NOKIA. Ֆիննական բիզնես-հրաշք
Բրենդի պատմություն
1865 թ. մայիսի 12-ին ֆինն լեռնային ինժեներ Ֆրեդերիկ Իդեստամը Նոկիա գետի ափին փայտե նյութերի մշակման համար ֆաբրիկայի կառուցման թույլտվություն ստացավ: Հենց այդ օրվանից էլ հիմք դրվեց «Nokia Corporation»-ի պատմությանը: Ժամանակի ընթացքում «Nokia» կոմբինատը ներգրավեց մեծ թվով աշխատողներ, դրա համար էլ շուտով շրջակայքում սկսեց ձևավորվել Նոկիա քաղաքը: Ձեռնարկությունը դուրս եկավ ազգային մասշտաբներից, և Նոկիայի թուղթը սկսեց արտահանվել Ռուսաստան, Անգլիա, Ֆրանսիա և Չինաստան:
Մի քանի տարի անց ռետինե ապրանքների արտադրությամբ զբաղվող «Finnish Rubber Works» և մալուխ արտադրող «Finnish Cable Works» ընկերությունները սկսեցին էլեկտրաէներգիա գնել «Նոկիայից» (վերջինս գտնվում էր գետի ափին ու, միևնույն ժամանակ, զբաղվում էր նաև էլեկտրաէներգիայի արտադրությամբ): 1920թ. «Nokia Corporation»-ը միավորվեց այս երկու ընկերությունների հետ` ստեղծելով «Nokia Group»-ը: Թեև ընկերությունը կորցրեց իր կորպորատիվ ինքնիշխանությունը, սակայն հենց դիվերսիֆիկացիան էր, որ ֆիրմային հնարավորություն տվեց գոյատևել տնտեսական ծանր փուլերում. երբ տնտեսության մի ճյուղը վատ վիճակում էր, «Nokia»-ն շարունակում էր զարգանալ մյուս ճյուղերի ձեռնարկությունների հաշվին:
Nokia-ն և բջջային կապը
Դեռ 1960-ականներին «Finnish Cable Works»-ի նախագահ Բյորն Վեստերլունդը հիմնում է էլեկտրոնիկայի բաժինը, որը զբաղվում էր կիսահաղորդիչների ուսումնասիրությամբ: 1963 թ. մշակվեց առաջին ռադիոհեռախոսը: Տարիներ անց Ֆինլանդիայի օրենսդրությունը թույլատրեց ավտոմեքենաներում բջջային հեռախոսների տեղադրումը և դրանց միացումն ընդհանուր կապին: Քանի որ 1980-ականներին «Nokia»-ի հիմնական ռազմավարությունը բոլոր ուղղություններով արագ զարգացումն էր, օրենսդրության ընձեռած այս հնարավորությունն ընկերությունը բաց չթողեց: Արդյունքը սպասել չտվեց. 1981թ. «Nokia»-ի բջջային կապը տարածվեց ողջ Ֆինլանդիայում և Շվեդիայում, հետագայում` նաև Եվրոպայի սահմաններից դուրս: 1987թ., երբ բոլոր բջջային հեռախոսները մեծ էին ու ծանր, «Nokia»-ն ստեղծեց առաջին թեթև հեռախոսը, ինչը ֆիրմային հնարավորություն տվեց գրավել շուկայի զգալի մասը:
Եվրոպական շուկաների գրավմանը զուգահեռ` առաջացավ բջջային կապի միասնական թվային ստանդարտի (հետագայում` GSM) ստեղծման անհրաժեշտությունը: 1990թ. «Nokia»-ի բջջային հեռախոսների բաժինը սկսեց ղեկավարել դրսից հրավիրված Յորմա Օլիլան: Արդեն 1991թ. հուլիսի 1-ին Ֆինլանդիայի վարչապետի կողմից կատարվեց GSM կապով առաջին զանգը` Nokia հեռախոսի միջոցով: Դրանից մեկ տարի անց Օլիլան նշանակվեց ընկերության գլխավոր տնօրեն (այսօր նա «Nokia»-ի տնօրենների խորհրդի նախագահն է):
1996-ից սկսած` հեռահաղորդակցության ոլորտը դարձավ «Nokia»-ի գործունեության հիմնական ուղղությունը: Դա ռիսկային քայլ էր Օլիլայի կողմից, քանզի նա 1992թ. որոշում ընդունեց կրճատել ընկերության մյուս արտադրությունները և սևեռվել գիտական ու արտադրողական նորամուծությունների վրա:
Հաջողության գաղտնիքները
Դեռ 19-րդ դարում ստեղծված այս ընկերությունը կարողացավ զարգանալ նրա շնորհիվ, որ աշխատում էր տնտեսության տարբեր ճյուղերի վրա: Սակայն, երբ պահը եկավ, ու շուկայի պահանջարկը զգացվեց, ընկերությունը չվախեցավ նորամուծություններից և իր գործունեությունն ուղղորդեց դեպի հեռահաղորդակցության և նորարարությունների ոլորտ: Սկզբում «Nokia»-ի արտադրանքը թողարկվում էր բջջային կապի օպերատորների ապրանքանիշով, սակայն հետագայում ընկերությունը որոշեց լուծել սեփական բրենդի հարցը: Այսօր «Nokia»-ն աշխարհում ամենաճանաչված բրենդների շարքում է:
«Nokia»-ի գլխավոր դիզայներ Ֆրենկ Նուովոն, որի խմբում աշխատում է 100-ից ավելի դիզայներ, գտնում է, որ բջջային հեռախոսների հաջողությունը պայմանավորված է ոչ միայն տեխնոլոգիական նորամուծություններով, այլև` արտաքին տեսքով և նորաձևության պահանջներին հետևելով: Այսօր «Nokia»-ն դիզայնի առումով համագործակցում է համաշխարհային մեկ այլ հսկայի` Kenzo նորաձևության տան հետ:
Յորմա Օլիլա
Թեև «Nokia»-ի հաջողությունները սկսվել էին մինչ Օլիլայի՝ ղեկավար դառնալն, այնուամենայնիվ, այս անձնավորությունը ամենամեծ ներդրումն ունի ընկերության հաջողության գործում: Այսօր ոչ ոք չի վիճում, որ «Nokia»-ն բիզնես-հրաշք է: Օլիլան ընկերությունում սահմանել է աշխատանքային ոչ ավանդական մեխանիզմ` առանձին բաժանմունքների ազատության և ֆինանսական խիստ կարգապահության համադրություն: Այսինքն, յուրաքանչյուր ստորաբաժանում ազատ կարող է դիմել նորամուծությունների, սակայն երբ վերջիններս ֆինանսական հաջողություն չեն խոստանում, ապա կյանքի չեն կոչվում:
Օլիլան համարվում է մարդ-հանելուկ: Ասում են` նա չի ձգտում իր կյանքն ի ցույց դնել: Նա խոսում է միայն տեխնոլոգիաների, մենեջմենթի և իր ընկերության հեռանկարների մասին: Սիրում է թենիս խաղալ, բայց նույնիսկ կորտերում խուսափում է հաղորդակցվել «խաղի սահմաններից դուրս»: «Nokia»-ի ղեկավարը չի վիճում մարդկանց հետ: Նա հակված չէ իր աշխատակիցներին ազատել աշխատանքից, նույնիսկ, եթե նրանք կոպիտ սխալներ են թույլ տալիս: Անձնակազմի նկատմամբ իր նման քաղաքականությունն Օլիլան հետևյալ կերպ է բացատրում. «Միասին անհաջողությունների և պարտությունների միջով դեպի հաղթանակ գնացած մարդիկ պետք է շարունակեն միասնական ուժերով աշխատել»: Երևի սրանով էլ կարելի է բացատրել այն, որ հենց ինքը` Օլիլան, 20 տարի հաջողությամբ ղեկավարել է աշխարհի խոշորագույն ընկերություններից մեկը: