Նոր պատվաստում երեխաների համար
Ապրիլի 22-ից Հայաստանում մեկնարկել է իմունականխարգելման եվրոպական շաբաթը: Այս առիթով 168.am-ը ՀՀ առողջապահության նախարարության Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ անելիքներ ունի Հայաստանն այս ոլորտում: Վերջինս նշեց, որ Հայաստանում պատվաստումների ընդգրկվածությունը շատ բարձր է՝ այլ երկրների համեմատ:
«Մեր երեխաների գերազանց մեծամասնությունը պատվաստվում է, ինչի արդյունքում մեզ մոտ համաճարակային իրավիճակը հանգիստ է: Անհատի մակարդակում մենք ունենք ժամանակին, օրացույցին համապատասխան պատվաստումների խնդիր: Շատ ծնողներ ինքնակամորեն հետաձգում են պատվաստման ժամանակը, այսինքն՝ այսպես ասած, խուսափում են պատվաստման տանել հստակ ժամանակին: Մտածում են՝ երեխան մի փոքր էլ մեծանա, մի փոքր էլ ավելացնի իր քաշը: Սա այդքան էլ մեծ խնդիր չէ, սակայն մեր հիմնական նպատակն է՝ պատվաստումներն անել օրացուցային ժամկետներում, որպեսզի երեխաների հնարավոր հիվանդացությունը կարողանանք կանխել»,- ասաց նա:
Ավելի վաղ 168.am-ի հետ զրույցում Գայանե Սահակյանը հայտնել էր, որ հնարավոր է՝ Հայաստանում ներդրվի պատվաստում պնևմոկոկային վարակների դեմ https://168.am/2013/01/14/164313.html: Վերջինիս խոսքով՝ այժմ արդեն հաստատվել է պատվաստանյութի ներդրումը. «Դեռևս անորոշ է ժամանակը: Այն, որ 2013-ին պատվաստումը կներդրվի, հաստատ է, բայց այն կներդրվի տարվա վերջին թե սեպտեմբեր ամսից, դեռ անորոշ է»: Այս պատվաստումը կատարվում է ներարկման ձևով, եռաչափ սկզբունքով՝ 1.5, 3, 4.5 ամսականում են կատարվում պատվաստումները: «Ընտրվել է այս սխեման, որովհետև երեխաներն այդ ժամանակ ավելի խոցելի են: Մորից ստացած հակամարմիններով պաշտպանված է մինչև 6 ամսականը, բայց աստիճանաբար այդ հակամարմինների մակարդակն ընկնում է, երեխան խոցելի է դառնում պնևմոկոկային վարակների նկատմամբ: Ի դեպ, ասեմ, որ սուր շնչառական վիրուսային հիվանդությունների սեզոնային բարդացումների ժամանակ, որպես երկրորդային բարդություն, միանում է պնևմոկոկոյին վարակը: Եթե երեխան պաշտպանված լինի պնևմոկոկային վարակից, միանշանակ հեշտությամբ կտանի նաև սուր շնչառական վիրուսային վարակը»:
ՀՀ առողջապահության նախարարության Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար խոսքով՝ նշված պատվաստանյութն աշխարհի գրեթե բոլոր զարգացած երկրներում էլ կիրառվում է. «Կա 25 տարվա արդյունավետ փորձ, բայց մեր ուսումնասիրությունները դեռ շարունակվում են»: