Twitter-ն ակտիվորեն սկսում են քննարկել պարուհու և Տարոն Մարգարյանի հանդիպումը: НТВ-ի թուիթը գրում է. «Վոլոչկովայի կուրծքն ապշեցրել է Երևանի քաղաքապետին»: Ապա թե՝ «Այդ հանդիպումը, սակայն, հիշվել է ոչ նրանով, ինչի մասին Վոլոչկովան ու Մարգարյանը զրուցել էին քաղաքապետի նստավայրում. այդ ժամանակ նրանք քննարկել էին Վոլոչկովայի նախօրեի բարեգործական համերգը՝ «Անաստասիան՝ Հայաստանի երեխաներին» խորագրով»:
Կայքը նաև գրում է, որ Վոլոչկովան Մարգարյանի հետ հանդիպման էր գնացել բաց սև-արծաթագույն զգեստով, որը զարդարված էր իր՝ այդքան սիրելի ժանյակներով: Ըստ НТВ-ի՝ «պարուհու զգեստի լանջաբացվածքն այնքան խորն է եղել, որ գրեթե երևակայության տեղ չի թողել: Նաստյայի կուրծքը… բառի բուն իմաստով դուրս էր գալիս շորի միջից, որի տակից նույնիսկ կրծկալի առկայության ակնարկ չկար»: Twitter-ի օգտատերերն Անաստասիային խորհուրդ էին տվել՝ զգույշ լինել «թեժ հայ տղաներից»:
Տարոն Մարգարյանը, չմերժելով ռուս պարուհու՝ իր հետ հանդիպման խնդրանքը, փաստորեն, հայտնվեց «զոհի» կարգավիճակում: Նաստյան, որ հայտնի է իր մերկ-կիսամերկ սկանդալային լուսանկարներով, իրեն բնորոշ ձևով, PR-վեց, ինչպես ասում են, բայց ահա Տարոն Մարգարյանի համար այն դարձավ իսկական գլխացավանք: Այն էլ՝ առաջիկա ընտրությունների ֆոնի վրա: Վոլոչկովան սովորական պարուհի է, և գիտի՝ ցանկացած սկանդալային պատմություն՝ միայն իր օգտին է աշխատում, և իր հաղթաթուղթն՝ իր մարմինն է և կուրծքը, թեկուզ՝ սիլիկոնային:
Արդեն քանի ամիս է՝ մամուլը և համացանցը ողողված են Տարոն Մարգարյանին Վոլոչկովայի հետ հանդիպման կապակցությամբ դատապարտող նյութերով: Իհարկե, պատճառն այն էր, որ քաղաքապետարանի լրատվական ծառայությունը «արջի ծառայություն» մատուցելով շեֆին՝ շարքային, սկանդալային պարուհու հետ հանդիպումը ներկայացրեց որպես դարակազմիկ հանդիպում աշխարահահռչակ մասշտաբի արտիստի հետ՝ նրա երևանյան ելույթը «խցկելով» «Էրեբունի – Երևան 2794» տոնակատարության տրամաբանության շրջանակում:
Վերադառնանք քննադատություններին: Այդ թեման այսօր Տարոն Մարգարյանի մրցակիցների կողմից ավելի է քննարկվում, քան ծրագրային, բովանդակային, երևանցուն հուզող բուն խնդիրները: Տարոն Մարգարյանն էլ Վոլոչկովայի հետ կապված քննադատություններին ուղիղ պատասխանելու փոխարեն, թե՝ ի՞նչ է պատահել, կին էր, հանդիպում խնդրեց՝ հանդիպեցի, խորացել է՝ հիշեցնելով ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի «փայլուն» խորհուրդը իրեն, թե` Տարոն, ներվերդ պինդ պահիր, քննադատողների մի մասը քեզ է նախանձում, մյուս մասն էլ` Վոլոչկովային:
Փաստորեն, Տարոն Մարգարյանն այնքան լուրջ է ընդունել իր և Վոլոչկովայի հանդիպումը, որ որևէ մեկն էլ իրենց այդ կապակցությամբ պետք է խանդի: Ինչպես ասում են՝ լրիվ կինոյի տղու տեղն ա իրեն դրել… Թերևս լուրջ էր ընդունել դեռևս քաոզարշավի կեսին սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի այն վարկածը, թե Տարոն Մարգարյանին սիրում են հայ կանայք: «Իր հանգիստ, մի քիչ հմայիչ խոսելն ու մազերը, որ թափած է, նա երևում է իր տարիքից մի քիչ մեծ և դա գրավում է: Դե կանայք ընտրում են սրտով, չէ՞»,- ասել էր Ադիբեկյանը: Տարոն Մարգարյանի «հանգիստ, հմայիչ խոսելը», որ տեսնող ու լսող մինչ օրս չեղավ՝ դեռ մի կողմ, բա թափված մազերի մասին լիրիկա՞ն որ հայ կնոջը կստիպի ձայն տալ: Կամ տղամարդու ճաղատության, մազաթափության և դեպի սիրտ տանող ճանապարհները որտե՞ղ են հատվում:
Առհասարակ, լավ կլիներ, Տարոն Մարգարյանն ու նրա քարոզիչները այնքան լուրջ լինեին, որ պատասխանեին ոչ թե Վոլոչկովայի հետ կապված անլուրջ քննադատություններին, այլ Երևանի խնդիրներին և, մասնավորապես, իր գործունեությանն առնչվող մեղադրանքներին: Օրինակ՝ քաղաքի բյուջեն հնարավորություն տալի՞ս է 350 մլն դրամ ծախսել մի քանի շենքերի տոնածառի փուչիկների համար, այն դեպքում, երբ Երևանում բազմաթիվ շենքեր կան, որոնց բնակիչներն ահուսարսափով ամեն օր սպասում են, թե ե՞րբ են դրանք փուլ գալու իրենց գլխին, և այլն, և այլն: Նման խնդիրների լուծման համար, որպես կանոն, Երևանի նախկին ու ներկա քաղաքապետերը պատասխանում են՝ բյուջեն այդ հնարավորությունները չի տալիս:
Երևանի բյուջեն հնարավորություն է տալիս, սակայն, 843.000 դոլար մսխել ամանորյա տոնածառային խնջուլիկների, անճաշակ զարդարանքների, պլաստմասսե գազաններ տեղադրելու համար…
Ընդ որում, Երևանի բյուջեից ամեն տարի նման «զարդարանքների» վրա փողեր են դուրս գրվում… (ի դեպ, Երևանի ամանորյա պճնանքը շատ նման էր Վոլոչկովայի պճնանքին. սա՝ իմիջայլոց):
Բայց շոուն ավելի հետաքրքիր դարձավ, երբ «Առավոտը» Տարոն Մարգարյանին Վոլոչկովայի հետ կապված քննադատողներից մեկից` «Բարև, Երևան» դաշինքի քաղաքապետի թեկնածու Արմեն Մարտիրոսյանից, հետաքրքրվեց, թե ինքը նրանցից ո՞ւմ է նախանձում` Տարոն Մարգարյանի՞ն, թե՞ Վոլոչկովային:
Արմեն Մարտիրոսյանն էլ լուրջ-լուրջ պատասխանել է. «Ես Տարոն Մարգարյանին, բնականաբար, չեմ կարող նախանձել, որովհետև ես, կներեք, բայց սիլիկոնե կրծքերի սիրահար չեմ: Ինչ վերաբերում է Վոլոչկովային նախանձելուն, դժվար թե ես Վոլոչկովային նախանձողների շարքում գտնվեմ: Ես կարծում եմ՝ Հայաստանում բազմաթիվ են աստղերը և մշակութային գործիչները, որոնք տոնական միջոցառումների ժամանակ կարող են ներկայացնել և՛ մեր մշակույթը, և՛ էստրադային ժանրի ոլորտը: Այնպես որ` չեմ կարծում, որ այդ կարգի «աստղերի» կարիք կա բերել Հայաստան»: Ասենք, առնվազն կարող էր թերթել մամուլի էջերն ու իր համար պարզել, թե ո՞վ է իրականում Վոլոչկովային բերել Հայաստան:
Ինչ վերաբերում է Վոլոչկովայի սիլիկոնե կրծքի և հայ ու ռուս շոու-բիզնեսի մասին դատողություններին, ինչպես ասում են՝ ճաշակի հարց է, բայց դրանք ի՞նչ կապ ունեն Երևանի ավագանու ընտրությունների հետ: Երևանցուն ի՞նչ, թե քաղաքապետի թեկնածուներից ով՝ ինչպիսի կուրծք է նախընտրում՝ իսկակա՞ն, թե՞ սիլիկոնե, հայկակա՞ն, թե՞ ռուսական ծագման:
Եթե նկատել եք, Երևանի ավագանու այս ընտրությունների քարոզարշավի ընթացքում թեկնածուները Վոլոչկովայի թեման ավելի կարևորեցին, քան ծրագրային որևէ խնդիր, քան երևանցուն իրապես հուզող որևէ հարց: Ու հիմա, եթե երևանցին փորձի եղած թեկնածուների միջև ընտրություն կատարել, պետք է ուղղորդվի Վոլոչկովայի, նրա կրծքի հանդեպ թեկնածուների ունեցած վերաբերմունքով և սեփական ճաշակով: Որովհետև նրանց միջև եղած տարբերությունը Վոլոչկովային սիրել-չսիրելն է: Մնացածը՝ երկրորդական հարցեր են, քարոզարշավ է, ընդունված է ասել՝ ասում են: