Բաժիններ՝

Մինչև 5 տարեկան երեխաների համար կարող է ներդրվել նոր պատվաստանյութ

Հայաստանում կարող է ներդրվել նոր պատվաստում պնևմոկոկային հիվանդությունների դեմ: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը: Վերջինիս հաղորդմամբ` ներդնելու դեպքում պատվաստվելու են մինչև 5 տարեկան երեխաները. պնևմոկոկային վարակները շատ լուրջ խնդիրներ առաջացնում են հենց այս տարիքի երեխաների շրջանում:

Գայանե Սահակյանի խոսքով` բանակցություններ արդեն վարվել են «Պատվաստումների և պատվաստանյութերի գլոբալ դաշինքի»  (ԳԱՎԻ) հետ. միջազգային այս կազմակերպությունն աջակցում է   երկրներին նոր պատվաստումներ ներդնելիս:

«Արևմտյան Եվրոպայի, ամերիկյան մայրցամաքի բոլոր զարգացած երկրներում շատ վաղուց  իրականացվում են պնևմոկոկային հիվանդությունների դեմ պատվաստումներ: Այս երկրներում պատվաստման միջոցով լուրջ հաջողությունների են հասել պմևմոկոկային վարակների դեմ պայքարի գործում: Մինչև 5 տարեկան երեխաների շրջանում այնտեղ շատ քիչ է թոքաբորբերի, մենինգիտների թիվը:

Այսինքն՝ սա իրոք շատ լուրջ, բավական արդյունավետ պատվաստանյութ է: Մենք էլ ենք մտածում այդ ուղղությամբ, քանի որ Հայաստանը միայն մեկ շանս, մեկ հնարավորություն ունի ԳԱՎԻ-ից օգտվելու, քանի որ 2010 թվականից հետո այլևս այդ աջակցությունից չենք օգտվելու, որպես չակերտավոր  հարուստ երկիր` դուրս ենք եկել օժանդակության ցանկից: Վերջին հնարավորությունն ունենք: Դիմել ենք ԳԱՎԻ-ին, հաստատումը ստացել ենք, բայց դեռ մտածում ենք»,- ասաց Գայանե Սահակյանը:

Կարդացեք նաև

Ըստ Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավարի` դեռ մտածում են՝ ներդնե՞լ պատվաստումը, թե՞ ոչ, քանի որ չկան համաճարակաբանական տվյալներ`որքանո՞վ են պնևմոկոկային վարակները տարածված:  «Երբ 2009-ին ներդրվում էր ԱԿԴՓ/ՎՀԲ/ՀԻԲ-ն (դիֆթերիա, փայտացում, կապույտ հազ, հեպատիտ Բ, հեմոֆիլուս ինֆլուենզա Բ տիպի), մենք կրկին չունեինք համաճարակաբանական տվյալներ: Հիմք ընդունեցինք մեր հարևան երկրների և միջազգային փորձը և ներդրեցինք այդ պատվաստումը: Այսօր կարող ենք ասել, որ մենք սխալ բան չենք արել:

Մեր հոսպիտալացումները բավական նվազել են: Բուժաշխատողները մեզ հիմնականում մեղադրում էին, որ առանց համաճարակաբանական վիճակագրական տվյալների`ներդրել ենք նոր պատվաստանյութ: Դա հաշվի առնելով`2012-ի նոյեմբերից հսկողություն ենք իրականացնում: Ուզում ենք գոնե մեկ տարվա վիճակագրություն ունենալ, որ հետագայում պատվաստանյութի արդյունավետության մասին ավելի լիարժեք խոսենք: Սա է պատճառը, որ մենք հետաձգում ենք: Հնարավոր է`2013-ին չներդնենք, ներդնենք 2014-ին»,- ասաց Գայանե Սահակյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս