Լևոն Անանյան. Ես այլևս ձայն չունեմ, ձայնս տվել եմ Տարոն Մարգարյանին
Մայիսի 5-ի Երևանի ավագանու ընտրություններին Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանն «ակտիվ» մասնակցություն չունի. համամասնական ցուցակում ընդգրկվելու առաջարկ որևէ կուսակցության կողմից չի արվել, քարոզարշավին մասնակցելու հրավեր էլ դեռ չունի, սակայն, եթե Հայաստանի հանրապետական կուսակցությունն առաջարկի ներկա լինել քարոզարշավին, չի հրաժարվի, ավելին՝ կասի, որ պետք է ընտրել Տարոն Մարգարյանին:
«Ես առանց որևէ քծնանքի կոմպլեքսի, ասում եմ՝ ուղիղ գնում եմ ձայնս տալու մի մարդու, ում գործերը ես տեսել եմ»,- մեզ հետ զրույցում ասաց Լևոն Անանյանը: Ինչ վերաբերում է ՀՀԿ-ի համամասնական ցուցակում ընդգրկվելու հնարավորությանը, Լևոն Անանյանն սկզբունքորեն դեմ չէր լինի, պարզապես շատ է զբաղված Գրողների միության գործերով: Այդ գործերում, ինչպես պարզեցինք պարոն Անանյանի հետ զրույցում, Տարոն Մարգարյանը մեծ ներդրում է ունեցել, կարելի է նույնիսկ ասել՝ բոլոր քաղաքապետերից ամենասրտացավը մշակույթի նկատմամբ հենց Տարոն Մարգարյանն է եղել:
«Ես կարող եմ հիմա թվարկել բազմաթիվ բաներ, որ արվել է վերջին տարիներին: Հիմա ես սրանք մոռանամ, գնամ՝ հասնեմ 1990-ական թվականներ, երբ շատ բան կարող էր արվել, բայց չէր արվում, երբ «Գարուն» ամսագրի խմբագիրն էի, թուղթ էլ չէինք ճարում»,- անցյալը վերհիշեց Լևոն Անանյանը:
Նա չմոռացավ վերհիշել Տարոն Մարգարյանի հոր՝ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ներդրումը, ում ջանքերով, ըստ Լևոն Անանյանի, Գրողների միության փլատակ դարձած շենքի շինարարությունն է իրականացվել: Գրողների միության նախագահը պատմեց, որ 2001-ից պայքարել է, որ ԳՄ-ն իր գրախանութն ունենա, սակայն դա իրականություն դարձավ Տարոն Մարգարյանի օգնությամբ. նախորդ բոլոր քաղաքապետերը, որոնց հետ, Լևոն Անանյանի խոսքերով, լավ հարաբերություններ է ունեցել, խոստացել են, բայց խնդիրը չեն լուծել: Լևոն Անանյանը պատմեց, որ Տարոն Մարգարյանի աջակցությամբ է նաև պոեզիայի փառատոն կազմակերպվել, ինչն իրեն չէր հաջողվում անել վեց տարի, բացի այդ, պոեզիայի պուրակ հիմնեցին Գրողների միության շենքի տարածքում և այլ բազմաթիվ գործեր:
ՀԳՄ նախագահից հետաքրքրվեցինք՝ Տարոն Մարգարյանը սիրո՞ւմ է պոեզիա կամ առհասարակ ընթերացասե՞ր անձնավորություն է: Լևոն Անանյանն անկեղծորեն նշեց, որ ժամանակ և առիթ չի ունեցել գրական թեմաներով զրուցել ներկայիս քաղաքապետի հետ, այդուհանդերձ, նշեց. «Անդրանիկ Մարգարյանի որդին անհնար է, որ գրագետ չլինի»: Գրողների միության նախագահից հետաքրքրվեցինք նաև՝ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող մյուս ուժերին ծանոթանալուց հետո՞ է իր որոշումը հօգուտ Տարոն Մարգարյանի կայացրել, թե՞ ամեն ինչ ի սկզբանե պարզ էր:
Լևոն Անանյանն ասաց, որ ուզած-չուզած, ծանոթացել է մյուս կուսակցությունների ծրագրերին, քանի որ նախընտրական բուկլետներն իրենց տուն են բերել: Դրանք Լևոն Անանյանը կարդացել է անկողնում և կարծում է, որ վատ քնաբեր միջոց չէ: «Քնելուց առաջ եմ կարդում և լավ էլ քնարական եմ քնում, որովհետև ֆանտաստիկայի մի աշխարհ եմ ընկնում, լավ էլ վարդագույն երազներ եմ տեսնում»,- ասաց Լևոն Անանյանը: Մեր հարցին ի պատասխան, թե նման երազներ չի՞ տեսել՝ ՀՀԿ-ի ծրագիրը կարդալիս, Լևոն Անանյանը հակադարձեց.«Ես ՀՀԿ-ի ծրագիրը կարդալու խնդիրը չեմ տեսնում, ես ծանոթ եմ ծրագրին»: Հայաստանի գրողների միության նախագահը չցանկացավ նաև խորանալ այն հարցի մեջ, թե ինչպես են առաջացել Տարոն Մարգարյանի հայտարարագրված եկամուտները:
«Ես այդ մարդկանցից չեմ, որ դնեմ ուրիշի փողերը հաշվեմ: Եթե էդպես սկսե՞մ` էնքան միլիոնատերեր կան: Ես մտածում եմ` որ գոնե մի շերտ կա, որ բարեկեցիկ է ապրում, մտածում եմ, որ 100 աղքատ ունենք, դառնա 110-ը, հո դրանից լավ չե՞մ զգալու ինձ»,- նշեց Գրողների միության նախագահը:
Հ.Գ. Մեր զրույցի վերջում Լևոն Անանյանը կատակեց, թե ինքն այլևս ձայն չունի, քանի որ ձայնն արդեն տվել է Տարոն Մարգարյանին: