Բաժիններ՝

Հակասություն բանդայի գործով վկայի ցուցմունքներում

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր  շարունակվեց բանդայի գործով դատական նիստը: Նախագահող դատավոր Մխիթար Պապոյանը նիստի սկզբում ասաց, որ գործով մեղադրյալ Քյարամ Ամոյանի բժշկական հետազոտությունները կիրականացվեն ապրիլի 30-ին:

Դատական նիստի ընթացքում հարցաքննվեց գործով վկա Զարուհի Հովնանյանը: Վերջինս կազմակերպված խմբի՝ բանդայի մահացած անդամի՝ Գուրգեն Հայրապետյանի նախկին կինն է (Գուրգեն Հայրապետյանը մահացել է վնասազերծման ժամանակ): Վկան ասաց, որ ամբաստանյալներից ոչ մեկին չի ճանաչում: Դատարանում վկան հայտնեց, որ իր նախկին ամուսին Գուրգեն Հայրապետյանի՝ ազատազրկման վայրից դուրս գալուց հետո ինքը նրան երկու անգամ է տեսել: Մի անգամ վերջինս իրեն հրելով նստեցրել է ավտոմեքենան, զոռով տարել է Պտղնիում գտնվող մի ամառանոց. ցանկացել է վերականգնել իրենց հարաբերությունները: Վկա Զարուհի Հովնանյանի խոսքով՝ իրենք այդ ամառանոց գնացել են ավտոմեքենայով, սակայն չի հիշում՝ ո՞վ էր վարում մեքենան:  Ամառանոցում վկան այգեգործական գործիքներ և պահարաններ է տեսել:

Զարուհի Հովնանյանն ասաց, որ այդ ամառանոցում եղել է ևս մեկ անգամ իր եղբոր երեխաների հետ: Վկայի խոսքով՝ քանի որ նախկին ամուսինն անընդհատ անհանգստացրել է, ինքը որոշել է գնալ, բացատրել նախկին ամուսնուն, որ իրենց մեջ ոչինչ չի կարող լինել:

Գործով մեղադրյալ Արտուշ Հակոբյանի պաշտպան Հովիկ Արսենյանը, գտնելով, որ հակասություններ են առկա վկայի նախաքննական և դատաքննական ցուցմունքներում, հրապարակեց նախաքննական ցուցմունքներից մեկի մի մասը, որտեղ վկան տվել էր կոնկրետ անուններ: «Իմ ներկայությամբ նա շատ քիչ էր խոսում հեռախոսով: Հիմնականում միշտ առանձնանում էր, սակայն նրա խոսակցությունների ժամանակ, բացի Դավիթի անունից, լսել եմ, որ նա հեռախոսով խոսելիս նույն անձի հետ դիմել է նրան Արտուշ-Էղո անուններով:  Իմ հարցին, թե ո՞ւմ հետ է խոսում, պատասխանել է, որ իմ ընկեր-ախպերն ա. իրար հետ գործեր ենք անում, մնացածը քեզ չի վերաբերում: Այդ խոսակցությունը, իմ հիշելով, եղել է սույն թվականի հուլիս ամսին, օրը ստույգ չեմ հիշում»,- նշված է վկա Հովնանյանի նախաքննական ցուցմունքներում: Հովիկ Արսենյանի հարցին՝ ինչպե՞ս է վկան հասկացել, որ իր ամուսինը նույն անձի հետ է խոսել և նրան դիմել Արտուշ և Էղո անուններով, վկան պատասխանեց, որ վստահ չէ, ինքն այդ ժամանակ այնքան լարված է եղել, որ ոչինչ չի հիշում: Վկայի խոսքով՝ ինքը չի հիշել՝ նախկին ամուսինը հեռախոսով խոսելիս ինչ անուններ է տվել, սակայն քննիչն իրեն մի քանի անգամ հարցրել է՝ հնարավո՞ր է, որ այդ մարդու անունը Արտուշ է եղել, ինքն էլ այդ անունն էր գրել՝ «մի վայրկյան շուտ այնտեղից դուրս գալու համար»: Դատարանում վկան հայտնեց, որ ինքն իր ամուսնուց նման պատասխան չի ստացել, որ իրեն թելադրել են այդ անունները:

Կարդացեք նաև

Վկա Զարուհի Հովնանյանի հարցաքննությունն ավարտվեց: Քանի որ գործով այլ վկաներ դատարան չէին ներկայացել, դատական նիստը հետաձգվեց և նշանակվեց ապրիլի 29-ին:

ՕՖԵԼՅԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս