«Մեկ միլիոնանոց երթը» տեղի չի ունենա

«Մեկ միլիոնանոց երթ» անվանումով  ակցիան մայիսի1-ին տեղի չի ունենա, փոխարենը ժամը 15:00-ին Հանրապետության  հրապարակում կհավաքվեն նրանք, ովքեր կարծում են, որ այլևս այսպես ապրել չի կարելի:  Հանդիպմանը կհաջորդի՞ երթ, թե՞ ոչ, դա կորոշվի տեղում: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց «Մեկ միլիոնանոց երթի» գաղափարի հեղինակ, կինոռեժիսոր Արշակ Զաքարյանը:

«Քաղաքացիներն իրենց նախաձեռնությամբ որոշել են վաղը հավաքվել: Արդեն մի քանի քաղաքական շարժումներ` «Սարդարապատը», «Նախախորհրդարանը», «Հայազն» կուսակցությունը և այլն, երեկ են միացել:

Դա շատ ողջունելի է, քանի որ առաջին անգամ ժողովրդի շարժմանը միանում են քաղաքացիական շարժումներ»,- ասաց Արշակ Զաքարյանը:

Նա պնդում է, որ ինքը ոչ թե հանդիպման կամ երթի նախաձեռնողն է կամ առաջնորդը, այլ ընդամենը հայտարարություն տարածողը:

Կարդացեք նաև

«Սա ժողովրդի, քաղաքացիների, որևէ կուսակցության չպատկանող քաղաքացիների նախաձեռնություն է եղել, որին միանում են արդեն կազմակերպված շարժումները»,- նշեց Արշակ Զաքարյանը:

Հիշեցնենք, որ Արշակ Զաքարյանը «Ֆեյսբուք» սոցիական ցանցի միջոցով հայտարարություն էր տարածել` ապրիլի 8-ին` Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողության նախօրեին, կազմակերպել մեկ միլիոնաոց երթ:

Ըստ Արշակ Զաքարյանի` իրենք հրաժարվեցին այդ օրվա ակցիայից, քանի որ նախաձեռնությունը քննադատության արժանացավ «Ժառանգութուն» կուսակցության կողմից:

Մարտի 27-ին հրավիրված մամուլի ասուլիսում Արշակ Զաքարյանը հայտարարեց, որ երթը կկայանա մայիսի 1-ին:

«Մայիսի 1-ին ամբողջ ժողովուրդը, ովքեր իրոք մտածում են, որ այլևս  այսպես ապրել չի կարելի, դուրս կգա փողոց՝ հայտնելու  իր դժգոհությունը»,- ասել էր Արշակ Զաքարյանը:

Հայտարարության հեղինակից հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ «Մեկ միլիոնանոց երթը» դարձավ սովորական բողոքի ակցիա: «Ես առաջարկել էի քաղաքական ուժերին միավորվել, ծրագիր ներկայացնել, որովհետև առանց  ծրագիր մարդկանց հանել փողոցն անհարգալից վերաբերմունք կլինի, իսկ քանի որ չհավաքվեցին, ես դրա համար չեղյալ համարեցի երթը»,- հայտարարեց Արշակ Զաքարյանը` պնդելով, որ վաղվա հանդիպմանն ինքն ընդամենը մասնակցի կարգավիչակ ունի:

Նա նշեց , որ դեմ է այն սկզբունքին, երբ ամեն ինչ առաջնորդներն են որոշում,  և եթե անգամ ժողովուրդըորոշի իրեն առաջնորդ հռչակել, դարձյալ կսխալվի:

168.am-ը հետաքրքրվեց, թե արդյոք  ժողովուրդը կարո՞ղ է հավատալ մի մարդու կոչին, ով, ըստ մամուլի, ունի հանցավոր անցյալ: Նշենք, որ «Ժամանակ» օրաթերթը վերջերս հրապարակել էր տեղեկատվություն, որ Արշակ Զաքարյանը «վարձու սպանության համար յոթ տարի է անցկացրել ամերիկյան բանտերում»:

Այն, որ ինքն ազատազրկված է եղել ԱՄՆ-ում, Արշակ Զաքարյանը հաստատեց, սակայն պնդեց, որ այլ է եղել ազատազրկման վայրում անցկացնելու պատճառը:

«Դա երկար պատմություն է, քաղաքական հայացքների,  քաղաքական գործունեություն և շատ բաների համար  եղել»,- ասաց Արշակ Զաքարյանը:

Մեև այն դիտարկմանը, թե ստացվում է` ԱՄՆ-ում քաղբանտարկյալ եք եղել,  Արշակ Զաքարյանը պատասխանեց. «Քաղբանտարկյալ Ամերիկայի Միացյալ Նահանգներում, ինչպես նաև ամբողջ աշխարհում ասում են, չկա: Բայց ինձ հետապնդել են, իմ ընտանիքը ռեպրեսիաների է ենթարկվել կոնկրետ գործողությունների համար: Դա երկար պատմություն է, երկու բառով չեմ կարող ասել»:

Նրա խոսքով՝ եթե ինքը նույնիսկ սպանության փորձ կատարած լիներ, ապա ցմահ բանտարկված կլիներ:  Չհերքելով  հանդերձ իր անցյալի որոշ դրվագներ` «Մեկ միլիոնանոց երթի» գաղափարակիրը չի հասկանում, թե ի՞նչ կապ ունի դա ներկայիս շարժման հետ:

«Ես քաղաքացիներից մեկն եմ, ես կարող եմ լինել հենց այդ մարդասպանը, ես առաջնորդ  չեմ , մարդկանց չեմ տանում ինչ-որ տեղ: Իմ ինչ լինելն ընդհանրապես պետք է նշանակություն չունենա: Բա հիմա որ վաղը 5000 հոգի հավաքվի, էդ 5000 հոգու անցյալն ի՞նչ են անելու»,- տարակուսեց  քաղաքացիական ակտիվիստը:

Տեսանյութեր

Լրահոս