Իշխանության կախարդական փայտիկն ընտրացուցակներն են
Հարցազրույց «Թրանսփարենսի ինտերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի փոխտնօրեն Սոնա Այվազյանի հետ
– Մայիսի 5-ի Երևանի ավագանու ընտրությունների նախաշեմին ընտրակաշառքի բաժանման վերաբերյալ կարծես թե ավելի քիչ հրապարակային ահազանգեր են ստացվում, քան նախորդ ընտրությունների դեպքում: Արդյո՞ք իսկապես նվազման միտում կա, թե՞ ավելի քողարկված է դա արվում:
– Գիտենք, տեղյակ ենք, որ կան նման ահազանգեր, բայց դժվար է ասել` նվազե՞լ է, թե՞ չի նվազել, պարզապես ավելի կազմակերպված է դա արվում: Օրինակ, 2013թ.-ի նախագահական ընտրություններին, ոչ թե այսպես` աջուձախ, բաժանում էին բոլորին, այլ բաժանվում էին թիրախ խմբերին կամ կաշառում էին հանձնաժողովի անդամներին և վստահված անձանց: Կաշառք տալն էլ այսօր ռիսկային է դարձել, քանի որ նախագահական ընտրություններին կաշառք բաժանողները «քաշվեցին»: Այդ պատճառով իրենք արդեն ոչ թե հրաժարվել են դրանից, այլ ավելի կազմակերպված են գործում: Իսկ դեպքերի նվազման մասին դժվար է խոսելը, մինչև իրավապահ համակարգը չգործի և չպատժի այդ դեպքերը, մինչև մարդիկ անվախ կերպով չգնան և չհայտնեն այդ մասին:
– Շատ է խոսվում այն մասին, որ, նախորդ ընտրությունների համեմատ, այժմ իշխանությունները փորձում են հիմնական շեշտը չդնել բռնությունների և ուժի կիրառման վրա, լինում են անգամ դեպքեր, երբ արտաքուստ աղաղակող ընտրախախտումներ չեն լինում, սակայն քվեարկության արդյունքները, միևնույն է, վստահություն չեն ներշնչում: Ո՞րն է իշխանությունների անտեսանելի, կախարդական փայտիկը:
– Նախ` պետք է անդրադառնամ վստահված անձանց և հանձնաժողովի անդամների խնդրին: Մեր խորին համոզմամբ, նրանց մեծ մասը կամ կաշառված է լինում, կամ վախեցած: Հույս ունեմ, որ Երևանի ավագանու ընտրություններում իրենք այլ կերպ կդրսևորեն իրենց, բայց գոնե 2012թ. խորհրդարանական և 2013թ. նախագահական ընտրությունների ժամանակ նրանք ակնհայտորեն կատարել են ընդհանուր գծված սցենարը:
Ճիշտ է, հանձնաժողովի կազմում գտնվում են տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ, սակայն մեզ հայտնի չեն դեպքեր, երբ նրանք են կռիվ տվել, որպեսզի չլինեն խախտումներ: Փոքր համայնքներում բոլորն ինչ-որ հեղինակությունների կամ գյուղապետերի ազդեցության տակ են կամ պարզապես կաշառվել են: Մենք լսել ենք, որ բավական մեծ գումարներ են վճարել հանձնաժողովի անդամներին, առավել ևս` նախագահներին: Ինչ վերաբերում է կախարդական փայտիկին, մեր իշխանությունների կախարդական փայտիկն ընտրացուցակներն են:
Դա արդեն ակնհայտ է և բացահայտված, և, եթե իշխանությունները պատրաստվում են շարունակել կեղծիքները, պետք է մեթոդների մասին մտածեն: Ընտրացուցակների հետ կապված բարդություններից մեկն էլ այն է, որ ըստ օրենսդրության, ընտրողների ցանկում ներառվում են նաև այն մարդիկ, որոնք տարիներ առաջ մեկնել են Հայաստանից, բայց հաշվառումից դուրս չեն եկել: Դա միգուցե սխալ չէ, իրենք քաղաքացի են, ունեն այդ իրավունքը, կարող են վերադառնալ Հայաստան և պետք է նույն իրավունքներով օժտված լինեն, բայց դա առաջացնում է մեծ շեղում, այսինքն` տպավորություն է առաջանում, որ Հայաստանում տարիների ընթացքում արտագաղթն ավելանում է, մարդկանց քանակը պակասում է, սակայն ընտրողների թիվն ավելանում է:
Մենք չենք կարող ճշտել, թե քանի փաստացի ընտրող կա, և ինչքան էլ Ոստիկանությունը թափանցիկ աշխատի` ցուցակներ ճշտի, հնարավոր չէ ասել, թե այդ բացականերից ում անունն օգտագործվեց կեղծիքների համար, իսկ որ կեղծիքների համար օգտագործվում են, դա ակնհայտ է: Ընտրացուցակների կեղծումն ամենահեշտ միջոցն է իշխանությունների համար, իրենց ընդամենը պետք է իմանալ, թե ովքեր են բացակայում:
– 2013թ. ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանը ևս խոսում էր ընտրացուցակների ուռճացման մասին և պնդում էր, որ հնարավոր է երկրից հեռացածների թիվը ճշտել` ընդամենը շենքի լիազորների կամ համայնքապետերի միջոցով: Դա աշխատո՞ղ մեթոդ է:
– Ցուցակները նախապես ճշտելու մեթոդն, իհարկե, կարելի է կիրառել, բայց դա չի կարող երաշխավորել ցուցակների չարաշահումը: Միակ մեթոդը, ընդ որում, ամենահեշտն ու ամենաէժանը, ցուցակների հրապարակումն է ընտրություններից հետո:
Յուրաքանչյուրը կարող գնալ տեսնել, թե արդյո՞ք իր հարազատի փոխարեն որևէ մեկը չի ստորագրել: Այդ կերպ կվերականգնի ընտրությունների նկատմամբ վստահությունը, և ընտրվողը կունենա լեգիտիմություն: Դա առաջին հերթին` պետք է բխի իշխանության շահերից, իրենք պետք է շահագրգռված լինեն ցույց տալու, որ իրենք իսկապես ընտրվել են: Այդ առաջարկությունը բազմից հնչել է ինչպես պատգամավորների, այնպես էլ` մեր կողմից, սակայն առաջարկը չանցավ: Դրանով իշխանություններն ապացուցեցին, որ իրենք ընտրված չեն:
– «Թրանսփարենսի ինթերնեյշնլը»` մայիսի 5-ի Երևանու ընտրություններին ընդառաջ, դիտորդական առաքելություն իրականացնելու առաջարկ-հայտարարություն էր տարածել: Կարելի՞ է ասել, որ դիտորդական առաքելությունն այս անգամ աննախադեպ է լինելու:
– Այս աշխատանքը մենք նախաձեռնեցինք չորս հասարակական կազմակերպություններով` «Թրանսփարենսի ինթերնեյշնլը», Գյումրիի «Ասպարեզ» լրագրողների ակումբը, «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը» և «Իրավունքի Եվրոպա» միավորումը: Մենք կոչ արեցինք նաև սփյուռքահայերին միանալ: Այս պահին դժվարանում եմ դիտորդների թիվն ասել, քանի որ դա կախված է քննությունների արդյունքներից, բայց 200-ից ավելի դիմումներ եղել են: Սա աննախադեպ է առաջին հերթին` կազմակերպությունների միավորման և սփյուռքի ներգրավվածության առումով:
– Ինչո՞վ են առանձնանում Երևանի ավագանու այս ընտրությունները:
– Այս ընտրությունները հետաքրքիր կարող են լինել բազմաթիվ քաղաքական ուժերի մասնակցության առումով: Շատ մեծ հույս ունենք, որ բոլորի շահագրգռվածությունը` Երևանի ավագանիում տեղ գրավելու առումով, կստիպի, որ նրանց հանձնաժողովների անդամները, վստահված անձինք, իսկապես գործեն նրանց կողմից, քանի որ վերջին խորհրդարանական և նախագահական ընտրությունների ժամանակ, ներկայացված լինելով ՀԱԿ-ի, «Ժառանգության», Դաշնակցության, ԲՀԿ-ի կողմից, իրենք փաստացի պաշտպանում էին Սերժ Սարգսյանին կամ ՀՀԿ-ին:
– Ընտրությունների ընդհանուր ընթացքի դրական տեղաշարժի նախադրյալներ կա՞ն:
– Այն, որ ընտրացուցակները չարաշահվելու են, չեմ կասկածում դրանում. քանի որ դա իրենց հիմնական գործիքն է: Քանի որ կա լուրջ պայքար, չի բացառվում նաև բռնությունների կիրառումը որոշ տեղերում, գոնե այն տեղերում, որտեղ կան փողոցային հեղինակություններ` ինչպես, օրինակ, ԱԺ պատգամավորներ Սամվել Ալեքսանյանը կամ Մհեր Սեդրակյանը, ովքեր համապատասխան մեթոդներով են իշխում իրենց համայնքի վրա: Չի բացառվում, որ իրենք փորձեն կիրառել բռնություններ, ինչը եղել է նախկինում: Այդ մարդկանց վրա դրված է պլան` այդքան տոկոս ապահովել, և տրված է գործողությունների ազատություն: Մենք դա չենք կարող բացառել, ես չեմ ուզում կանխավ ասել, որ դա անպայման կլինի, մենք միայն ուրախ կլինենք, որ դա տեղի չունենա, բայց չեմ էլ կարող բացառել:
«168 ԺԱՄ»