«Սարդարապատն» ու «Նախախորհրդարանը» կմիանա՞ն «Նոր Հայաստանին»

«Սարդարապատ» շարժման և «Նախախորհրդարան» նախաձեռնության տեսակետը Րաֆֆի Հովհաննիսյանի նախաձեռնած «Նոր Հայաստան» քաղաքացիական շարժման վերաբերյալ հստակ կլինի առաջիկա օրերին: Այս մասին 168.am-ին ասաց  կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը, ով ներկայացնում  է վերոնշյալ  երկու քաղաքացիական շարժումները:

«Մենք մասնակցում ենք գործընթացին, բայց եթե շարժումը վերադառնալու է վարչախմբի կողմից թելադրված կանոններով  այդ կեղծ տարբերակին, մենք չենք մասնակցում: Մենք քննարկում ենք և ուզում ենք հասկանալ՝ «Նոր Հայաստանը» կամ որևէ այլ պլատֆորմ համակարգի ներսո՞ւմ է պատրաստվում պայքարել: Եթե ներսում է, մենք դրան չենք մասնակցում: Համակարգի դեմը մեր սկզբունքն է»,- ասաց Տիգրան Խզմալյանը: Նա նշեց, որ մինչև տեսակետ հայտնելը պետք է հանդիպեն իրենց համակիրների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ  ինչպես՝ Երևանում, այնպես էլ՝ մարզերում: Տ. Խզմալյանը տեղեկացրեց, որ այսօր էլ  «Նախախորհրդարանն»  արտագնա նիստ է անցկացրել Շիրակի մարզում:

Իրենց ներկայացուցիչը՝ Իրինա Ղափլանյանը, ով «Նախախորհրդարանի»  անդամ է, երեկ ներկա է եղել Րաֆֆի Հովհաննիսյանի նախաձեռնած միջոցառմանը, և, քանի որ այդ հարցում «Սարդարապատը»  և «Նախախորհրդարանը»  նույն տեսակետն ունեն, կարելի է համարել, որ «Սարդարապատը» երեկ ևս մասնակցել է «Նոր Հայաստանի» մեկնարկի միջոցառմանը: Տիգրան Խզմալյանն ասաց նաև, որ մայիսի 9-ին Ազատության հրապարակում հանրահավաք են հրավիրելու, որի ընթացքում էլ կհնչեն «Սարդարապատի»  և «Նախախորհրդարանի» մոտեցումները պայքարի վերաբերյալ:

Մեր այն հարցին, թե արդյո՞ք Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ստեղծելով  «Նոր Հայաստանի» նախաձեռնությունը, չի գնում 2008-ի ընդդիմության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի ճանապարհով, ով ստեղծեց  Հայ ազգային կոնգրես դաշինքը, Տիգրան Խզմալյանը պատասխանեց, թե Րաֆֆի Հովհաննիսյանը երկու ամսվա մեջ արեց այն, ինչ Լևոն Տեր-Պետրոսյանը երկու տարում փորձեց անել: «Տարբերություն, իհարկե, կա, և տարբերությունն այն է, որ հասարակությունն այսօր քաղաքականապես ավելի հասուն է, քան հինգ տարի առաջ, և այլևս կոչերի ու առաջնորդների կարիք չունի»,- նշեց «Սարդարապատի»  և «Նախախորհրդարանի» ներկայացուցիչը: Այն հարցին, թե արդյո՞ք քաղաքացիական շարժում անվանումն արդեն իսկ ընդունելի չէ իր՝ քաղաքացիական հասարակության կողմնակցի համար, Տիգրան Խզմալյանը պատասխանեց, թե մենք արդեն անցել ենք այն փուլը, երբ քաղաքացիական շարժումները, մտնելով քաղաքականության մեջ, դառնում են քաղաքական շարժումներ: «Հիմա այդ քաղաքացիական շարժումներն իրենց վրա են վերցրել  քաղաքական գործընթացների շարժիչ ուժը: Դժվար է ասել՝ «Նոր Հայաստանը»  քաղաքացիակա՞ն, թե՞ քաղաքական շարժում է»,- ասաց Տիգրան Խզմալյանը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս