Freedom House-ն առաջընթաց է գրանցել Հայաստանում մամուլի ազատության հարցում
Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը երեկ հրապարակել է 2012 թվականին աշխարհում մամուլի ազատության մասին իր զեկույցը: Դրանում ընդգրկվել է 197 երկիր և տարածք:
Նրանցից 63-ում (32 տոկոս) մամուլի վիճակը գնահատվել է որպես ազատ, 70-ում (36 տոկոս)՝ մասամբ ազատ, 64-ում՝ (32 տոկոս)՝ անազատ: 2011 թվականին այդ ցուցանիշները կազմել են համապատասխանաբար 66 ազատ երկիր, 72 մասամբ ազատ երկիր և 59 անազատ երկիր:
Զեկույցում Հայաստանը նախորդ տարվա նման դասվել է անազատ երկրների թվում՝ թեև նշված է, որ Հայաստանում (նախընտրական շրջանում) դրական փոփոխություններ են արձանագրվել մամուլի ազատության հարցում: Դա հանգեցրել է նրան, որ այս անգամ Հայաստանը ստացել է 61միավոր՝ նախորդ տարվա 65 միավորի փոխարեն: Զեկույցում Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունները որակվել են առավել հավասարակշռված՝ համեմատած նախորդ ընտրությունների հետ:
Բացի այդ, ընդդիմադիր կուսակցություններն առավել լայնորեն են օգտվել օնլայն-ԶԼՄ-ներից: Նախորդ տարիների ընտրությունների համեմատ՝ 2012 թվականի ընտրությունների ժամանակ նվազել է լրագրողների նկատմամբ բռնություններ ու հալածանքներ կիրառելը: Կտրուկ նվազել է նաև զրպարտությունների պատճառով լրագրողների դեմ ներկայացվող բողոքների քանակը:
Առաջընթաց է ունեցել նաև Վրաստանը՝ նախորդ 52 միավորի փոխարեն այս անգամ ստանալով 49 միավոր: Ադրբեջանը հետընթաց է ապրել երկու կետով և ստացել է 82 միավոր: Դրա պատճառն այն է, որ Ադրբեջանում ավելացել են լրագրողների ու իրավապաշտպանների հանդեպ գործադրվող բռնությունները, օրենսդրական ուղղումներ են կատարվել՝ տեղեկատվության մատչելիությունը սահմանափակելու համար:
Թուրքիան ճանաչվել է մասնակի ազատ երկիր՝ 56 միավոր: