
Աշխարհի երկու խոշորագույն ընկերությունները չինական են

Forbes-ի կողմից հրապարակվող 2000 խոշորագույն ընկերությունների վարկանիշային աղյուսակը (Forbes Global 2000) գլխավորում են չինաստանյան երկու ընկերություններ՝ Industrial & Commercial Bank of China (ICBC) բանկը և China Construction Bank բանկը։
Երրորդ հորիզոնականում կրկին բանկ է, սակայն ոչ չինաստանյան. ամերիկյան JPMorganChase-ը։
Նշենք, որ խոշորագույն ընկերություններին Forbes-ը գնահատում է 4 չափանիշների հիման վրա՝ վաճառքի ծավալներ, շահույթ, ակտիվներ և շուկայական արժեք։
Առաջին տասնյակում տեղ են գտել ևս երկու չինական ընկերություններ՝ Agricultural Bank of China բանկը և նավթագազային PetroChina ընկերությունը։
Առաջին տասնյակում ամերիկյան ընկերությունները ևս չորսն են։ Բացի JPMorganChase-ից, ցանկում տեղ են գտել General Electric հոլդինգը, նավթային ExxonMobil-ը և Ուորեն Բաֆեթին պատկանող Berkshire Hathaway ներդրումային ընկերությունը։
Բրիտանական HSBC Holdings ֆինանսական խումբը Forbes-ի ցանկում 6-րդն է, իսկ անգլո-հոլանդական Royal Dutch Shell նավթային ընկերությունը՝ 7-րդը։
Ռուսաստանյան ընկերություններից ցանկում ամենաբարձր հորիզոնականը զբաղեցնում է «Գազպրոմը», որը երկու հորիզանականով նահանջել է և 17-րդն է։