Հովհաննես Իգիթյան. Րաֆֆի Հովհաննիսյանը տարել է հայավարի արշավ
«Անի Պլազա» հյուրանոցում ընթացող քաղաքացիական համաժողովի ժամանակ ելույթ ունեցավ նախկին ՀՀՇ անդամ Հովհաննես Իգիթյանը: Իր ներկայությունը համաժողովին Հ. Իգիթյանը այսպես բացատրեց. «Ես ներկայացնում եմ ինքս ինձ, ու նաև իմ նման մտածող մարդկանց, որոնք, բարեբախտաբար, մեծամասնություն են Հայաստանում: Ես ժողովրդի մասն եմ կազմում»:
Նա նշեց, որ շատերը Րաֆֆի Հովհաննիսյանին հաճախ ասում են, թե ինչ պետք է անի, ինչ չարեց, ինչը սխալ արեց: «Րաֆֆի Հովհաննիսյանն իր քայլերն արդեն արել է, երբ առաջադրվել է նախագահական ընտրություններում, այն ժամանակ, երբ քաղաքական մյուս ուժերը կասկածում էին՝ ճի՞շտ էր առաջադրվել թե՞ ոչ, տարել է հայավարի արշավ, հաղթել ու անարյուն ձևով իշխանությանը ներկայացրել իր հաղթանակը»,- ասաց նա:
Իսկ մնացած քայլերը, Հ. Իգիթյանի կարծիքով, պետք է անի Սերժ Սարգսյանը:
«Բոլորս հասկանում ենք, որ նստած Բաղրամյան 26-ում, ինքը հասկանում է, որ ևս հինգ տարի Հայաստանը չի դիմանա: Իսկ Հայասատանը դատարկվում է, մարդիկ ասում են՝ այս երկրում ես չեմ ապրելու»:
Նա միաժամանակ ընդգծեց, թե ուրախ է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը «դուռը միշտ բաց է պահում» իշխանության համար և ինքը միանում եմ Րաֆֆի Հովհաննիսյանի քայլերին: